2022թ. դեկտեմբերի 14-ին կայացել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի նոր ռազմավարության հիմնական ուղղությունների հայեցակարգի վերաբերյալ քննարկումը, որին մասնակցել են ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը, ներկայացուցիչներ ՀՀ ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից և հասարակական կազմակերպություններից:
Հանդիպման ընթացքում ռազմավարական ուղղությունների հայեցակարգի մշակման գործընթացում Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի աջակցությամբ ներգրավված միջազգային և ներպետական փորձագետների կողմից ներկայացվել է հայեցակարգը, որի հիմքում դրված է դատապարտյալի՝ անվտանգ և ապահով միջավայրում վերասոցիալականացման և հասարակությունում վերաինտեգրման ելակետային գաղափարը՝ առաջնայնություն տալով ոչ թե պատժի պարզապես կատարմանը, այլ դատապարտյալի վերաինտեգրմանը:
Հայեցակարգի առաջնահերթությունների թվին են դասվում քրեակատարողական հիմնարկներում դինամիկ անվտանգության կոնցեպտի ներդնումը, պատժի կրման՝ ռիսկերի և կարիքների գնահատման պլանավորումը, ծառայողների պատրաստման և ատեստավորման ինստիտուտի ներդնումը, քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների փոխգործակցության արդյունավետության բարձրացումը, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման զեկույցների բովանդակային և կոնցեպտուալ կատարելագործումը, վերասոցիալականացման կենտրոնների թվի ընդլայնումը, շենքային պայմանների բարելավումը և այլն:
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը կարևորել է նոր ռազմավարական ուղղությունների նախանշումը, որոնք հիմնված են ինչպես գործող՝ 2019-2023թթ. ռազմավարության կատարողականի, այնպես էլ միջազգային կազմակերպությունների զեկույցների, միջազգային փորձագիտական կարծիքի, Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան և արտահերթ զեկույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների արձանագրումների և ներհամակարգային գնահատումների վրա:
Հանդիպմանը մասնակցել են նաև «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը և ծրագրի օգնական Էդգար Մանուչարյանը:
Հանդիպումը կազմակերպվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից AISPIRA ծրագրի շրջանակներում: