Հարգելի լրագրողներ,
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է լուսաբանելու «Քրեական արդարադատության համակարգում COVID-19 համավարակին հակազդում. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով կոնֆերանսը, որը տեղի կունենա 2023 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 14:00-17:00-ն, «Իբիս» հյուրանոցի «Արարատ» սրահում:
Կոնֆերանսը կմեկնարկվի «Հայացք ներսից» ֆոտոշարքերի ցուցադրությամբ և «Ձեռքդ տո՛ւր, հասարակություն» խորագրով ֆոտոարշավով:
Կոնֆերանսին կմասնակցեն Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսը, Հայաստանում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովան, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, պաշտոնատար անձինք ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունից, քրեակատարողական ծառայությունից, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ՀՀ գլխավոր դատախազությունից, միջազգային, տեղական և հասարակական այլ կառույցներից:
Նպատակն է խթանել միջազգային, պետական և տեղական կառույցների համատեղ ջանքերի ներդրումը քրեական արդարադատության համակարգում COVID-19 համավարակին գենդերազգայուն հակազդման մեխանիզմների ներդրման համատեքստում՝ նպաստելով իրավախախտում կատարած կանանց իրավունքների պաշտպանությանը և նրանց վիճակի բարելավմանը: Մասնավորապես քննարկվելու են հետևյալ թեմաները.
- COVID-19 համավարակի կանխարգելման նպատակով կիրառված սահմանափակումները քրեակատարողական հիմնարկներում և պրոբացիայի ծառայությունում,
- COVID-19 համավարակի ազդեցությունն ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների իրավունքների վրա,
- Այլընտրանքային խափանման միջոցների և պատժատեսակների կիրառման պրակտիկան COVID-19 համավարակի ժամանակ,
- Խափանման միջոցի փոփոխման և պատժից ազատման մեխանիզմները COVID-19 համավարակի ժամանակ:
Նշենք, որ պատժի դատապարտված կանայք քրեական արդարադատության համակարգում արդեն իսկ անբերանպաստ վիճակում են, քանի որ անուշադրության են մատնվում նրանց՝ սեռով/գենդերով պայմանավորված ներհատուկ կարիքները: COVID-19 վիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով բանտերում կիրառված ժամանակավոր սահմանափակումների ժամանակ կանանց ներհատուկ կարիքներն անտեսվել են, ինչը հանգեցրել է նրանց իրավունքների ոչ համաչափ ապահովմանը: Պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանանցից շատերը կորցրել են աշխատանքը՝ հայտնվելով սոցիալ-տնտեսական ծանր կացության մեջ: Դա հանգեցրել է ոչ միայն պատժի կատարման անհնարինությանը, այլև առողջապահական ծառայությունների անմատչելիությանը:
Համավարակի ժամանակ աճել են ընտանեկան և գենդերային հիմքով բռնության դեպքերը: Այս համատեքստում կրկնակի խոցելի վիճակում են հայտնվել այն կանայք, ովքեր ազատ են արձակվել քրեակատարողական հիմնարկներից կամ հաշվառվել են պրոբացիայի ծառայությունում, քանի որ մի կողմից առկա է եղել խտրականության ենթարկվելու, մյուս կողմից՝ բռնության զոհ դառնալու վտանգ: Նշված գործոնները, զուգորդվելով գենդերազգայուն վերասոցիալականացման ծրագրերի, կացարանի կամ սոցիալական աջակցության տրամադրման բացակայության հետ, այս խմբի կանանց վիճակն անբարենպաստ են դարձրել նաև ազատության մեջ:
Կոնֆերանսն իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի և Նիդեռլանդների հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
Կոնտակտային անձ՝ Նարե Հովհաննիսյան
Հեռախոս՝ +374 33 155 300
Էլ.-հասցե՝ [email protected]