Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության պատվիրարկությունները 2022 թվականի նոյեմբերի 12-15-ը Վրաստանում մասնակցել են «Քրեակատարողական համակարգի բարեփոխումներ» թեմայով աշխատաժողովին, որի նպատակն էր դիտարկել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի վրացական փորձը, բարեփոխումները, հաջողության պատմությունները, մարտահրավերները և հանցավորության կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված գործողությունները:
Հայաստանի պատվիրակության կազմում էին ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ԱՆ Պրոբացիայի և Քրեակատարողական ծառայությունների, երկու երկրների հասարակական կազմակերպությունների և այլ ներկայացուցիչներ:
Պատվիրակության կազմում էր նաև «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը, ով միաժամանակ քրեակատարողական հիմնարկների հասարակական դիտորդների խմբի անդամ է:
Աշխատաժողովի օրակարգը հագեցած էր բանախոսություններով և աշխատանքային այցերով:
Բացման խոսքով հանդես են եկել «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի նախագահ Գայանե Աբրահամյանը, «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի գործադիր տնօրեն Ալեքսանդրա Կալատոզիշվիլին և «Լիբերալ Ակադեմիա Թբիլիսի» հիմնադրամի տնօրեն Լաշա Տուգուշին:
Egeria Solutions-ի համահիմնադիր, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր և Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ (2016-2020 թթ.), Վրաստանի Արդարադատության նախարարի առաջին տեղակալ (2016 թ․) Թամար Խուլորդավան խոսել է քրեակատարողական ծառայության վրացական մոդելի, բարեփոխումների և առաջնահերթությունների ընդհանուր պատկերի մասին: Բանախոսը թեմայի շրջանակներում հանգամանալից ներկայացրել է իրավիճակը բարեփոխումներից առաջ, բարեփոխումներին նպաստող գործոնները և հիմնական մարտահրավերները, անդրադարձ է կատարել փորձաշրջանին, քրեակատարողական հիմնարկներին և անչափահասների արդարադատությանը:
«Կանխարգելում հանուն առաջընթացի» ՀԿ-ի նախագահ, Անչափահասների արդարադատության բարեփոխումների հայեցակարգի հեղինակ Անտոն Քելբակիանին խոսել է Վրաստանում քրեակատարողական համակարգի բարեփոխումների դրական և բացասական կողմերի մասին: Բանախոսությունը ներառում էր հետևյալ թեմաները՝ քրեաիրավական քաղաքականության և քրեակատարողական համակարգի բարեփոխման փոխկապակցումը, անվտանգության համակարգի մարտահրավերները (ստատիկ և դինամիկ անվտանգություն), ենթակառուցվածքները՝ որպես քրեակատարողական համակարգի կառավարման բաղադրիչ, ուսումնական-վերականգնողական գործընթացի կազմակերպում, քրեակատարողական համակարգի անձնակազմի սոցիալական և իրավական պաշտպանության երաշխիքներ, կադրերի վերապատրաստում, դիտորդական մարմինները և դրանց կարևորությունը, անչափահասների հանցավորություն:
Վրաստանի Վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչ Մակա Փերաձեն ներկայացրել է քրեակատարողական համակարգում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ մեխանիզմները, Մարդու իրավունքների ռազմավարության և գործողությունների ծրագրի միջգերատեսչական խորհուրդը:
Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Ազգային կանխարգելման մեխանիզմի ավագ խորհրդատու Թամար Խոխոբաշվիլին ներկայացրել է մարդու իրավունքների վիճակը փակ հաստատություններում, մոնիտորինգի և կանխարգելման մեխանիզմները։
Արդարադատության գերագույն խորհրդի ոչ դատավոր անդամ (2017-2021թթ.) Նազի Ջանեզաշվիլին, ով 2022թ. հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվել է որպես Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, ներկայացրել է պատժից պայմանական վաղաժամ ազատման համակարգը, ազատման գործընթացները, քննության արագացված կարգը և դրանց իրականացման սկզբունքները, վերահսկողական մեխանիզմները, կոռուպցիոն ռիսկերը և կանխարգելման մեխանիզմները։
Պատվիրակության անդամները նոյեմբերի 14-ին այցելել են Հանցագործություների կանխարգելման և կատարման պրոբացիայի ազգային գործակալություն: Պատվիրակությանը դիմավորել են գործակալության փոխտնօրեն Զուրաբ Բուբունաուրին, Կազմակերպական վարչության պետ Էրեկլե Չանթուիան, Հետազոտությունների և ծառայությունների վարչության պետ Իասոն Նաչկեբիան: Վերջիններս պատվիրակության անդամներին ծանոթացրել են Վրաստանի Պրոբացիայի համակարգի աշխատանքին և ձեռքբերումներին, ներկայացրել են գործող «PROBBOX» նորարարական սարքի հնարավորությունները, փոխանցել են տեղեկատվություն էլեկտրոնային մոնիթորինգի իրականացման, դատապարտյալների վերականգնման-վերասոցիալականացման, ինչպես նաև իրավախախտում կատարած և դժվար վարքագիծ դրսևորող անչափահասների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Նոյեմբերի 15-ին պատվիրակության անդամներն այցելել են Դատապարտյալների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման կենտրոն, որտեղ հանդիպել են կենտրոնի տնօրեն Թամթա Դեմուրիշվիլիի և աշխատակիցների հետ: Կենտրոնի տնօրեն Թամթա Դեմուրիշվիլին պատվիրակության անդամներին ծանոթացրել է դատապարտյալների վերականգնողական-վերասոցիալականացման և զբաղվածության ընթացիկ և ապագա ծրագրերը, համապարփակ տեղեկատվություն է տրամադրել տարբեր քրեակատարողական հիմնարկներում իրականացվող կրթական և աշխատանքային ծրագրերի մասին։ Հանդիպմանը քննարկվել են նաև հետագա համագործակցության հեռանկարները։
Աշխատաժողովն ավարտվել է Ռուսթավիի թիվ 16 քրեակատարողական հիմնարկ այցով, որտեղ պատվիրակության անդամները ծանոթացել են հիմնարկի ենթակառուցվածքներին, կրթական կենտրոնին և դատապարտյալների համար իրականացվող վերասոցիալականացման բազմաոլորտ ծրագրերին:
Ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ (NED):