2023 թվականի հունվարի 31-ին տեղի ունեցավ «Քրեական արդարադատության համակարգում COVID-19 համավարակին գենդերազգայուն հակազդում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կոնֆերանսը:
Պատժի դատապարտված կանայք քրեական արդարադատության համակարգում արդեն իսկ անբերանպաստ վիճակում են, քանի որ անուշադրության են մատնվում նրանց՝ սեռով պայմանավորված ներհատուկ կարիքները: COVID-19 վիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով բանտերում կիրառված ժամանակավոր սահմանափակումների ժամանակ կանանց ներհատուկ կարիքներն անտեսվել են, ինչը հանգեցրել է նրանց իրավունքների ոչ համաչափ ապահովմանը: Պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանանցից շատերը կորցրել են աշխատանքը՝ հայտնվելով սոցիալ-տնտեսական ծանր կացության մեջ: Դա հանգեցրել է ոչ միայն պատժի կատարման անհնարինությանը, այլև առողջապահական ծառայությունների անմատչելիությանը:
Համավարակի ժամանակ աճել են ընտանեկան և գենդերային հիմքով բռնության դեպքերը: Այս համատեքստում կրկնակի խոցելի վիճակում են հայտնվել այն կանայք, ովքեր ազատ են արձակվել քրեակատարողական հիմնարկներից կամ հաշվառվել են պրոբացիայի ծառայությունում, քանի որ մի կողմից առկա է եղել խտրականության ենթարկվելու, մյուս կողմից՝ բռնության զոհ դառնալու վտանգ: Նշված գործոնները, զուգորդվելով գենդերազգայուն վերասոցիալականացման ծրագրերի, կացարանի կամ սոցիալական աջակցության տրամադրման բացակայության հետ, այս խմբի կանանց վիճակն անբարենպաստ են դարձրել նաև ազատության մեջ:
Կոնֆերանսի նպատակն էր խթանել միջազգային, պետական և տեղական կառույցների համատեղ ջանքերի ներդրումը քրեական արդարադատության համակարգում COVID-19 համավարակին գենդերազգայուն հակազդման մեխանիզմների ներդրման համատեքստում՝ նպաստելով իրավախախտում կատարած կանանց իրավունքների պաշտպանությանը և նրանց վիճակի բարելավմանը:
Մասնավորապես քննարկվել են հետևյալ թեմաները.
- COVID-19 համավարակի կանխարգելման նպատակով կիրառված սահմանափակումները քրեակատարողական հիմնարկներում և պրոբացիայի ծառայությունում,
- COVID-19 համավարակի ազդեցությունն ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների իրավունքների վրա,
- Այլընտրանքային խափանման միջոցների և պատժատեսակների կիրառման պրակտիկան COVID-19 համավարակի ժամանակ,
- Խափանման միջոցի փոփոխման և պատժից ազատման մեխանիզմները COVID-19 համավարակի ժամանակ:
Կոնֆերանսին մասնակցել են Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը, Հայաստանում Չեխիայի Հանրապետության փոխդեսպան Սաբինա Նովակովան, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան Քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և գենդերային հավասարության կցորդ Մարի Լորժուն, ՀՀ արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը, ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Արտակ Առուստամյանը և շտաբի պետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Սարգսյանը, ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը, ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ձոնիկ Մարգարյանը, նույն ՊՈԱԿ-ի Վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը և հանրակրթական ծրագրերի մասնագետ Աննա Պողոսյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, ՀՀ գլխավոր դատախազության Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վահան Հարությունյանը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի ղեկավար Ռոզա Բաբայանը, ՄԱԿ-ի ԱՀԿ հայաստանյան գրասենյակի արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրերի գծով պատասխանատու Լուսինե Պարոնյանը, ներկայացուցիչներ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից, ոլորտային հասարակական կազմակերպություններից, լրատվամիջոցներից և շահագրգիռ այլ կառույցներից:
Գործընկեր կազմակերպություններից կոնֆերանսին մասնակցել են Հայաստանում կանանց հիմնադրամի ծրագրերի համակարգող Սիրան Հովհաննիսյանը և Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի ծրագրերի ղեկավար Մալինի Լաքսմինարայանը (հեռավար ձևաչափով):
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառմանը մասնակցելու հրավելի համար: Իր խոսքը մեկնարկելով մարդու իրավունքների վերաբերյալ Նիդերլանդների Թագավորության կառավարության դիրքորոշմամբ՝ Ն. Սխերմերսը նշեց, որ մարդու իրավունքները Նիդերլանդների Թագավորության կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից են, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորելով և հատկապես խոցելի խմբերին աջակցելով՝ պետությունը նաև տնտեսապես է արդյունավետ ձևով զարգանում:
«Խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը երաշխավորում է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ իրեն ապահով է զգում և զարգացման համար բավարար նախադրյալներ ունի: Խոցելի խմբերից որևէ մեկի նկատմամբ պետության կողմից բավարար հոգ չտանելը կարող է հանգեցնել ոչ միայն այդ անձանց դժգոհությանը և ավելի խոցելի վիճակում հայտնվելուն, այլև խաթարել հասարակության և պետության զարգացումը»,-հավելեց դեսպանը:
Այս համատեքստում Նիդերլանդների Թագավարության կառավարության համոզմունքն այն է, որ յուրաքանչյուր անհատի իրավունքները պաշտպանությունը երաշխավորելն անչափ կարևոր է պետության համար: Ուստի անընդհատ ընդլայնվում է այն խոցելի խմբերի անձանց շրջանակը, ովքեր աջակցության կարիք ունեն: Մարդու իրավունքների պաշտպանության խթանումը նաև Հայաստանի հետ համագործակցության օրակարգում է:
Ինչ վերաբերում է COVID-19-ին, դեսպանը նշեց, որ աշխարհը պատրաստ չէր կորոնավիրուսին: Համավարակին դիմակայելու հարցում բազմաթիվ երկրներ տարաբնույթ խնդիրների են առերեսվել: Այդ ծանր օրերին Նիդերլանդների Թագավորությունն աջակցել է Հայաստանին։ Նիդերլանդների Թագավորության կառավարությունն աշխատում է Հայաստանում ապրող հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ խոցելի խմբերի հետ՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանությունը։
Հասարակության տարբեր խոցելի խմբեր ևս պատրաստ չէին դիմակայելու համավարակին: Հատկապես քրեակատարողական հիմնարկներում խնդիրներն առավել տեսանելի են դարձել համավարակի պայմաններում, որտեղ կառավարությունը կարևոր դերակատարում ունի ազատազրկված անձանց ապահովությունը և անվտանգությունն ապահովելու տեսանկյունից:
«Այս պահին որևէ ծրագիր չունենք, որն առնչվում է հենց քրեական արդարադատության համակարգին, բայց ես շատ հետաքրքրված եմ այս թեմայով: Այս կոնֆերանսի ընթացքում կտեղեկանամ, թե ինչ խնդիրներ կան։ Հետագայում մենք կդիտարկենք մեր համագործակցության հնարավորությունները նաև այս ոլորտի առնչությամբ։ Մեր հնարավորությունների սահմաններում կշարունակենք աջակցել Հայաստանին։ Գենդերային հավասարությունը ևս շատ կարևոր է մեզ համար»,-ամփոփեց Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը: Փոխնախարարն իր խոսքում ուրվագծեց քրեակատարողական համակարգում COVID-19 համավարակի դեմ պայքարի հիմնական ուղղությունները, որոնց շնորհիվ հնարավոր է եղել կանխել վիրուսի ներթափանցումը քրեակատարողական հիմնարկներ:
Լ. Բալյանը նշեց, որ առաջնորդվել են ՀՀ կառավարության, վարչապետի, արդարադատության և առողջապահության նախարարների կողմից ընդունված իրավական ակտերի նորմերով և դրույթներով: Քրեակատարողական հիմնարկներ վիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով դեռևս 2020 թվականի մարտի 16-ից ՀՀ արդարադատության նախարարության, քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռնարկվել և շարունակաբար իրականացվում են ազատազրկված անձանց և համակարգի աշխատակիցների կյանքի և առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ և պաշտպանիչ միջոցառումներ, պարբերաբար իրականացվել են բուժզննումներ, ազատազրկված անձինք և հիմնարկների անձնակազմն ապահովվել են անհատական պաշտպանիչ միջոցներով և պարագաներով:
Արդարադատության նախարարությունն առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացրել է կանխարգելիչ միջոցառումներ` բացառելու համար վիրուսի ներթափանցումը: Մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկների բնակելի գոտիներում և մասնաշենքերում իրականացվել են ախտահանիչ նյութերով սանիտարահիգիենիկ մշակումներ, մուտքերում և այլ հասանելի վայրերում տեղադրվել են ախտահանիչ նյութերով տարաներ: Ազատազրկված անձանց և նրանց ուղեկցող անձնակազմին տեղաշարժի, այդ թվում՝ քննչական գործողությունների կամ դատական նիստերի մասնակցելու, քաղաքացիական բուժհաստատություններ ուղեկցելու դեպքում տրամադրվել են անհատական պաշտպանության միջոցներ, իսկ փոխադրող տրանսպորտային միջոցներն ախտահանվել են:
«Այսպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս հետևություններ անել, վերհանել արձանագրված բացերը կամ խնդիրները և դրանց նկատմամբ գործուն միջոցներ ձեռնարկել: Ներկայումս քայլեր են ձեռնարկվում ջրի հասանելիության ապահովման ուղղությամբ, կա օրենսդրական նախաձեռնություն, որը շուտով կդրվի շրջանառության մեջ: Տեսակապի և հեռախոսակապի հետ կապված խնդիրները ևս մեր տեսադաշտում են: Բարձրացված հարցերը մեր օրակարգում են և փորձում ենք հնարավորինս ապահովել դրանց լուծումը»,-հավաստիացրեց Լ. Բալյանը:
Փոխնախարարի դիտարկմամբ՝ քննարկումը ևս մեկ անգամ հավաստեց, որ պետությունը պատրաստ չէր համավարակին, սակայն ձեռնարկված քայլերը և դրանց շարունակաբար վերանայումն օգնել են հաղթահարել ճգնաժամը նաև քրեակատարողական հիմնարկներում:
«Արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շուրջ ձևավորված հետևություններն արդարադատության նախարարության օրակարգում են, նաև անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ են կատարվում, որպեսզի հետայսու նմանատիպ հանգամանքներ ի հայտ գալու դեպքում կարողանանք ավելի հասցեական արձագանքել»,-ամփոփեց արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը:
Բացման խոսքում «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը նշեց, որ թեև COVID-19 համավարակը ներկայումս լուրջ խնդիր չէ, սակայն անհրաժեշտ է դիտարկել, թե քրեական արդարադատության համակարգն ինչքանով է պատրաստ հակազդելու համավարակներին, COVID-19-ի փորձն ինչ ամրագրումներ է ստացել առանձին քաղաքականության փաստաթղթերում կամ իրավական ակտերում, և հաջորդ անգամ, երբ առիթ կլինի առերեսվելու համավարակներին, համակարգն ինչքանով պատրաստ կլինի հակազդելու խոցելի խմբերի, մասնավորապես կանանց իրավունքների երաշխավորման տեսանկյունից:
Անդրադառնալով քրեական արդարադատության համակարգում հայտնված կանանց խնդիրներին՝ Ն. Հովհաննիսյանը նշեց, որ նրանք արդեն իսկ խոցելի վիճակում են, ինչի պատճառներն օբյեկտիվ են: Նախ նրանք թվով քիչ են, շենքային պայմանները հարմարեցված չեն նրանց՝ սեռով պայմանավորված կարիքներին և այլն: Դիտարկումները ցույց են տալիս, որ համավարակի ժամանակահատվածում կիրառված սահմանափակումներն այլ կերպ են ազդել հատկապես կանանց վրա:
Խոսելով բուժսպասարկման մասին՝ տեղեկացրեց, որ «Աբովյան» ՔԿՀ-ում արձանագրվել է մեկ դրական դեպք, որը բացահայտվել է, և բուժումն իրականացվել է: Այս համատեքստում կազմակերպության առաջարկությունն այն է, որ հատուկ ուշադրություն դարձվի կանանց հոգեկան առողջության վրա:
«Պետք է փորձենք հասկանալ, թե համավարակի պայմաններում, երբ իրավունքները սահմանափակված են, ի՞նչ գործոններ են ազդում ազատազրկված անձանց հոգեկան առողջության վրա, այդ գործոններն ինչպե՞ս են ազդում հատկապես կանանց հոգեկան առողջության վրա, և որպես հակազդում՝ մենք հոգեկան առողջության վերականգնման, բարելավման ի՞նչ ծրագրեր կարող ենք ունենալ»,-նշեց Ն. Հովհաննիսյանը:
Բուժսպասարկումն առանձնացվել է քրեակատարողական ծառայությունից և իրականացվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, սակայն բուժսպասարկման որակը փոխկապակցված է քրեակատարողական հիմնարկի պայմանների հետ: Հետևաբար անհրաժեշտ է «Աբովյան» ՔԿՀ-ի շենքային պայմանների բարելավմանը զուգընթաց ուշադրություն դարձնել բուժսպասարկում իրականացնող կառույցին հատկացված պայմաններին: Կազմակերպությունն արձանագրել է, որ ջրի հասանելիության հետ կապված խնդիրներ կան հիմնարկի բուժմասում: Ճիշտ է, շենքում առկա ջրից հնարավոր է օգտվել, սակայն հատկապես համավարակի պայմաններում անձնական հիգիենան պահպանելու տեսանկյունից կարևոր է ապահովել սառը ջրի մշտական հասանելիությունը, որպեսզի հնարավոր լինի, օրինակ, յուրաքանչյուր միջամտությունից հետո ձեռքերը լվանալ:
Հովհաննիսյանը նշեց, որ սահմանափակումների ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկում գտնվելն օգնել է, որ վերահսկողությունն անձանց առողջական վիճակի նկատմամաբ կառավարելի լինի: Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում նշել են, որ այդ ժամանակահատվածում իրենց շահառուները խնդիր էին ունենում Հայաստանի տարբեր վայրերից հասնելու և դեղերը ձեռք բերելու հարցում, քանի որ տեղաշարժը սահմանափակված էր, աշխատանքների դադարեցման պատճառով ֆինանսական միջոցների սղություն կար: Սակայն այն անձինք, որոնք գտնվել են քրեակատարողական հիմնարկում, այդ ժամանակահատվածում ՄԻԱՎ-ի բուժման հետ կապված խնդիրներ չեն ունեցել, քանի որ այդ աշխատանքները կազմակերպվել են պետական կառույցների միջև համագործակցության շրջանակներում:
Սահմանափակումներ են կիրառվել ազատազրկված անձանց տեսակցությունների նկատմամբ: Ճիշտ է, հիմնարկները համալրվել են տեսակապի համար նախատեսված հնարավորություններով՝ համակարգիչ, ինտերնետ հասանելիություն: Ավելացվել են տեսակապից և հեռախոսակապից օգտվելու քանակը և տևողությունը: Այս համատեքստում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել կանանց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք իրենց երեխաների միակ դաստիարակները և խնամողներն են: Շատերը նաև դասապատրաստման և դաստիարակելու պրոցեսն իրականացնում են քրեակատարողական հիմնարկից:
Նախ անհրաժեշտ է բարելավել հիմնարկի տեսակապի սենյակի պայմանները: Բացի այդ, կանայք բազմաթիվ անգամներ բարձրաձայնել են, որ հեռախոսաքարտեր ձեռք բերելիս դժվարություններ են ունենում, ինչը պայմանավորված է նրանց սոցիալական վիճակով, քանի որ նրանք ֆինանսապես ի վիճակի չեն այնքան գնելու այդ հեռախոսաքարտերը, որքան անհրաժեշտ է պատշաճ կապը ընտանիքի հետ պահելու համար:
Կրթության կազմակերպման առումով Ն. Հովհաննիսյանը փաստեց, որ բավականին ճկուն ձևով անցում է կատարվել հեռավար տարբերակին: «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող կանայք նշել են, որ դասերին մասնակցելը փոխարինել է սոցիալական շփմանը, քանի որ շփումները սահմանափակված էին այդ ժամանակահատվածում:
Անդրադառնալով իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխաներ ունեցող կանանց՝ Ն. Հովհաննիսյանն առանձնացրեց երեխաներին և մայրերին անձնական հիգիենայի պարագաներով և սննդով ապահովման հետ կապված խնդիրները:
«Մինչև երեք տարեկան երեխա ունեցող մայրերն այդ պարագաները կամ սնունդը հիմնականում ստանում էին հանձնունքների միջոցով: Մեր առաջարկությունն այն է, որ մենք ունենանք այնպիսի կարգավորումներ, որ համավարակի պայմաններում հնարավոր լինի ավելացնել նրանց սննդի կամ անձնական հիգենայի պարագաների չափաբաժինները: Կանայք նշում էին, որ սահմանափակումների ժամանակ դրանք խնայողաբար էին օգտագործում: Սնունդը տրամադրվում է երրորդ՝ «ԱրտԼանչ» ընկերության կողմից: Այս համատեքստում մեր առաջարկությունը այն է, որ համավարակների ժամանակ ավելացվի սննդի կալորիականությունը, երեխաների համար նախատեսված սնունդ տրամադրվի, ապահովվի դրա բազմազանությունը»,-մանրամասնեց Հովհաննիսյանը:
Բազմաթիվ անգամներ բարձրաձայնվել են ազատազրկված կանանց լոգանքի, ընդհանրապես քրեակատարողական հիմնարկում նրանց կենսապայմանների ապահովման հետ կապված խնդիրները: Առաջարկությունն այն է, որ կարգավորվի տաք ջրի հասանելիության հարցը, ինչը հնարավորություն կտա անձնական հիգիենան ապահովել, իսկ իրենց մոտ գտնվող մինչև երեք տարեկան երեխաներ ունեցող մայրերն ավելի հեշտությամբ կզբաղվեն երեխաների խնամքով: Բացի այդ, արտաքին սահմանափակումների ժամանակ նմանատիպ խնդիրներն առավել սուր են ազդում կանանց հոգեկան առողջության վրա՝ ավելացնելով սթրեսային վիճակները: Ճիշտ է, խցային պայմանները կապված չեն համավարակի հետ, սակայն անհրաժեշտ է դրանք բավարարել «Աբովյան» ՔԿՀ-ում, նաև մինչև երեք տարեկան երեխա ունեցող կանանց համար բավարար պայմաններ ստեղծել:
Բացի այդ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել համավարակների պայմաններում խրախուսանքների և տույժերի կիրառմանը, ինչը հնարավորություն կտա այդ սահմանափակումների ժամանակ որոշակի դեպքերում տույժ չկիրառել կամ եթե, օրինակ, խրախուսանք չի տրվում, ապա հաշվի առնվի այն հանգամանքը, որ դա հետագայում անձի վերասոցիալականացման, նրա անվտանգության գոտու փոփոխության բացասական հետևանքներ չունենա:
Խոսելով պատժից ազատման մեխանզիմների մասին՝ ՀԿ-ի նախագահը նշեց, որ դրանք գործել են այնպես, ինչպես սովորական պայմաններում, և այնպես, ինչպես տղամարդկանց դեպքում: Նաև կարևոր է, որպեսզի համավարակների ժամանակ քրեակատարողական հիմնարկներից դուրս եկած անձինք, հատկապես կանայք՝ որպես առանձին խոցելի խումբ, ներառվեն համավարակների չեզոքացմանը միտված ծրագրերում, նաև այնպիսի ճկուն մեխանիզմներ նախատեսվեն, որոնք կօգնեն աշխատանքի տեղավորման հարցում:
«Մեր հաջորդ առաջարկությունն է, որպեսզի ունենանք հատուկ կարգավորումներ համավարակների պայմաններում ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների և պատիժների նշանակման, ինչպես նաև պատժից ազատման մեխանիզմների կիրառման վերաբերյալ: Երբ խոսում ենք, օրինակ, պայմանական վաղաժամկետ ազատման մասին, ապա այն գործել է այնպես, ինչպես սովորական պայմաններում: Մինչդեռ նշված մեխանիզմների վերաբերյալ հատուկ կարգավորումներ պետք է նախատեսվեն համավարակի պայմաններում՝ դիտարկելով նաև կանանց խոցելիությունը և նրանց որպես առանձին խումբ ներառելով, ինչը իրավակիրառ մարմինների համար կարող է որպես գործիքակազմ ծառայել»,-նշեց Հովհաննիսյանը:
Հաջորդ առաջարկությունը վերաբերում էր վիճակագրության վարմանը: Ազատազրկված անձանց շրջանում դրական կամ բացասական դեպքերի, բուժում ստացող անձանց, մահվան դեպքերի, պատավաստումների և թեստավորումների վերաբերյալ վիճակագրություն վարվել է քրեակատարողական համակարգում, որն ընդհանուր հիմքերով է արտացոլվել առողջապահության նախարարության կողմից վարվող վիճակագրության մեջ, որտեղ ազատազրկված անձինք՝ ըստ խմբերի կամ սեռի, առանձնացված չեն: Տարբեր երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, ազատազրկված անձինք առանձնացված են ընդհանուր վիճակագրության մեջ: Առանձնացված վիճակագրություն վարելու նպատակահարմարությունը պետք է տեղայնացնել, քանի որ այն վերահսկողության և թափանցիկության տեսանկյունից ավելի շատ գործիքակազմեր է տրամադրում:
«Մեր դեպքում այդ տեղեկատվությունը տեղադրվել է կամ քրեակատարողական ծառայության կայքում, կամ արդարադատության նախարության կայքում, կամ լրատվամիջոցները, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և դիտորդների խումբը հարցումներով տեղեկատվությունը ստացել են և հրապարակել են: Մինչդեռ եթե նման վիճակագրություն լիներ, դա հնարավորություն կտար գործընթացը թափանցիկ և վերահսկելի դարձնել»,-նշեց ՀԿ-ի նախագահը:
Կազմակերպությունը դիտարկել է նաև Պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանանց խնդիրները: Ծառայությունն իր լիազորությունների սահմաններում հակազդման գործողություններ իրականացրել է, սակայն միջամտության գործիքները շատ չեն եղել, քանի որ շահառուներն ազատության պայմաններում են:
«Մեր դիտարկումն այն է, որ համավարակի պայմաններում պրոբացիայի կողմից պատիժների կատարման վերաբերյալ հատուկ օրենսդրական կարգավորումներ և ընթացակարգեր նախատեսվեն: Օրինակ, եթե տուգանք կամ հանրային աշխատանքեր պատժատեսակները դատարանների հետ բանավոր պայմանավորվածության արդյունքում երկու կամ երեք ամսով հետաձգվել են, դրա վերաբերյալ համապատասխան ամրագրումներ չկան: Հետևաբար անհրաժեշտ է, որ այն, ինչը եղել է իրավիճակային արձագանք կամ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում, ունենա իրավական մակարդակում ամրագրված տեքստ՝ ուշադրություն դարձնելով նաև կանանց խոցելիությանը»,-առաջարկեց Հովհաննիսյանը:
Կազմակերպությունը խնդիրներ է արձանագրել նաև կին շահառուների կողմից պատիժների կրման հետ: Տուգանք պատժատեսակը կրող կանայք աշխատանք չունեին այդ ժամանակահատվածում: Հետևաբար պատժի կատարման, իրենց սոցիալական վիճակի ապահովման հետ կապված խնդիրներ ունեին: Սոցիալական խնդիրների պատճառով նրանք որոշակի խնդիրներ են ունեցել առողջապահական ծառայություններին հասանելիության տեսանկյունից:
Մյուս դիտարկումն այն էր, որ եթե քրեակատարողական հիմնարկում հնարավոր է եղել անցնել հեռավար կրթության, պրոբացիայի ծառայությունում դա չի հաջողվել, քանի որ անձինք, սոցիալական վիճակով պայմանավորված, տեխնիկական հնարավորություններին հասանելիություն չեն ունեցել:
Պրոբացիայի ծառայությունն իր համագործակցությունների շրջանակներում որոշակի օգնություններ տրամադրել է, սակայն անհրաժեշտ է ավելի ճկուն համագործակցություն ձևավորել այլ գերատեսչությունների, օրինակ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որպեսզի անձանց սոցիալական վիճակին պետությունը պատշաճ ձևով արձագանքի:
Կազմակերպությունն արձանագրել է, որ համավարակի ժամանակահատվածում քրեակատարողական և պրոբացիայի համակարգի աշխատողների նկատմամբ խրախուսանքներ չեն կիրառվել, թեև նրանք ծանրաբեռնված են աշխատել: Եթե արձանագրվում է, որ բացասական հետևանքներից հնարավոր է եղել խուսափել, այդտեղ կա նաև աշխատողների ներդրումը, մինչդեռ նրանց խրախուսելու մեխանիզմներ ևս առկա չեն:
Ամփոփելով իր խոսքը՝ Հովհաննիսյանը նշեց, որ անհրաժեշտ է ունենալ համավարակների հակազդման միասնական փաստաթուղթ՝ կանանց խնդիրների շեշտադրումով: Համակարգն առաջնորդվել է կամ բանավոր պայմանավորվածություններով, կամ նախարարների հրամաններով, կառավարության և վարչապետի որոշումներով, որոնք անհրաժեշտ է գեներացնել մեկ միասնական փաստաթղթի մեջ:
«Այս դեպքում մենք կարողացել ենք հակազդել: Դրանում եղել է համակարգի կողմից ջանքերի ներդրումը, սակայն պետք է փաստենք, որ ազատազրկված անձանց թիվը վերջին տարիներին գրեթե կիսով չափ կրճատվել է: Եթե առաջնորդվում ենք բացասական սցենարով, գուցե հետագայում ավելի շատ անձանց դեպքում նույն ջանքերը ներդնելու պարագայում մենք այս արդյունքը չունենաք»,-ամփոփեց ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը:
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց հրավերի համար՝ նշելով, որ COVID-19 համավարակն անսպասելի էր նաև Պրոբացիայի ծառայության համար:
«Մեր աշխատանքները մենք իրականացնում ենք շահառուների հետ շփվելու, նրանց խորհրդակցություն և տեղեկատվություն տրամադրելու, այսինքն՝ ակտիվ շփման միջոցով: Նոր իրականությունը բերեց բազմաթիվ խնդիրներ, ուստի մենք պետք է արագ կողմնորոշվեինք և կարողանայինք մեր աշխատանքն արդյունավետ իրականացնել: Այդ դժվարությունները պայմանավորված էին այն հանգամանքով, որ ինչպես մյուս պետական կառույցները, այնպես էլ պրոբացիայի ծառայությունը պատրաստ չէր համավարակին, այդ թվում՝ օրենսդրական գործիքակազմով: Սակայն դա մեզ պարտադրեց, որպեսզի շատ արագ ձեռք բերենք նոր գործիքակազմեր և համապատասխան իրավական ակտերում կատարենք փոփոխություններ»,-նշեց Գ. Սիմոնյանը:
Պրոբացիայի ծառայությունը պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացվող դատապարտյալներին տրամադրում է խորհրդատվական զեկույցներ: Ծառայության մասնագետն այցելում է քրեակատարողական հիմնարկ, զրույց է ունենում դատապարտյալի հետ, հարցազրույցի արձանագրությունից հետո ամփոփում է իր կազմած զեկույցը:
«Համավարակի պայմաններում դա անհնարին էր, քանի որ սահմանափակումներ կային: Արդարադատության նախարարի հանձնարարությամբ և ցուցումով այդ աշխատանքները կազմակերպեցինք էլեկտրոնային ծրագրի ներդրմամբ, ինչի շնորհիվ կարողացանք հարցազրույցներն իրականացնել հեռահաղորդակցման միջոցով: Մեր գործառույթները կարողացանք կատարել, և դատապարտյալների իրավունքների խախտում չգրանցվեց»,-մանրամասնեց Սիմոնյանը:
Պրոբացիայի ծառայությունն ապահովում է ազատությունից չզրկելու հետ կապված պատիժների կատարումը (տուգանք, հանրային աշխատանքներ, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում) և ծառայությունում հաշվառված շահառուների վարքի վերահսկողություն է իրականացնում այն դեպքերում, երբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել են, պատժի կրումը հետաձգվել է կամ երբ անչափահասներն ազատվել են քրեական պատասխանատվությունից և նրանց նկատմամբ դաստիարակչական բնույթի հարկադրանիքի միջոցներ են կիրառվել:
Ծառայության պետը նշեց, որ հաջորդ խնդիրը կապված էր տուգանքների գանձման հետ: Երբ դատարանի կողմից նշանակված տուգանքը հաստատված ժամանակահատվածում չի վճարվում, պրոբացիայի ծառայությունը տվյալ անձին ավելի խիստ պատժի դատապարտելու միջնորդություն ներկայացնելու իմպերատիվ լիազորություն ունի:
«Համավարակի պատճառով շատերն աշխատելու հնարավորությունից զրկվել են: Մենք մեր միջնորդությունների մեջ ներկայացրել ենք այդ հանգամանքը, հետևաբար տուգանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար ավելի ծանր հետևանքներ չեն առաջացել: Սակայն խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է իրավական կարգավորումներով ավելացնել այն հանգամանքները, որոնք կարող են ի հայտ գալ համավարակների հետևանքով:
Հաջորդ գործոնը, որ մեզ դրդեց արագ լուծումներ գտնել, տուգանք պատժատեսակ կրող անձի կողմից վճարումը կատարված լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթի ներկայացումն էր: Արդարադատության նախարարությունը, համագործակցելով Ֆինանսների նախարարության հետ, ներդրեց էլեկտրոնային ծրագիր, որը պրոբացիայի ծառայողին հնարավորություն է տալիս հեռավար ձևով տեսնել՝ Հայաստանի ցանկացած մարզում կամ քաղաքում վճարումները կատարված են, թե՝ ոչ: Այսինքն՝ փաստաթղթի ներկայացումն արդեն երկրորդական դեր ստացավ: Շահառուն կարող է առձեռն ներկայացնել, երբ այդ փաստաթղթերը կկուտակվեն, քանի որ մենք վճարումներին հետևում ենք օնլայն ռեժիմով»,-ներկայացրեց ծառայության պետը:
Նմանատիպ էլեկտրոնային ծրագիր ստեղծվել է նաև Պետական եկամուտների կոմիտեի հետ: Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելու դեպքում շահառուները պարտավոր են որոշակի տեղեկություններ ներկայացնել ծառայություն: Ստեղծված հարթակի շնորհիվ այդ աշխատանքները ևս կատարվում են օնլայն ռեժիմով, և տվյալ անձը ծառայություն չի հրավիրվում:
Շահառուին ծառայությունում հաշվառելու համար աշխատանքներ են տարվում տարբեր գերատեսչությունների հետ, նաև շահառուներն են պարտավորվում որոշակի տեղեկություններ ներկայացնել, որպեսզի ծառայությունը կարողանա գնահատել կարիքները և ռիսկերը: Ներկայումս գործում է e-probation համակարգը, որը հնարավորություն է տալիս շուրջ քսան գերատեսչություններից օնլայն ռեժիմով տեղեկատվություն ստանալ: Հետևաբար շահառուների համար տեղեկատվություն ներկայացնելու անհրաժեշտություն չի առաջանում:
«Էլեկտրոնային ծրագրերի ներդրումը կառավարության ռազմավարության գերակա խնդիրներից էր, սակայն համավարակը ստիպեց, որպեսզի շատ արագ և ակտիվորեն զբաղվենք այդ ծրագրերի ներդրմամբ»,-հավելեց Գ. Սիմոնյանը:
Պրոբացիայի ծառայությունն իրականացնում է նաև աշխատանքներ՝ ուղղված շահառուների վերասոցիալականացմանը:
«Մենք լուրջ խնդիրների ենք բախվել վերասոցիալականացման աշխատանքների կազմակերպման հարցում: Մենք չկարողացանք կրթությունը հեռավար կազմակերպել: Դա առաջին հերթին պայմանավորված էր շահառուների սոցիալական վիճակով, բացի այդ, որոշ մասնագիտություններ ենթադրում էին շահառուի անմիջական ներկայությունը: Այս խնդիրների լուծումը ներկայումս չենք առաջարկել, սակայն հույս ունենք, որ շատ կարճ ժամանակահատվածում պրոբացիայի ծառայությունը կզինվի բոլոր անհրաժեշտ գործիքակազմերով, ինչը հետագայում նմանատիպ անկանխատեսելի իրավիճակների դեպքում կբարձրացնի ծառայության արդյունավետությունը»,-հավելեց Սիմոնյանը:
Անդրադառնալով էլեկտրոնային հսկողությանը՝ Սիմոնյանը նշեց, որ ծառայությունը դեռևս 200 սարքավորում ունի, որից 150-ը նախատեսված է տնային կալանք իրականացնելու համար, 50-ը՝ վարչական հսկողություն: Նոր խափանման միջոցների, ինչպես նաև ազատազրկման հետ չկապված պատիժների կիրառման նպատակը պատժողական քաղաքականությունից վերականգնողականի անցում կատարելն է:
«Եթե կարողանանք հսկողություններն արդյունավետ ձևով իրականացնել՝ անձանց հասարակությունից և ընտանիքից չմեկուսացնելով, ապա կարող ենք մեր ինստիտուտը կայացած համարել: 2023 թվականի հունվարից սկսվել է նոր խափանման միջոցի կիրառումը, որն ուղղված է այդ նպատակին, երբ անձի խափանման միջոցն իրականացվում է ազատության պայմաններում: Եվ կանանց, և տղամարդկանց համար հնարավորություն է ստեղծվել, որպեսզի խափանման միջոցն իրականացվի էլեկտրոնային հսկողությամբ: Օրենքը թույլ է տալիս էլեկտրոնային հսկողության սարքեր կիրառել ոչ միայն խափանման միջոցի դեպքում, այլև պատժից պայմանական վաղաժամկետ ազատված մարդկանց նկատմամբ։ Սա գործիք է, որը կարող են դատարանները կիրառել: Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ Հայաստանում այս ինստիտուտը զարգանա: Որքան շատ անձանց կարողանանք հասարակության մեջ հսկել և նրանց անվտանգությունն ապահովել, այնքան այս ինստիտուտը կգործի»,-ամփոփեց պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Արտակ Առուստամյանը և շտաբի պետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Սարգսյանը նույնպես մասնակցել են կոնֆերանսին՝ ներկայացնելով քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով ձեռնարկված միջոցառումները:
Շտաբի պետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Սարգսյանը նշեց, որ վիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով քրեակատարողական հիմնարկներն առաջնորդվել են բացառապես օրենսդրական ակտերով, կառավարության որոշումներով, մասնավորապես` Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին 2020 թվականի մարտի 16-ի կառավարության որոշումով:
Որպես հակազդում՝ սահմանափակվել են տեսակցությունները և հանձնուքների ընդունումը: Ա. Սարգսյանը նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում թույլատրվել է շաբաթական մեկ անգամ մեկ ծանրոց, հանձնուք կամ փաթեթ ստանալ կամ ուղարկել: Արգելվել են տեսակցությունները՝ բացառությամբ ամսվա ընթացքում մեկ անգամ մինչև երեք ժամ տևողությամբ կարճատև տեսակցությունների:
Սարգսյանը նշեց, որ այդ սահմանափակմանը զուգահեռ ավելացել են տեսազանգերի քանակը և հեռախոսազանգերի տևողությունը, որպեսզի ազատազրկված անձանց կապը հարազատների և ընտանիքի անդամների հետ պահպանվի:
«Եթե խնդիրներ են առաջացել տեսազանգերի հետ կապված, հիմնարկներում ավելացվել են համակարգիչները և հեռախոսային հանգույցները»,-հավելեց Սարգսյանը:
Համավարակի տարածմանը զուգահեռ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից արգելվել են տեսակցությունները կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում, սակայն հանձրունքների, ծանրոցների ստացումը շարունակվում էր դարձյալ շաբաթական մեկ անգամ: Զուգահեռաբար բոլոր քրեակատարողական հիմնարկներում աշխատել են մատակարարները և կրպակները, որոնց միջոցով դատապարտյալները կամ կալանավորված անձինք հնարավորություն են ունեցել ձեռք բերել առաջին անհրաժեշտության իրերը:
Կանխարգելիչ աշխատանքներ իրականացվել են նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ: Քրեակատարողական հիմնարկներում ձեռնարկվել և շարունակաբար իրականացվում են ազատազրկված անձանց և քրեակատարողական համակարգի աշխատակիցների կյանքի և առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ և պաշտպանիչ միջոցառումներ, մասնավորապես, ազատազրկված անձանց շրջանում պարբերաբար իրականացվել են բուժզննումներ և ջերմաչափումներ:
Բոլոր քրեակատարողական հիմնարկներում բացվել են կարանտինային խցեր կամ մասնաշենքեր: Իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում առանձնացվել է երկու մասնաշենք, որտեղ տեղադրվել է 150 մահճակալ, և միաժամանակ 150 անձ կարող էր բուժում ստանալ:
«Ճիշտ է, սահմանափակումների ժամանակ ազատազրկված անձանց շրջանում որոշակի հոգեբանական և այլ խնդիրներ արձանագրվել են, սակայն սացիալական աշխատողները և հոգեբանները համապատասխան աշխատանքներ են կատարել: Երբ համավարակը ներթափանցեց Հայաստան, մենք պատրաստ չէինք, և խնդիրներ առաջացան նաև քրեակատարողական հիմնարկներում: Սակայն գաղտնիք չէ, որ հիմնարկները մենք ժառանգություն ենք ստացել հետխորհրդային տարիներից: Ներկայումս նախագծա-նախահաշվարկային փուլում է նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու նախագիծը, որը կյանքի կկոչվի մոտակա ժամանակներս: Չորս հիմնարկ կփակվի, և նոր չափորոշիչներին համապատասխան քրեակատարողական հիմնարկ կկառուցվի»,-ամփոփեց քրեակատաողական ծառայության շտաբի պետ Արտակ Սարգսյանը:
ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը ևս մասնակցել է կոնֆերանսին՝ իր հերթին փաստելով, որ ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ Հայաստանը պատրաստ չէր համավարակին:
Մանուկյանը նշեց, որ 2020 թվականին քրեակատարողական ծառայության և ՊՈԱԿ-ի կողմից սահմանվել է գործողությունների պլան, որի շրջանակներում քրեակատարողական հիմնարկներում առանձացվել են խցեր: Ազատազրկված անձինք համապատասխան ախտանիշների դեպքում տեղափոխվել են այնտեղ՝ մինչև բժիշկների կողմից որոշվել է բուժման հետագա ռազմավարությունը: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մասնաշենք է առանձնացվել, և դրական դեպքերը տեղափոխվել են այնտեղ:
«2020, 2021 և 2022 թվականներին ունեցել ենք հաստատված 400 դրական դեպք, որոնցից 350-ը բուժում են ստացել «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, մոտ 50 անձ բուժում է ստացել քաղաքացիական հիվանդանոցներում: Ճիշտ է, քաղաքացիական հիվանդանոցները ծանրաբեռնված են եղել, սակայն COVID-19-ով պայմանավորված հետազոտությունները և բուժումը պատշաճ իրականացվել են: Ցավով պետք է նշեմ, որ 2021 թվականին արձանագրվել է 4 մահ քաղաքացիական հիվանդանոցում COVID-19-ով պայմանավորված»,-ավելացրեց Մանուկյանը:
Անդրադառնալով կանխարգելիչ միջոցառումներին՝ նշեց, որ բոլոր աշխատակիցները՝ առավոտյան աշխատանքի ներկայանալիս, և ազատազրկված անձինք ջերմաչափվել են: Չնայած երկրում պաշտպանիչ և ախտահանիչ միջոցների սղությանը՝ քրեակատարողական հիմնարկներն ապահովված են եղել ահրաժեշտ միջոցներով և հեռահար ջերմաչափերով: Այս գործընթացում ՊՈԱԿ-ին աջակցել են միջազգային գործընկերները, մասնավորապես՝ Եվրոպայի խորհուրդը, և տեղական գործընկներները` մասնավորապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
COVID-19 համավարակի վարման գործելակարգերը մշակվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, որից հետո համապատասխանաբար ադապտացվել են տարբեր երկրներին: ՊՈԱԿ-ն առաջնորդվել է ՀՀ առողջապահության նախարարության հրամանների և գործելակարգերի հիման վրա: ՊՈԱԿ-ի տնօրենի դիտակմամբ՝ ինչ-որ առումով դժվար էր ժամանակին համընթաց գնալը, քանի որ եթե ոչ օրական, ապա շաբաթական կտրվածքով փոխվում էին բուժման ռազմավարությունը և դեղորայքը: Այս առումով ՊՈԱԿ-ը հետևել է կանոններին: Առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակներում երկիր մտած օգնություններից բաժին է հասել ՊՈԱԿ-ին, և համակարգին հասանելի են եղել նաև ռապիդ թեստերը:
Ինչ վերաբերում է վերապատրաստումներին, ապա ՊՈԱԿ-ի տնօրենը նշեց, որ բժիշկներն անցել են համապատասխան վերապատրաստումները և հավաստագրումները: Համավարակի ժամանակահատվածում թեստավորման մեթոդիկայի վերաբերյալ վերապատրաստում անցել են այն աշխատակիցները, ովքեր զբաղվել են թեստավորմամբ:
ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ձոնիկ Մարգարյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ինչպես համակարգն ամբողջությամբ, այնպես էլ ՊՈԱԿ-ը որոշակի դժվարություններ ունեցել է համավարակի ժամանակ, հատկապես 2020 թվականին:
Այդ ժամանակ ՊՈԱԿ-ն իրականացնում էր մինչև 19 տարեկան ազատազրկված անձանց հանրակրթությունը, կազմակերպում էր գեղագիտական կրթության դասընթացներ և քրեակատարողական աշխատակիցների ուսուցում: 2022 թվականի սեպտեմբերի 1-ից քրեակատարողական հիմնարկերում իրականացվում է 19 տարեկանից բարձր ազատազրկված անձանց հանրակրթությունը:
«Շատ մեծ կարևորություն է տրվում դատապարտյալների վերասոցիալականացմանը, նրանց վերաինտեգրմանը հասարակության մեջ: Այս առումով ՊՈԱԿ-ը բավականին անելիքներ ունի: Նաև շատ կարևոր է, որ քաղաքացիական հասարակությունն անդրադարձ է կատարում համավարակին: Կարծում եմ՝ մեր գերխնդիրը ոչ թե այն է, որ մենք հետահայաց ներկայացնենք, թե մենք ինչպես ենք աշխատել կամ ինչ ենք արել, այլ այն, թե ինչ միջոցառումներ, ինչ գործոններ պետք է ակտիվացնենք, որպեսզի նմանօրինակ վիճակում կրկին հայտնվելու դեպքում լիովին պատրաստ լինենք»,-նշեց Ձ. Մարգարյանը:
Այս առումով նա կարևորեց միջազգային գործընկերների փորձի դիտարկումը: Թեև հանրակրթության իրականացման դեպքում հեռավար ուսուցման անցնելու մարտահրավերները նվազագույնի են հասցվել, այնուամենայնիվ, դժվարություններ կան մասնագիտական հմտությունների կամ վերասոցիալականացման ծրագրերի իրականացման գործում:
«Երբ մեկնարկեցինք 19 տարեկանից բարձր անձանց հանրակրթությունը, հաշվի առնելով համավարակի փորձառությունը, նախատեսեցինք, որ բոլոր հիմնարկներում գույքի հետ միասին՝ սեղաններ, աթոռներ, գրենական պիտույքներ, դասագրքեր, տրամադրենք նաև համակարգիչներ: Մեր 40-ից ավելի ուսուցիչները ՊՈԱԿ-ի համակարգչային մասնագետի հետ համապատասխան ուսուցում և վերապատրաստում են անցել, և նրանք պատրաստ են անհրաժեշտության դեպքում դասավանդել հեռավար ուսուցմամբ»,-հավելեց Մարգարյանը:
Ներկայումս հանրակրթությունն իրականացվում է վեց քրեակատարողական հիմնարկում, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանրակրթության մեջ ընդգրկվողների թվաքանակն առաջիկայում կավելանա: Այս համատեքստում կարևոր է, որպեսզի նոր կառուցվող քրեակատարողական հիմնարկում ուսումնական սենյակներ, արհեստանոցներ և դասասենյակներ տեղակայվեն: Այս հարցը ՊՈԱԿ-ը քննարկել է նաև արդարադատության նախարարության և քրեակատարողական ծառայության ղեկավարության հետ: Հարցը հատկապես միջազգային և տեղական մոնիթորինգային կազմակերպությունների կենտրոնում է, քանի որ կարևոր է, թե ինչպես են անձին նախապարաստում ազատությանը և հասարակության մեջ վերաինտեգրմանը:
Ձոնիկ Մարգարյանը փաստեց, որ աշխատանքն ավելի ճկուն է ստացվում պրոբացիայի ծառայության հետ, քանի որ շահառուներն ազատության պայմաններում են: Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում տեխնիկա է գնվել պրոբացիայի ծառայության շահառուների մասնագիտական հմտությունների տրամադրման համար: Արարատում երեք մասնագիտությունների գծով ուսումնական կենտրոն է կառուցվել: Ձեռք բերված գույքի մի մասը տրամադրվել է «Աբովյան» և «Սևան» ՔԿՀ-ներին, որպեսզի այնտեղ ազատազրկված անձանց համար համապատասխան ուսուցումներ կազմակերպվեն:
ՊԱՈԿ-ի տնօրենը կարևորեց նաև միջազգային փորձին ծանոթանալը և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների համար փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելը, այլապես փակ շղթա է ձևավորվում, երբ նրանք միայն տեղում իրականացվող վերապատրաստումներին են մասնակցում:
«Իհարկե, քրեական արդարադատության վիճակը մեր երկրում այնպիսին չէ, որ ներկաներս գոհ լինենք, սակայն վստահ եմ, որ պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչների համատեղ ջանքերով կարող ենք փոփոխություններ բերել»,-ամփոփեց ՊՈԱԿ-ի տնօրեն Ձոնիկ Մարգարյանը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը նշեց, որ երկու կարևոր գործառույթի շուրջ է զեկուցում հնչելու՝ փակ հաստատությունների մշտադիտարկում և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջարկությունների ներկայացում:
Լ. Գասպարյանը հիշեցրեց, որ 2020 թվականին պետությունը երկու ծանր իրավիճակում էր հայտնվել: Նախ՝ արտակարգ, ապա՝ ռազմական դրություն հայտարարվեց: Ստեղծված պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուներ երկու խնդիր՝ աշխատել համավարակի պայմաններում, և աշխատել պատերազմական իրավիճակում: Համադրելով մարտահրավերները՝ պաշտպանի աշխատակազմը կարողացել է աշխատանքների մարտավարությունը փոփոխել:
«2020 թվականի մարտին առաջին դեպքերը գրանցվեցին Հայաստանում, և մենք մեր միջազգային գործընկերներից որդեգրեցինք մշտադիտարկման գործընթացի մոտեցումները: Մենք այդ փորձը վերցրեցինք և շարունակաբար կատարելագործեցինք մշտադիտարկման գործընթացը: Պետք է նշեմ, որ մոտ երեք ամիս դաշտային մշտադիտարկման գործընթացը դադարեցվել է: Այդ ընթացքում մշտադիտարկման աշխատանքները կատարվել են գրավոր ընթացակարգով: Ամենօրյա ռեժիմով բոլոր փակ հաստատություններում, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում, հեռախոսակապի միջոցով տեղեկատվություն է ստացվել»,-մանրամասնեց Գասպարյանը:
Միջազգային գործընկերների կողմից մշակվել և տրամադրվել են ուղեցույցներ, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից թարգմանվել և տրամադրվել են փակ հաստատություններին: Նաև ձեռքերի ախտահանման և տարբեր կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ պաստառներ են տրամադրվել, որոնք տեղադրվել են փակ հաստատություններում: Բացի այդ, հնարավորինս արագ ձեռք են բերվել բոլոր պաշտպանիչ միջոցները, որպեսզի մշտադիտարկման աշխատանքները չտուժեն: Արտահագուստները և պաշտպանիչ միջոցներն օգտագործվել են մշտադիտարկման այցերի ժամանակ: Այն հաստատություններում, որտեղ եղել են դրական դեպքեր, ամբողջական համազգեստն է օգտագործվել, իսկ այն հաստատություններում, որտեղ չեն եղել դրական դեպքեր, մասնակի կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել:
«Առաջին սկզբունքը չվնասելու սկզբունքն էր, և մեր խնդիրն էր, որպեսզի մենք ինքներս վարակի աղբյուր չհանդիսանանք: Ճիշտ է, փակ հաստատություններն ավելի կառավարելի են վարակների պարագայում, բայց և այնպես, արտաքին աշխարհի հետ կապը վտանգ էր ներկայացնում: Այս համատեքստում հարկ է նշել, որ մեր աշխատակիցներն առաջին պատվաստում ստացողներն էին, անցել են կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ բոլոր վերապատրաստումները, ինչպես, օրինակ, անհատական պաշտպանության միջոցների կրում, դրանց ախտահանում, կենցաղային աղբի նետում և այլն»,-հավելեց վարչության պետը:
Նա նշեց, որ նշվածի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի առաջարկությունն այն է, որ համավարակի դեմ պայքարի փորձը տեղայնացվի և քրեակատարողական ծառայողներն ու բուժանձնակազմն անցնեն վերապատրաստումներ, թե ինչպես պետք է կրել անհատական պաշտպանության միջոցներ, ինչպես պետք է կատարել ախտահանիչ կամ կանխարգելիչ միջոցառումները:
Չնայած կոնֆերանսի ընթացքում քրեակատարողական ծառայության կողմից ներկայացվեցին այն հրամանները և որոշումները, որոնք հրապարակվել են և եղել են համավարակի դեմ պայքարի գործիքակազմը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է խնդիրներ այդ որոշումների կատարման հետ կապված:
Գասպարյանի դիտարկմամբ՝ քրեակատարողական ծառայությունը և բժշկական ծառայությունը պետք է ունենան փոխգործակցության գործելակարգ համավարակների պայմաններում, որը կսահմանի, թե որ ծառայությունը ինչպիսի գործառույթ պետք է իրականացնի: Կար որոշում, թե ինչ գործողություններ պետք է արվեն, սակայն դրանց պատախանատուները չէին մատնանշվում որոշման մեջ: Նշված խնդիրը նկատելի է եղել ինչպես իրավական ակտի շրջանակներում, այնպես էլ գործնականում:
Ճիշտ է, միջազգային գործընկերների կողմից տրամադրվել են ախտահանիչ միջոցներ, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից դրանց կիրառման հետ կապված խնդիրներ են արձանագրվել: Այս համատեքստում առաջարկությունն այն է, որ քրեակատարողական ծառայողները և բժշկական անձնակազմը պետք է հրատապության կարգով վերապատրաստումներ անցնեն դիմակները ճիշտ կրելու, բնակելի գոտի մտնելիս կամ աշխատելիս ձեռքերն ախտահանելու վերաբերյալ:
«Մենք խիստ մտահոգություն ենք ունեցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կառուցվածքային և կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համապատասխան հրապարակումներ է կատարել: Մտահոգիչ է մինչ այժմ հիմնարկում ինֆեկցիոն բաժանմունք չունենալը և հոգեբուժական բաժանմունքի հետ համատեղված լինելու դժվարությունը, համավարակների պայմաններում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելու պայմանների բացակայությունը»,-նշեց Լ. Գասպարյանը:
Խնդիրներ արձանագրվել են նաև հետազոտությունների և ռապիդ թեստավորումների անցկացման հետ կապված: Օրինակ, եղել են դեպքեր, երբ ազատազրկված անձինք գանգատներ են ունեցել, ջերմել են, սակայն ռապիդ կամ ՊՇՌ թեստավորման հնարավորությունները սահմանափակ են եղել: Կամ ախտանշանների առկայության դեպքում դժվարություններ են առաջացել հիվանդության ախտորոշման հետ կապված:
«Այս համատեքստում մեր առաջարկությունն այն է, որ պետք է պատրաստ լինել համավարակին և մշակել վարակների դեմ պայքարի գործելակարգեր, ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման գործելակարգեր՝ ուղղված կառույցների միջև համագործակցությանը, վերահսկողությանը, անհրաժեշտ միջոցների ապահովմանը՝ հատկապես հաշվի առնելով այն բարդությունները, որոնք առկա են, օրինակ, դեղորայքի կամ անհատական պաշտպանության միջոցների գնման գործընթացներոմ: Ճիշտ է, երեք տարի արդեն անցել է, ինչը բավարար ժամանակահատված էր, սակայն այս մեխանիզմները դեռևս չեն մշակվել»,-նկատեց Գասպարյանը:
Անդրադառնալով ազատազրկված կանանց խնդիրներին՝ Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2022 թվականին ազատազրկված կանանց և օտարերկրյա քաղաքացիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ զեկույց է հրապարակել, որտեղ մոտ 70 և ավել առաջարկություններ են ներկայացվել:
Լ. Գասպարյանի գնահատմամբ՝ լրջագույն խնդիրը կապված է ազատազրկված մայրերի հետ բնակվող մինչև երեք տարեկան երեխաների հետ: Մտահոգիչ է նրանց սննդառության հարցը, քանի որ նրանց համար նախատեսված սննդակարգեր չկան, և երեխաները սնվում են մեծահասակների համար նախատեսված սննդով: Ճիշտ է, խնդիրը փոքրիշատե կարգավորվել է 2022 թվականի հունիսից հետո, սակայն կարիք կա համավարակների ժամանակ խնդիրը վերանայել և համապատասխան մոտեցումներ մշակել:
Նա անդրադարձավ նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմաններին, համավարակներին դիմակայելու համատեքստում նրանց պատրաստվածության կարևորությանը:
«Սա մշտապես եղել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում: Երբեմն խցերը վերանորոգվում են, սակայն աշխատակիցների աշխատանքային պայմանները շատ ավելի վատն են: Նրանց վերապատրաստումները և պատրաստված լինելը ցանկացած համավարակին իրենց իսկ առողջության պահպանման համար կարևոր են, և նշվածի առնչութամբ համապատասխան ընթացակարգ մշակելու անհրաժեշտություն նույնպես առկա է»,-ամփոփեց Լաուրա Գասպարյանը:
ՀՀ գլխավոր դատախազության Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վահան Հարությունյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց հրավերի համար:
Նա նշեց, որ 2020 թվականի առաջին կիսամյակում երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով հնարավորինս սեղմ շրջանակներում է կատարվել պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ սահմանադրական լիազորությունը: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ այցերը քրեակատարողական հիմնարկներ սահմանափակված են եղել՝ վարակի տարածումը կանխելու նպատակով: 2020 թվականի երկրորդ կիսամյակից սկսած, երբ վարակի տարածման տեմպերը կառավարելի են դարձել, վերսկսվել են դատախազական ստուգումները:
«Նշված ժամանակահատվածում դատախազությունը քրեակատարողական հիմնարկներում կատարել է 51 ստուգում: Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարի եղել է 62 ստուգում: Այսինքն՝ թվային առումով առանձնապես չի տուժել աշխատանքը: Այդ ստուգումերը կատարվել են փաստաթղթային եղանակով, իսկ քեակատարողական հիմնարկների հետ կապը եղել է հեռախոսակապի միջոցով: Ստուգվել են դատապարտյալներին տույժի և խրախուսանքի ենթարկելու վերաբերյալ որոշումները, համաներումներ կիրառելու վերաբերյալ որոշումները: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են խախտումներ, որոնց վերաբերյալ ներկայացվել են համապատասխան միջնորդագրեր, հաղորդումներ, վերանայվել են օրենսդրությանը հակասող տարբեր ակտեր»,-մանրամասնեց Վ. Հարությունյանը:
Դատախազի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ հարցերի քննարկումները դատարաններում նույնպես չեն տուժել: Դատախազությունը մասնակցել է պատժից պայմանական վաղաժամկետ ազատան 430 դատական նիստի: Ճիշտ է, նախորդ տարի թիվն ավել է եղել, սակայն հաշվետու ժամանակահատվածում շփումները նվազեցված են եղել:
«Այդ գործընթացում առաջահերթությունը տրվել է երեք չափորոշիչների՝ սահմանված ժամկետի կրումը, հանցանք կատարելու հավանականության բարձր կամ ցածր լինելը, ինչպես նաև վարքագծի դրսևորումը: Պատշաճ վարքագծի դրսևորման առումով մենք հաշվի ենք առել, որ 2020 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կրթական, մշակութային, մարզական և այլ միջոցառումներ չեն իրականացվել, և որոշակի խնդիրներ են եղել դատապարտյալների շրջանում: Սակայն կորոնավիրուսով վարակված լինելը կամ վարակման վտանգը չեն դրվել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ազատման հիմքում»,-ամփոփեց Վահան Հարությունյանը:
Կոնֆերանսի ավարտին քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների կողմից հարցեր են հնչել խոցելի խմբերի ազատազրկված անձանց և համավարակի ժամանակ նրանց խնդիրների, հիմնարկների շենքային պայմանների, հիմնարկների նկատմամբ վերահսկողության, աշխատակիցների կողմից թույլ տրված խախտումների բացահայտման և այլ հարցերի վերաբերյալ:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան Անահիտ Մկրտչյանը, ով նույնպես մասնակցել է կոնֆերանսին, իր խոսքում նշել է, որ COVID-19-ի հետ կապված օբյեկտիվ գնահատական հենց այս փուլում է հնարավոր տալ, երբ այն կարծես թե հաղթահարվել է, և հնարավոր է ամբողջական դիտարկումներ կատարել:
Ներկայացնելով ԻՊԱՍ-ի կողմից 2021 թվականին հրապարակված «Կալանավորումն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունների առնչությամբ դատական պրակտիկան ՀՀ-ում Կովիդ-19 հիվանդության համակավարկի պայմաններում» զեկույցը՝ Ա. Մկրտչյանը նշել է, որ ստեղծված իրավիճակը նոր էր ինչպես պետական կառույցների համար՝ նոր իրավական ակտեր մշակելու առումով, այնպես էլ քաղաքացիական հասարակության կառույցների համար՝ նշված իրավիճակի վերաբերյալ նոր հետազոտություններ կատարելու առումով և ճիշտ ժամանակն է, որպեսզի ՔՀԿ-ների առաջարկներն ի գիտություն ընդունվեն պետական կառույցների կողմից։
Հետազոտությունից մեջբերումներ անելով, փորձագետը նշել է նաև, որ հետաքրքրական է քրեական գործերով մեղադրողների՝ դատախազների այն դիրքորոշումը, որ «քրեակատարողական հիմնարկներում ավելի ապահով է, քանի որ կալանավայրերում ավելի խիստ միջոցառումներ են ձեռնարկվում հակահամաճարակային նորմերը պահպանելու կապակցությամբ»։ Միևնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ երբեմն դատարանները ճիշտ հակառակ դիրքորոշումն են ունեցել, նշելով, որ «ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժը սահմանափակված է, բոլոր անձինք համարվում են ինքնամեկուսացված, տեղաշարժվել կարող են միայն խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ այդ տեղաշարժը վերահսկվում է, հետևաբար անազատության մեջ նրանց պահելու անհրաժեշտությունը բացակայում է»։ Փորձագետը նշել է, որ առհասարակ, առողջության վերաբերյալ տվյալները պետք է հաշվի առնվեն խափանման միջոց ընտրելիս։
«Քրեական արդարադատության համակարգում COVID-19 համավարակին գենդերազգայուն հակազդում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կոնֆերանսը լուսաբանել են Epress.am-ը և Ալիք Մեդիան:
Կոնֆերանսի վերաբերյալ հրապարակումներ են տեղադրվել ՀՀ արդարադատության նախարարության ֆեյսբուքյան էջում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, պրոբացիայի ծառայության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքէջերում:
Factor TV-ն այն հեռարձակել է ուղիղ եթերով, իսկ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ը ռեպորտաժ է պատրաստել:
Կոնֆերանսն իրականացվել է Հայաստանում կանանց հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի կողմից իրականացվող «COVID-19 Համերաշխության ծրագիր 2020-2022» ծրագրի շրջանակում:
2022 թվականի տարեսկզբից Կազմակերպությունը Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ «COVID-19-ի ազդեցությունն ազատազրկված և պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանության վրա» թեմայով հետազոտություն է իրականացրել:
Հետազոտական զեկույցի հիման վրա Կազմակերպությունը նախատեսում է բանտերում և պրոբացիայի ծառայությունում COVID-19 համավարակին գենդերազգայուն արձագանքի քաղաքականության փաստաթուղթ մշակել: