Skip to content Skip to sidebar Skip to footer

«Պատժից ազատման մեխանիզմները համավարակների ժամանակ». քննարկման ամփոփում

2022 թվականի դեկտեմբերի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Պատժից ազատման մեխանիզմները համավարակների ժամանակ» թեմայով քննարկում, որի բանախոսներն էին «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանը և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը։

Արշակ Գասպարյանը նախ անդրադարձավ համավարակով պայմանավորված բռնությունների աճին։ 2020 թվականից, երբ տեղաշարժը սահմանափակվեց, ընտանեկան բռնությունները սկսեցին աճել։ Այս համատեքստում աշխարհի տարբեր երկրներում քրեական արդարադատության ոլորտի այնպիսի մարմիններ, ինչպիսիք են բանտային համակարգը և պրոբացիայի ծառայությունը, վերանայեցին վերահսկողության մեթոդները, որպեսզի հասկանան, թե ինչպես արձագանքեն ընտանեկան կամ սեռով պայմանավորված բռնություներին։ Նախագծվեցին բազմաթիվ ծրագրեր, որոնք վերաբերում էին ընտանեկան բռնության խնդիրներին։ Պատճառները տարբեր են, սակայն դեռևս առկա չեն դրանց բացահայտմանն ուղղված ազգային հիմքով ուսումնասիրություններ կամ մետաանալիզներ։ Բանախոսի դիտարկմամբ՝ այս առումով ընտանեկան հոգեբանության և սոցիալական հոգեբանության դերը մեծ է՝ հասկանալու համար, թե տեղաշարժի սահմանափակման դեպքում ինչու են մեծանում բռնությունների թվերը կամ դեպքերը։ Նմանատիպ հետազոտություն կատարելը շատ կարևոր է նաև Հայաստանում:

«Շատ հաճախ հասարակությունն արձագանքում է ամենավերջին կետում, երբ մարդուն պատժում են կամ քրեական արդարադատության ուշադրության շղթայում է հայտնվում։ Մինչդեռ կարևոր է սոցիալական մարմինների և քրեական արդարադատության ոլորտի միջև համագործակցությունը, ինչպես նաև համայնքներում սոցիալական աշխատողի ինստիտուտի դերը, որպեսզի հասկանալի լինի, թե համայնքում սոցիալական ինչ խմբեր կան, ինչ տարիքի են, ինչ պայմաններում են ապրում, ինչպես է ստեղծվում ընտանիքը, բռնության շղթան ինչպես է տեղի ունենում։ Ընտանեկան բռնության շրջափուլը կարևոր է նախնական նույնականացումը կատարելու համար, որպեսզի գործը չհասնի քրեական արդարադատության ոլորտ»,-մանրամասնեց փորձագետը։

Անդրադառնալով համավարակով պայմանավորված ազատազրկման ձևով խափանման միջոցներին և պատժատեսակներին՝ նշեց, որ 2020 թվականի մարտի 14-ից միջազգային տարբեր կազմակերպություններ մշակեցին չափանիշներ՝ երկրներին խրախուսելով հնարավորինս նվազեցնել դեպի բանտ մուտքը և հնարավորինս բացել բանտի դռները դեպի հասարակություն հատկապես հետևյալ խմբերի անձանց համար` 50-60 տարեկան և ավելի բարձր տարիքի ունեցող անձինք, քրոնիկ հիվանդություններով անձինք, հատկապես շնչառական համակարգի, կրծքով կերակրող մայրեր, հղի կանայք կամ իրենց մոտ երեխա ունեցող մայրեր։ Հաջորդ կետը վերաբերում էր ազատ արձակմանը՝ այն շեշտադրումով, թե ինչ արարք է կատարել անձը և ինչպես է կրել պատիժը։ Հիմնական մոտեցումն այն էր, որ նվազ վտանգավորություն ունեցող անձանց նկատմամբ պետք է կալանքը որպես խափանման միջոց չընտրել, իսկ եթե պատժի կրման փուլում է, պետք է վերադառնա հասարակություն՝ պրոբացիայի ծառայության և սոցիալական ծառայությունների վերահսկողության ներքո։

Այս համատեքստում փորձագետը ներկայացրեց նաև միջազգային փորձը։ Օրինակ, Դանիան որոշակի ժամանակահատվածով բանտարկյալ չէր ընդունում քրեակատարողական հիմնարկ։ Սկանդինավյան երկրները մինչ օրս պահպանում են բանտարկյալներին հասնող նվազագույն քառակուսի մետրը բանտերում, երբ դրա լիմիտը սպառվում է, բանտեր մարդ չի ընդունվում։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ հանցագործություն է կատարել անձը՝ նա սպասում է իր տեղին, և երբ իրեն հայտնում են, որ իր հերթն է, հայտնվում է բանտում։ Թուրքիան մոտ 40 տոկոսով նվազեցրեց բանտարկյալների թիվը և 125,000 մարդ՝ կալանավորված անձ և դատապարտյալ, ազատ արձակվեց։ Այդ որոշումը կայացվեց նախագահի հրամանով, քանի որ օրենքը թույլ էր տալիս։

Փորձագետը նշեց, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններն իրավական իմաստով կարգավորումներ են ունեցել, սակայն աշխարհի գրեթե բոլոր պետություններում խնդիրներ եղել են, քանի որ մարդկությունը պատրաստ չէր համավարակին։ Այս առումով կարևոր է նաև երկրում իրավական համակարգի վիճակը։ Հայաստանի դեպքում նախկին և գործող քրեակատարողական օրենսգրքերը նախատեսում են մեկ հոդված, ըստ որի՝ արտակարգ իրավիճակների դեպքում բանտերի կառավարման կարգը սահմանում է կառավարությունը։ Մինչդեռ կառավարության որոշումներով կամ ներքին կանոնակարգերով հստակ ձևով ամրագրված լինեն բոլոր գործառույթները։ Գասպարյանի դիտարկմամբ՝ ազատությունից զրկելը կամ անձին ազատ արձակելը մարդու իրավունքների տիրույթում են դիտարկվում, հետևաբար օրենքները պետք է հնարավորություն ընձեռեն քրեակատարողական կամ պրոբացիայի ծառայություններին, վարույթ իրականացնող մարմիններին ինքնուրույն գործել։ Արդարադատության նախարարի կողմից մշակված քաղաքականություն պետք է լինի՝ ուղղված արտակարգ իրավիճակներին արձագանքմանը կամ ֆորս-մաժորային իրավիճակներում որոշումների կայացման ռազմավարություն պետք է լինի։

«Նմանատիպ ճկուն կարգավորումներ պետք է ներպետական օրենսդրությամբ նախատեսվեն, մնացած առանձնահատկությունները պետք է սահմանվեն նախարարի հրամաններով կամ կառավարության որոշումներով, որպեսզի քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունները, քննչական մարմինները, իրավապահ և դատական մարմինները գործառույթները հստակեցվեն և, օրինակ, քրեակատարողական հիմնարկների համար հստակ լինի, թե ինչպես պետք է որոշում կայացնեն։ Կան երկրներ, որտեղ այդ որոշումները հիմնարկների պետերն են կայացնում, քանի որ նրանք ամենալավը գիտեն բանտարկյալներին։ Եվ այն անձինք, ովքեր վտանգավոր չեն հասարակության համար, ազատ են արձակվել կամ կան երկրներ, որտեղ պատժի կրման ավարտին մինչև 18 կամ 3 մնացած անձինք են ազատ արձակվել հիմնարկների պետերի որոշմամբ։ Պետք է փոխվի նաև գնահատման համակարգը, որը կգնահատի անձի վարքի վտանգավորությունը»,-մանրամասնեց բանախոսը։

Աշխարհի մի շարք երկրներում կա մինչդատավճռային զեկույցների գաղափարը, որը նախատեսում է, որը պրոբացիայի  ծառայությունը կամ մեդիտացիայի ինստիտուտը պետք է փորձագիտական կարծիք հայտնեն անձի վտանգավորության վերաբերյալ, ըստ որի վերջնական որոշում կայացնողը՝ դատարանն ազատազրկման վերաբերյալ վճիռ կկայացնի։ Հայաստանում գլխավոր դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ արձանագրվել է, որ կալանավորման՝ որպես խափանման միջոցը շատ է կիրառվում, իրավիճակի գնահատման ցուցիչներ են ընտրվել, որոնք հանրային չեն։ Մինչդեռ հարցն օրակարգային է։ Պետք է դիտարկել, որպեսզի պրոբացիայի ծառայությունը որոշումներ կայացնողներին, տվյալ դեպքում դատարանին կամ դատխազությանը վերջնական դատական ակտը կայացնելուց առաջ խորհրդատական զեկույցի տրամադրի, որի արդյունքում դատարանները կհասկանան անձի հնարավոր վտանգավորությունը։

«Անձ բառը կարևոր է, քանի որ օրենսդրությունը մեծամասամբ արարքակենտրոն է, այսինքն՝ շեշտադրում է, թե ինչ է կատարել անձը, ինչ ծանրության արարք է կատարել։ Դա ևս կարևոր է, անհրաժեշտ դիտարկել մարդուն, վարքի դրսևորումները և փոփոխությունները։ Այդ կարծիքը սովորաբար տրամադրվում է սոցիալական աշխատողների և հոգեբանության ոլորտի մասնագետների կողմից»,-հավելեց Գասպարյանը։

Փորձագետի դիտարկմամբ՝ պետք է հասկանալ քրեական արդարադատության համակարգը երկարաժամկետ կտրվածքով։ Տարբեր կառույցների ռազմավարություններ տարանջատված են, մինչդեռ այդպե չպետք է լինի։ Երբ կառավարությունը հայտարարում է, որ պատժողական քաղաքականությունից անցնում է վերականգնողական արդարադատության, յուրաքանչյուր դատախազ իր կայացրած որոշումներում այն մոտեցմամբ պետք է առաջնորդվի, որ կարևորվում է տուժողի և համայնքի անվտանգությունը։ Այս մոտեցումը պետք է ընկալելի և կիրառելի լինի յուրաքանչյուր քննիչի, դատավորի և դատախազի համար։

«Մենք ոդեգրել ենք խնդրակենտրոն արձագանքը, որ ռեակտիվ մեթոդ է։ Մինչև խնդիրը չի լինում, դրա մասին տեղյակ չենք լինում։ Իսկ ռազմավարությունները, հայեցակարգերը կամ հետազոտությունները գործնականում չեն կիրառվում։ Լուծման մեջ կարիքահեն մոտեցում չի դրսևորվում։ Նույն խնդիրն առկա է նաև քրեական արդարադատության ոլորտում՝ խափանման միջոց կամ ազատազրկման ձևով պատժատեսակներ ընտրելիս։ Օրինակ, կա պատիժը պայմանականորեն չկիրառելու թվերի աճ, մինչդեռ դժվար է ասել, թե ինչով է դա պայմանավորված։ Վերջին տասը տարվա կտրվածքով հանցավորությունը մոտավորապես 10,000-ով աճել է, որոշում կայացնողները, դատավորները, դատախազները նույնն են, որևէ ինստիտուցիոնալ փոփոխություն չի եղել, դատարանին մինչդատավճռային զեկույցներ չեն ներկայացվում, որևէ անձակենտրոն մոտեցում չկա ոչ օրենքի, ոչ օրենք  կիրառողի և ոչ էլ մասնագիտական կառույցների կողմից, բայց 2200 հոգով բավարարվում են բանտերում։ Դա, իհարկե, ուրախալի է, Եվրոպայի խորհրդում օրինակելի թիվ է, սակայն չգիտենք, թե ինչպես ենք հասնում այդ թվին։ Մինչդեռ մեզ համար կարևոր է այդ թվին հասնելու ճանապարհը։ Եվ ամենակարևոր կետը, որին ցանկանում եմ անդրադառնալ, հետազոտությունն է։ Բացառությամբ court.am կայքի, որը դատական իշխանության կայքն է և դատախազության հաղորդումների ու քննչական բյույթի հաղորդումների թվերը տարբեր են, որևէ այլ տեղ չենք կարող տեսնել, թե, օրինակ, պայմանական վաղաժամկետ ազատման կամ կալանավորման վերաբերյալ որոշումները կայացնելիս դատարանը ինչն է հաշվի առել։ Սա պետք է լինի հնարավորինս թափանցիկ datalexs-ում ևս։ Մինչդեռ այս տվյալները բացակայում են, ինչի հետևանքով նվազում է դատական համակարգի նկատմամբ վստահությունը»,-ամփոփեց Արշակ Գասպարյանը։

Քննարկմանը մասնակցում էր նաև Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը:

Անդրադառնալով վերասոցիալականացման ծրագրերին՝ նա նշեց, որ հիմնարկներից դուրս եկած անձինք, հատկապես կանայք, այդ ժամանակահատվածում անտեսվել են։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներգրավման միակ օրենսդրական լծակն այն է, որ պետք է կազմակերպվի պատժի կրման մինչև 6 ամիս մնացած անձանց մասնագիտական ուսուցումը։ Այս մեխանիզմն ինչպես համավարակից առաջ, այնպես էլ հետո չի գործել։ Ն. Հովհաննիսյանը նշեց, որ պատճառները տարբեր են։ Նախ քրեակատարողական հիմնարկների ներսում տարաբնույթ ուսուցման ծրագրեր կազմակերպելու պայմաններ չկան: Ազատ արձակվելուց հետո անձինք չեն ներկայանում միասնական սոցիալական ծառայության գրասենյակներ, քանի որ համայնքում չեն ցանկանում նույնականացվել որպես հանցագործություն կատարած անձ, բնակության վայրն են փոխում կամ հետ են վարժվում աշխատելուց՝ ավելի շատ հակված լինելով ֆինանսական աջակցություն ստանալուն։ Բանախոսի դիտարկմամբ՝ դա նաև ազատազրկման, մասնավորապես՝ քրեական ենթամշակույթի բացասական հետևանքն է։ Նրա խոսքով՝ պատճառներից մեկն էլ քրեակատարողական հիմնարկներից վերադարձած անձանց առողջական վիճակի վատթարացումն է, ինչով պայմանավորված՝ նրանք ի վիճակի չեն լինում աշխատելու:

Ն․ Հովհաննիսյանը նկատեց, որ հիմնարկից դուրս եկած կամ պրոբացիայի ծառայությունում հաշվառված անձանց պետության կողմից աջակցություն չի տրամադրվել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կորոնավիրուստի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացվել, որոնցից նշված խմբի անձինք կարող էին օգտվել ընդհանուր հիմունքներով այնպես, ինչպես Հայաստանի մնացած քաղաքացիները։ Այս խմբի անձանց, հատկապես կանանց խոցելիությունը նկատի չի առնվել, և նրանք չեն դիտարկվել որպես առանձին շահառու խումբ։

Առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով պրոբացիայի ծառայության կին շահառուները լուրջ խնդիրներ են ունեցել, որոնք ազդել են նաև պատժի կատարման վրա։ Օրինակ, տուգանք պատժատեսակի դեպքում նրանք բավականաչափ գումար պետք է աշխատեին նախ պատժի կատարման, ապա՝ կենցաղի ապահովման նպատակով։ Այն աշխատավայրերը, որտեղ աշխատելով անձինք կատարում էին հանրային աշխատանքներ պատժատեսակը, համավարակով պայմանավորված չէին գործում։

Լուծումն այն է եղել, որ վերաբերելի կառույցների միջև բանավոր պայմանավորվածության արդյունքում այդ պատժատեսակի ժամկետը երկարաձգվել է։ Այսինքն՝ տուգանքի կամ հանրային աշխատանքների պատժաչափերը երկարաձգվել են պրոբացիայի ծառայության և դատական համակարգի միջև բանավոր պայմանավորվածության արդյունքում։ Ավելին, օրենքով ամրագրված է, որ տվյալ պատժի ոչ պատշաճ կատարման դեպքում պրոբացիայի ծառայությունը կարող է պատժի խստացման միջնորդություն ներկայացնել։ Դատարանները, անձանց՝ համավարակով պայմանավորված սցիալական վիճակը դիտարկել են որպես մեղմացուցիչ հանգամանք և այդ միջնորդությունները չեն բավարարել։ Մինչդեռ այդ լուծումներն իրավիճակային արձագանք էին, և մինչև օրս այդ ընթացակարգերը որևէ իրավական ակտով փաստաթղթավորված չեն։

Վերջին տարիներին ազատազրկված անձանց թիվը կրկնակի անգամ նվազել է քրեակատարողական հիմնարկներում, հակառակ դեպքում հնարավոր չէր լինի խուսափել վարակի բռնկումից, քանի որ անգամ սոցիալական հեռավորության պահպանումը խնդրահարույց կլիներ։ Հետևաբար իրավիճակային լուծումներին իրավական ամրագրում տալը կարևոր է հետագայի համար, երբ, օրինակ, ազատազրկված անձանց թիվը կավելանա կամ մեկ այլ համավարակ կլինի։  

Անդրադառնալով բուժսպասարկմանը՝ բանախոսը նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում այն տրամադրում է Քրեակատարողական բժշկության կենտրոնը։ Կանանց շրջանում համավարակով պայմանավորված մահվան դեպքեր չեն արձանագրվել, հրապարակային տվյալ կա մեկ դրական դեպքի մասին։

«Քրեակատարողական հիմնարկում հայտնվելը կանանց համար ինչ-որ առումով շահեկան էր, քանի որ բուժսպասարկումն իրականացվում է առողջապահական կազմակերպությունների և կենտրոնի միջև համագործակցության շրջանակներում, ինչը նշանակում է, որ եթե, օրինակ, կա անձին քաղհիվանդանոց տեղափոխելու և նրա բուժումը կազմակերպելու ցուցում, ապա վերջինիս գերծանրաբեռնվածությունը կամ այլ խնդիրները չէին խոչընդոտում»,-նշեց Հովհաննիսյանը։

Ըստ բանախոսի՝ այդ ժամանակահատվածում հիմնարկում լինելը շահեկան էր նաև ՄԻԱՎ-դրական կարգավիճակ ունեցող անձանց համար։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն գնալը և ՀՌՎ բուժման դեղեր ստանալը խնդրահարույց էր տեղաշարժի և աշխատանքի սահմանափակման պատճառով։ Մինչդեռ ազատազրկված անձինք այդ խնդրին չեն առնչվել, քանի որ դեղերի փոխանցումը կատարվել է կենտրոնների միջև փոխհամագործակցության միջոցով։

Ինչ վերաբերում է այն կանանց, ովքեր ազատ են արձակվել, բայց պրոբացիայի ծառայությունում չեն հայտնվել, ապա նրանց վերաբերյալ որևէ տվյալ առկա չէ, քանի որ, Հովհաննիսյանի փոխանցմամբ, ինչպես մինչև համավարակը, այնպես էլ դրա ընթացքում և դրանից հետո այդ անձանց մասին պետությունը որևէ տեղեկատվության չի տիրապետում։ Մինչդեռ նրանց հետ աշխատանքը կարևոր է կրկնահանցագործությունների կանխարգելման տեսանկյունից։ Բազմաթիվ են լինում դեպքերը, երբ անձը, չկարողանալով ինտեգրվել հասարակությանը, հիմնարկը դիտարկում է որպես ապաստարան, և կրկին հանցագործություն կատարելով՝ հետ է վերադառնում այնտեղ, քանի որ իր կեցության հարցը պետությունն այնտեղ կարգավորում է։

Պրոբացիայի շահառուների մասին խոսելիս նշեց, որ առողջապահական ծառայություններից օգտվելը խնդրահարույց էր նրանց համար։ Կար ժամանակահատված, երբ հիվանդանոցները սպասարկում էին միայն կորոնավիրուսով հիվանդներին։ Բացի այդ, նրանք զրկվել էին աշխատանքից և ֆինանսապես ի վիճակի չէին վճարել առողջապահական ծառայությունների դիմաց։

«Ազատազրկված անձանց դեպքում այս խնդիրը չունենք, քանի որ անձինք քրեակատարողական հիմնարկների անմիջական վերահսկողության ներքո են։ Մինչդեռ պրոբացիայի ծառայությունը միջամտության շատ լծակներ չունի, քանի որ անձինք ազատության պայմաններում են և շատ ծառայություններից կարող են օգտվել այնպես, ինչպես մյուս քաղաքացիները։ Մեր դիտարկումն այն է, որ անձանց խոցելիությունը պետք է նկատի առնել, քանի որ այդ խնդիրները հետևանք են ունենում նաև պատժի կրման վրա։ Եթե անձի առողջական վիճակն այնպիսին է, որ նա չի կարող աշխատել, ապա դա նշանակում է, որ նա չի կարող հանրային աշխատանք պատիժը կատարել կամ այնպիսի աշխատանք կատարել, որի միջոցով կկարողանա տուգանքը վճարել։ Դա ազդում է նաև ինտեգրման վրա։ Կապ չունի, որ անձն ազատության մեջ է։ Ինչքան այս խնդիրների պատճառով մեկուսանում է հասարակությունից, այնքան դժվարանում է նրա հետագա կենսագործունեության կազմակերպումը»,-մանրամասնեց կազմակերպության նախագահը։

Եվս մեկ անգամ արձանագրելով, որ օրենսդրական կամ ենթաօրենսդրական մակարդակում ամրագրված չեն համավարակի պայմաններում այլընտրանքային խափանման միջոցների կամ պատժատեսակների կամ ազատման մեխանիզմները՝ Ն․ Հովհաննիսյանը նկատեց, որ կանանց տարբեր խմբերի խոցելիությունը ևս չի դիտարկվել։ Նաև վիճակագրական բազան թույլ է, դա մեծամասամբ կազմվում է կոնկրետ հարցումների դեպքում։ Մինչդեռ մանրամասն վիճակագրություն վարելու դեպքում հնարավոր կլինի տեսնել, թե որ հիվանդություններն են առավել տարածված ազատազրկված անձանց շրջանում։ Ճիշտ է, միջազգային տարբեր ուղեցույցներ որպես խոցելի խումբ առանձնացնում են 50-60 տարեկան անձնանց։ Կազմակերպության հարցումները փաստում են, որ այդ տարիքային խմբի անձանց թիվը քիչ է։ Այս համատեքստում պետք է միջազգային մոտեցումները տեղայնացնել և հասկանալ հիվանդացության մակարդակը ըստ առկա անձանց տարիքային խմբի։ Եթե, օրինակ, 40-50 տարիքի անձանց շրջանում են տարածված խրոնիկ հիվադությունները, ապա որպես համավարակների նկատմամբ խոցելի խումբ այդ անձանց պետք է դիտարկել։

«Այս համատեքստում մեր դիտարկումն այն է, որ կազմակերպությունների առաջարկություններն առավելագույնս ընդունվեն։ Կարելի է ասել, որ կազմակերպությունների հետազոտությունները կարիքահեն են, քանի որ դրանք արվում են ոչ միայն փաստաթղթերի ուսումնասիրության մակարդակում, այլև դաշտային աշխատանքների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա»,-ամփոփեց Նարե Հովհաննիսյանը։  

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի «COVID-19 Համերաշխության ծրագիր 2020-2022» ծրագրի շրջանակում 2022 թվականի սեպտեմբերից իրականացնում է «Ջատագովելով բանտերում և պրոբացիայի ծառայությունում COVID-19 համավարակին գենդերազգայուն արձագանքի մեխանիզմների մշակման և ներդրման կարևորությունը» ծրագիրը, որի նպատակն է շահերի պաշտպանության միջոցով նպաստել բանտերում և պրոբացիայի ծառայությունում COVID-19 համավարակին գենդերազգայուն արձագանքի մեխանիզմների մշակմանը և ներդրմանը:

Ծրագրի արդյունքները հանրայնացնելու և դրանց լայն քննարկումն ապահովելու նպատակով կազմակերպության նախաձեռնությամբ թեմատիկ մամուլի ասուլիս է կազմակերպվել, որը նպաստում է, որպեսզի պատասխանատու պաշտոնյաները դիրքորոշում արտահայտեն բացահայտված հիմնախնդիրների վերաբերյալ և պարտավորություն ստանձնեն դրանց կարգավորման ուղղությամբ:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.