ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արթիկ», «Արմավիր», «Նուբարաշեն», «Սևան» և «Վարդաշեն» ՔԿՀ-ների 8 հոգեբան 2022 թվականի նոյեմբերի 9-11-ը մասնակցել են «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած վերապատրաստման եռօրյա դասընթացին:
Առաջին օրը Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հռիփսիմե Պետրոսյանը մասնակիցներին ներկայացրել է հոգեախտորոշման հմտությունները և ինքնաճանաչման հիմնական չափորոշիչները: Քննարկվել են հոգեբանական աշխատանքի սկզբունքները, մեթոդները, դրանց կիրառման հմտությունները:
Երկրորդ օրվա թեման եղել է «Գենդերազգայուն հոգեբանական աջակցության կազմակերպման առանձնահատկությունները»: Դասընթացը վարել է կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, խմբավար Սիրանուշ Դավթյանը: Անդրադարձ է կատարվել գենդերային բռնության հիմնական ենթատեսակներին, դրսևորման առանձնահատկություններին, ընտանեկան բռնության ենթարկված անձանց հոգեբանական աջակցությանը, բռնություն կիրառող անձանց հոգեբանական վերականգնման առանձնահատկություններին: Մասնակիցներին ցուցադրվել է նաև գենդերային սոցիալականացման մասին ֆիլմ:
Դասընթացի վերջին օրը հոգեբան Կարեն Թորոսյանը ներկայացրել է «Ազատազրկման վայրում գտնվող անձանց հետ տարվող հոգեբանական աշխատանքները» թեման, որի համատեքստում մասնակիցները քննարկել են ազատազրկման վայրերում գտնվող անձանց հետ տարվող հոգեբանական աշխատանքի էթիկական նորմերը, հացադուլների, ինքնավնասումների, ինքնասպանության փորձերի դիմող ազատազրկված անձանց հետ տարվող հոգեբանական աշխատանքների առանձնահատկությունները:
Ծրագիրն իրականացվում է Շվեդական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: