Ամբողջ աշխարհում ազատազրկված անձինք համարվում են ԿՈՎԻԴ-19 նոր կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ խոցելի խումբ, քանի որ քրեակատարողական հիմնարկները, լինելով փակ հաստատություններ, վիրուսի բռնկման և տարածման տեսանկյունից բարձր ռիսկ են ներկայացնում: Այնտեղ վարակի ներթափանցմանը և տարածմանը նպաստում են վերջիններիս սանիտարահիգիենիկ և կենցաղային ոչ բավարար պայմանները, ազատազրկված անձանց թույլ իմունային համակարգը, բժշկական ծառայությունների անմատչելիությունը կամ դրանց տրամադրման հապաղումը, կուտակումները, անձնական տարածքի բացակայությունը կամ սակավությունը, գերբնակեցումը և այլն:
Ազատազրկված անձանց շրջանում վիրուսի նկատմամբ առավել խոցելի են կանայք և աղջիկները: Նրանք քրեական արդարադատության համակարգում արդեն իսկ անբերանպաստ վիճակում են, քանի որ անուշադրության են մատնվում նրանց՝ սեռով/գենդերով պայմանավորված ներհատուկ կարիքները: Դա կապված է այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանները, կանանց փոքրամասնական խումբ լինելը, զոհայնացման կամ սեռական բռնության ենթարկվելու վտանգը, սոցիալ-հոգեբանական, առողջապահական ծառայությունների և խնամքի ու հիգիենայի միջոցների բացակայությունը կամ ոչ բավարար տրամադրումը, արտաքին աշխարհի ու ընտանիքի անդամների հետ կապի խզումը և այլն:
Վիրուսի կանխարգելման նպատակով կիրառված սահմանափակումները, զուգորդվելով նշված գործոնների հետ, առավել անհամաչափ են ազդում կանանց ու աղջիկների վրա՝ հանգեցնելով նրանց կարիքների կրկնակի անտեսմանը: Օրինակ, վիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով ժամանակավորապես արգելվել են տեսակցությունները և հանձնուքների ընդունումը, ինչը անընդունելի էր հատկապես երեխամայրերի համար, քանի որ կարող էր հանգեցնել ընտանիքի ու երեխաների հետ կապի խաթարմանը, դրանով պայմանավորված՝ հոգեկան վիճակի վատթարացմանը: Իսկ հանձնուքների սահմանափակումն անընդունելի էր հատկապես հղի և իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց համար, ովքեր զրկվել են երեխաների համար մանկական սնունդ, դեղամիջոցներ, անձնական հիգիենայի ու խնամքի պարագաներ ստանալու հնարավորությունից:
Տարբեր հետազոտություններ վկայում են, որ համավարակի ժամանակ աճել են ընտանեկան և գենդերային հիմքով բռնության դեպքերը: Այս համատեքստում կրկնակի խոցելի վիճակում կարող են հայտնվել այն կանայք, ովքեր ազատ են արձակվել քրեակատարողական հիմնարկից կամ հաշվառվել են պրոբացիայի ծառայությունում, քանի որ մի կողմից առկա է նախկինում ազատազրկվածի կամ պրոբացիայի շահառուի կարգավիճակ ունենալու հանգամանքով պայմանավորված խտրականության ենթարկվելու, մյուս կողմից՝ բռնության զոհ դառնալու վտանգ: Նշված գործոնները, զուգորդվելով գենդերային-զգայուն վերականգնողական ծրագրերի, կացարանի կամ սոցիալական աջակցության տրամադրման բացակայության հետ, այս խմբի կանանց վիճակն առավել անբարենպաստ են դարձրել:
Ստեղծված իրավիճակում վտանգված է նաև ազատազրկված և պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանանց ու աղջիկների կյանքի և առողջության պաշտպանությունը, քանի որ մարդու իրավունքների խախտման դեպքերը կարող են չզեկուցվել՝ հանրային վերահսկողության սահմանափակման պատճառով։
Հետևաբար, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ, հետազոտություն է իրականացրել, որի շրջանակներում ուսունասիրվել են ազատազրկված և պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանանց ու աղջիկների կարիքները, փաստագրվել նրանց իրավունքների հնարավոր խախտումները համավարակի պայմաններում: Ի դեպ, նշենք, որ Հայաստանում նմանատիպ հետազոտություն դեռևս չի իրականացվել, ինչը նշանակում է, որ հետազոտությունը նշված խմբի կանանց ու աղջիկների խնդիրների և կարիքների ուսումնասիրության առաջին փորձն է համավարակի պայմաններում: