Skip to content Skip to sidebar Skip to footer

«Կրթությունը ոչ միայն գիտելիք է տալիս, այլև փոխում է աշխարհայացքը». Հասմիկ Հովակիմյան

2023 թվականի օգոստոսի 15-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Դատապարտյալների վերասոցիալականացման հնարավորություններ թղթի վրա, բայց ոչ կյանքում» թեմայով քննարկում։

Բանախոսներն էին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի Վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը։

 «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի Վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը նշեց, որ անհնար է պատկերացնել վերականգնում առանց կրթության։ Կրթություն ստանալու հնարավորությունը հասարակության մեջ վերաինտեգրվելու հիմքերից մեկն է։

Անդրադառնալով ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերին՝ ներկայացրեց մինչև 19 տարեկան դատապարտյալների և կալանավորված անձանց հանրակրթությունը։ Նշեց, որ նշված խմբի անձանց հանրակրթությունը չէր իրականացվում 2015 թվականից։ Գործընթացը վերականգնվեց 2018 թվականից։ Ներկայումս այն հնարավորություն է տալիս, որպեսզի անձը, հայտնվելով քրեակատարողական հիմնարկում, կրթության իր սահմանադրական իրավունքն իրացնի։

Հաջորդ ծրագիրն իրավախախտում կատարած անձանց գեղագիտական կրթությունն է։ Առաջ ծրագիրն իրականացվում էր միայն «Աբովյան» ՔԿՀ-ում անչափահասների և կանանց համար։ Այնուհետև իրականացվեց «Արմավիր» ՔԿՀ-ում։ Ներկայումս ներառված են բոլոր հիմնարկները՝ բացառությամբ «Դատապարտյալների հիվանդանոց» և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ների։ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից չեն ստացվել դիմումներ։ Կատարվում են այդ ծրագրերի ընթացիկ գնահատումներ, ինչի արդյունքում բովանդակային փոփոխություններ են կատարվում։ Օրինակ, 2022 թվականից այդ ծրագրում մասնագիտական հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ են ներդրվել՝ կահույքագործության հիմունքներ, կարուձև, վարսավիրություն։

Կարիքների գնահատման արդյունքում պարզվեց, որ բավականին մեծ թվով անձինք չունեն միջնակարգ կրթությունը, ինչի պատճառով հատկապես երկարատև պատժի կրման դեպքում չեն կարողանում դիմել բարձրագույն ուսումնական հաստատություն։ «Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարվեց, ինչից հետո ազատազրկման ձևով պատիժ կրող այն դատապարտյալները, որոնց 19 տարեկանն արդեն լրացել է, կարող են քրեակատարողական հիմնարկում լրացնել այդ բացը։ 2022 թվականին 90 անձ սովորելու ցանկություն է հայտնել։ Ներկայումս այդ կրթության կարիք ունեցողների թիվը 239-ն է։ Նրանցից այս տարի սովորելու ցանկություն է հայտնել 66-ը։

«Ի տարբերություն այլ երկրների, որտեղ կա չափահասների հանրակրության տարիքային սահմանափակում, մեր պետությունը սահմանափակում չի նախատեսել, քանի որ կրթություն չունեցող դատապարտյալների միջին տարիքը 39-42 տարեկանն է»,-մանրամասնեց բանախոսը։ 

Հանրակրթական ծրագրերն իրականացվում են 6 քրեակատարողական հիմնարկում։ Դասասենյակներն ապահովվում են քրեակատարողական ծառայության կողմից։ Դրանց նյութատեխնիկական հագեցվածությունն ապահովում է ՊՈԱԿ-ը։

«Կրթական ծրագրերը միտված են կրթության միջոցով անձանց ակտիվ պահելուն։ Հանրակրթական ծրագրերում ներառված են սոցիալ-հոգեբանական դասընթացներ, բացի այդ, որպես հիմնական առարկա, ներդրվել է «Հոգեբանությունը»։ Այդպիսով կրթությունը ոչ միայն գիտելիք է տալիս, այլև փոխում է աշխարհըկալումը և աշխարհայացքը, ձևավորում է մարդասիրություն»,-նշեց Հովակիմյանը։ 

Ինչ վերաբերում է մարտահրավերներին, ապա դրանք առնչվում են դատապարտյալների և աշխատողների իրավագիտակցության բարձրացմանը, ուսումնական սենյակների բացակայությանը։ Օրինակ, «Արմավիր» ՔԿՀ-ում սեպտեմբերից նախատեսվում է աշխատել մոտ 95 դատապարտյալի հետ։ Դա ենթադրում է 12 ուսումնական սենյակի անհրաժեշտություն։

Հ․ Հովակիմյանի դիտարկմամբ՝ մարտահրավեր է մրցունակ և երիտասարդ ուսուցիչների ներգրավումը։ Դա խնդիր է հատկապես մարզերում։ Պատճառը կարծրատիպային մտածելակերպն է։ Այս համատեքստում ՊՈԱԿ-ը համագործակցում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, որպեսզի քաղաքապետարանների և մարզպետարանների միջոցով կարողանան համապատասխան մասնագետներ ներգրավել։ 

«Սկզբում դիմումի համաձայն բոլորին ներառում ենք։ Սակայն եթե անձը համապատասխան հաճախում, վարք և մոտիվացիա չի ցուցաբերում, հետագա գործընթացին չի մասնակցում։ Օրինակ, չափահասների հանրակրությանը մասնակցում էր 90 դատապարտյալ, նրանցից ոմանք պայմանական վաղաժամկետ ազատվեցին, ոմանք իրենց ցանկությամբ դուրս եկան, ոմանց ՊՈԱկ-ը հեռացրեց բացակայությունների պատճառով։ Կատարում ենք կրթության նկատմամբ վերաբերմունքի փոփոխման, դրական վերաբերմունքի ձևավորման աշխատանքներ, ինչը ոչ թե մարտահրավեր է, այլ ընթացիկ աշխատանք»,-եզրափակեց Վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետը։ 

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.