Skip to content Skip to sidebar Skip to footer

«Դատախազի սուբյեկտիվ գնահատականները չպետք է ազդեն դատախազական համակարգի նկատմամբ արժանահատավության վրա»․ Նարե Հովհաննիսյան

2023 թվականի օգոստոսի 15-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Դատապարտյալների վերասոցիալականացման հնարավորություններ թղթի վրա, բայց ոչ կյանքում» թեմայով քննարկում։

Բանախոսներն էին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի Վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը։

Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը նշեց, որ մտահոգությունը, որը կապված է այս քննարկումը նախաձեռնելու հետ, այն է, որ մի շարք դատապարտյալներ «Արմավիր» ՔԿՀ-ից գրություններով դիմել են արդարադատության նախարարությանը, կառավարության աշխատակազմին և դատախազությանը։ Դիմելու պատճառը դատախազության կարծիքն է այն մասին, որ վերասոցիալականացման ծրագրերին մասնակցելուց անձինք դեռևս չեն վերասոցիալականացվել։

Ահազանգից հետո վերահսկող դատախազներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ՝ փարատելու այն մտահոգությունը, որ այդ ծրագրերը ձևական բնույթ չեն կրում, հավաստիանալու, որ դատապարտյալներն ունեն այդ դիմումները գրելու համար բավարար գրագիտություն և բառապաշար կամ թե արդյոք ուղղորդում եղել է վարչակազմի կողմից։ Հովհաննիսյանի կարծիքով առկա չէ որևէ գործիքակազմ, որը կօգնի դատախազությանը կարծիք կազմելու համար այն մասին, թե արդյոք մասնակցությունը ձևական է եղել կամ թե արդյոք մասնակցության արդյունքում անձը վերասոցիալականացվել է։

«Վերջին տարիներին պետությունը լայն թափով լծվել է վերասոցիալականացման քաղաքականությունը կյանքի կոչելուն։ Այս փաստն արձանագրում են նաև դատապարտյալները։ Բացի այդ, քրեակատարողական համակարգում ունենք հստակ պատկեր, որ այն հիմնարկներում, որտեղ իրականացվում են այդ դասընթացները, ագրեսիվության աստիճանը նվազել է, դատապարտյալների շրջանում ինքնավնասումների և բացասական հակումների միտումները նվազել են, անձինք հետաքրքրվում են կրթությամբ, դա դիտարկում են որպես հասարակություն վերադառնալու կարևոր նախապայման։ Դա վերաբերում է և հանրակրությանը, և գեղագիտական կրթությանը։ Սակայն դատախազությունը կարծես թե դեռևս պատժողական քաղաքականության տիրույթում է գործում»,-նշեց Ն․ Հովհաննիսյանը։

Այն, որ դատախազությունը թերահավատորեն է վերաբերում գործընթացին, արտահայտվում է նաև անձանց խրախուսանք տալու վիճակագրության մեջ։ Մեծամասամբ խրախուսանքները դատախազությունը որակում է ոչ հիմնավոր և միջնորդում, որպեսզի այդ որոշումները կասեցվեն։ Նույն միտումները չեն նկատվում կարգապահական տույժերի դեպքում։ Վերջին տարիների ընթացքում Հովհաննիսյանին հայտնի է 1 դեպք, երբ վերահսկող դատախազը ծանոթացել է դատապարտյալի անձնական գործին և եզրակացրել, որ կան անձին խրախուսանք տրամադրելու բոլոր նախադրյալները։ Եվ միջնորդել է, որպեսզի դատապարտյալին հիմնարկի պետի կողմից խրախուսանք տրվի։

Բարեփոխումներին վերաբերելի բոլոր կառույցները սինխրոն ներգրավված չեն։ Խոսքը վերաբերում է ինչպես դատախազությանը, այնպես էլ դատական համակարգին։ Օրինակ, դատապարտյալները ջանք են գործադրում, առկա հնարավոր տարբերակներից օգտվում են և վերասոցիալականացվելու, և դա ցույց տալու համար։ Մինչդեռ հնարավոր է 2 դրական զեկույցի առկայության դեպքում անձը վաղաժամկետ չազատվի, սակայն 2 բացասական զեկույցի դեպքում ազատվի։ Սա քննարկման առարկա է դառնում ինչպես մասնագիտական հանրույթում, այնպես էլ դատապարտյալների շրջանում, ինչն առաջ է բերում հուսախաբություն։

«Պետությունն աշխատում է դատապարտյալի հետ, վերջինս գալիս է այն գիտակցությանը, որ պետք է ուղղվի, վերասոցիալականացվի, դա է հասարակության մեջ վերաինտեգրվելու տարբերակներից մեկը։ Իր դրական փոփոխությունն արտահայտելու ձևերից և ազատության մեջ հայտնվելու պայմաններից մեկն այդ ծրագրերին մասնակցելն է։ Դա գնահատվում է համակարգի կողմից, սակայն դատախազության կողմից դեռևս որոշակի թերահավատություն կա գործընթացի նկատմամբ։ Իր փոխվելուն չհավատալը հանգեցնում է հուսախաբության։ Դատապարտյալները միգուցե նաև չցանկանան մասնակցել ծրագրերին»,-ասաց բանախոսը։

Ն․ Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ գործընթացը մեխանիկական չպետք է լինի։ Այսինքն՝ զուտ մասնակցությունը չպետք է անձին ազատելու պատճառ դառնա։ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ն ունի գործիքակազմ, որի հիման վրա վերահսկում է հաճախումները, որոշում է տալ մասնակցության վկայական կամ հավաստագիր, հաշվի է առնում մասնակցության ծավալը, ունի կրթական ծրագրերը մշտադիտարկելու գործիք, իրականացնում է ծրագրերի գնահատումներ։ Դա թույլ է տալիս որակական և բովանդակային գնահատական տալ վերասոցիալականացման մաս կազմող կրթական ծրագրերին։

«Առաջարկությունս է, որպեսզի նմանատիպ մոտեցումներ ունենա նաև դատախազությունը։ Ակնհայտ է, որ կրթական ծրագրերը դատապարտյալների՝ հիմնարկի ներսի կյանքի վրա էական ազդեցություն են թողել։ Իմ մտահոգությունն այն է, թե դատախազը ինչի հիման վրա գնահատական տալիս, որ, օրինակ, տվյալ դատապարտյալը ձևական է մասնակցել կամ ինչի հիման վրա է հայտարարում, որ ինքը թույլ չի տալու, որպեսզի տվյալ դատապարտյալն ազատվի։ Հստակ չափանիշներ պետք է լինեն, որպեսզի բացառություն կազմող 1 կամ 2 դատախազի սուբյեկտիվ գնահատականների պատճառով բացասական պատկերացում չձևավորվի ամբողջ դատախազական համակարգի նկատմամբ։ Դա կամրապնդի արժանահավատությունն այդ համակարգի նկատմամբ»,-մանրամասնեց Հովհաննիսյանը։

Բացի այդ, իրավական որոշ կառուցակարգեր բացասաբար են անդրադառնում կամ խոչընդոտում են ցմահ դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացին, օրինակ, տուժողի իրավահաջորդներից վրեժխնդիր լինելը կամ քաղաքացիական հայցը չվճարելը։ Սակայն այս հարցերը քննարկման առարկա չեն դառնում այն ժամանակ, երբ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձը պատժի լրիվ կրումով ազատ է արձակվում։    

«Իմ առաջարկությունն է, որպեսզի այս ազդակներն օբյեկտիվորեն ընդունվեն դատախազության կողմից, դառնան քննության կամ քննարկման առարկա, որոշակի կառուցակարգեր մշակվեն կամ վերանայվեն, որպեսզի գործընթացը լինի հնարավորինս օբյեկտիվ, զերծ անհատական-անձնային գնահատումներից, արժանահավատություն առաջանա անձի վերասոցիալականացման գործընթացի նկատմամբ, գործընթացում աշխատանքը սինխրոն լինի։ Սա արդյունավետ է պետության համար նաև ծախսարդյունավետության տեսանկյունից։ Ի վերջո, ավելի ողջունելի է ոչ թե անձին հիմնարկում փակելը և տարիներ շարունակ նրա վրա միլլիոնավոր դրամներ ծախսելը, այլ նրան հասարակություն վերադարձնելու քայլերն ավելի ինտենսիվացնելը և դատապարտյալին աշխատող ու հարկ վճարող քաղաքացի դարձնելը»,-եզրափակեց Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.