2023 թվականի մայիսի 24-ին տեղի ունեցավ JUREMONIA հարթակի հինգերորդ հանդիպումը, որին մասնակցեց նաև հարթակի անդամ Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը։
Հանդիպումը սկսվեց քրեակատորական և պրոբացիայի ոլորտների 2019-2023 թվականների ռազմավարության վերաբերյալ իրականացված ելակետային հետազոտության քննարկմամբ։ Այն ներկայացրեց քրեակատորական և պրոբացիայի ոլորտների փորձագետ Նինա Փիրումյանը։
Նա նշեց, որ ռազմավարական միջոցառումներն առանձնացվել են ըստ 3 հիմնական ոլորտների՝ քրեակատարողական ոլորտ, պրոբացիայի ոլորտ, հանրային իրազեկում և արդյունավետ համագործակցության խթանում։ Ռազմավարության 44 միջոցառում վերաբերում է քրեակատարողական ոլորտին, 13-ը՝ պրոբացիայի գործունեությանը, 1 միջոցառում ամրագրում է հանրային իրազեկման բարձրացումը։
Ռազմավարության ծրագրի կատարման ընթացքը համակարգելու, մշտադիտարկելու և գործողությունների կատարմանը նպաստելու նպատակով ստեղծվել է համակարգող խորհուրդ, որի կազմում ներառված են միայն պետական մարմինների ներկայացուցիչներ, իսկ ոլորտի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները խորհրդի կազմում չեն ներառվել։
Ըստ ռազմավարության 11.8.3-րդ կետի՝ 2019 թվականի սեպտեմբերի 2-ից «Արմավիր», «Աբովյան» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում իրականացվում է ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթությունը: Փորձագետը շեշտեց, որ նշված քայլերի արդյունքների պահպանման և նոր քայլերի ձեռնարկումը կնպաստի վերասոցիալականացման գործընթացի արդյունավետության ապահովմանը: Հաշվի առնելով, որ ռազմավարական այս միջոցառման մեկնարկը տրվել է դեռևս 2019 թվականին, կարևոր է հասկանալ, թե արդյոք ռազմավարության ընդունման պահին դրա իրականացման փաստացի վիճակի գնահատում, ընթացիկ խնդիրների վերհանում իրականացվել է, թե ոչ։ Օրինակ՝ քանի՞ դատապարտյալ հանրակրթությունը չի ավարտել, քանի՞սն են մասնակցել հանրակրթական առարկաների ուսուցմանը, ինչպե՞ս է իրականացվել իրազեկումը դատապարտյալների շրջանում։ Ըստ իրականացրած կարիքների նախնական գնահատման՝ առնվազն 300 դատապարտյալ կարիք ունեն իրացնելու հանրակրթություն ստանալու իրավունքը։
Հաջորդ գործնական խնդիրը միջգերատեսչական պատշաճ փոխգործակցության ապահովումն է։ Խոսքը վերաբերում է քրեակատարողական հիմնարկներին, որոնք ևս՝ որպես պատիժ կատարող հիմնարկներ, խնդիր ունեն ապահովելու անձի վերասոցիալականացման գործընթացը։ Մինչդեռ գործնականում արձանագրվել են դեպքեր, երբ, օրինակ, ուսուցիչը կամ մասնագիտական հմտություններ սովորեցնողը, մեկնելով հիմնարկ, բախվել են կազմակերպական խնդիրների․ դատապարտյալի հետ հանդիպումը չի կազմակերպվել խցից դուրս չգալու, քրեական վարույթով վարութային գործողություններին մասնակցության և այլ պատճառաբանություններով։
Իբրև համակարգային խնդիր՝ նախանշվել է, որ ամբողջ քրեակատարողական համակարգն անձանց դիտարկում է ոչ թե անհատապես որպես կարիքներ ունեցող անհատի, այլ այս կամ այն խմբին պատկանող, ինչը հնարավորություն չի տալիս ապահովել պետության անհատականացված արձագանքը։ Նույն տրամաբանությամբ էլ անցկացվում են վերասոցիալականացման միջոցառումները, որոնք թիրախավորում են այս կամ այն խմբին՝ որպես շահառու։
Անձի վերասոցիալականացման ու կրկնահանցագործության կանխման տեսանկյունից կարևոր են հատկապես մասնագիտական հմտությունների ձեռքբերումը, որը հետագայում անձին հնարավորություն կընձեռի պատժի կրումից հետո ինքնադրսևորվելու աշխատաշուկայում։ Փորձագետը նշեց, որ համակարգային առումով դեռևս չլուծված է, այսպես կոչված, շտեմարանների (management information system) վարման խնդիրը, էլեկտրոնային բազաների հավաքագրումն ու հասանելիությունը։ Խոսքը վերաբերում է ոչ թե ինքնին թվային գործիքների առկայությանը (ռազմավարությամբ նախատեսված՝ e-penitentiary և e-probation համակարգերին), այլ դրանցում բովանդակվող տեղեկությունների համադրելիությանը և այն անհրաժեշտ տեղեկությունների ներառմանը, որոնք պետք է հաշվի առնվեն դատապարտյալի հետ աշխատանքներ իրականացնելիս։
Փորձագետը նշեց, որ ելակետային տվյալների բացակայությունն ու ակնկալվող արդյունքի գնահատման համար չափելի վերստուգիչ չափանիշների բացակայությունը լուրջ խոչընդոտ են նաև ռազմավարության կատարողականի գնահատման առումով։ Ուստի, միջոցառումների կատարման վիճակը գնահատելիս պետք է դիտարկել, թե որքանով է ապահովված «միջոցառման բովանդակություն-կատարման վիճակի գնահատում–ակնկալվող արդյունք» փոխհարաբերակցությունը։ Նա նշեց, որ կարևոր է, որպեսզի ոլորտի խնդիրները թիրախավորող ռազմավարական միջոցառումները նախատեսեն ոչ թե իրավիճակային լուծումներ, այլ ապահովեն դրանց լուծման ինստիտուցիոնալ հիմքերը։
Աղբյուրը՝ juremonia.am