2023 թվականի հոկտեմբերի 20-ին «Արմավիր» ՔԿՀ-ում տեղի ունեցավ հիմնարկի պատմության մեջ աննախադեպ մասշտաբի հայրենասիրական միջոցառում, որը կրում էր «Ես հայ եմ և մասնիկն եմ իմ հայրենիքի» խորագիրը։
Միջոցառման նախաձեռնողը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ն էր՝ Հանրակրթության և վերականգնողական ծրագրերի բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանի և պատմության դասախոս Նելլի Սարգսյանի գլխավորությամբ։
Մասնակցում էին հիմնարկի 8 դատապարտյալներ, որոնք համառոտ ելույթի ընթացքում կարողացան ներկայացնել բազմահազարամյա հայոց պատմությունն ազգային էպոսից մինչ մեր օրեր՝ չմոռանալով և ոչ մի արքայատոհմի սխրագործություն։ Անշուշտ, պատմությունը յուրաքանչյուր ազգի հայելին է, և յուրաքանչյուր ոք պետք է համապարփակ տեղեկություն ունենա սեփական ազգի անցած ուղու վերաբերյալ, որպեսզի հողը ոտքերի տակ երբեք չերերա։ Այս կապակցությամբ հարկ է շեշտել պատմության մասնագետի հոգատար ջանքերը և շնորհակալություն հայտնել դատապարտված անձանց տված գիտելիքի համար։
Իհարկե, հանուն արդարության պետք է նշել, որ ՊՈԱԿ-ի աշխատակից դասախոսների շարքում Նելլի Սարգսյանը միակը չէ, որ անմնացորդ նվիրված է մանկավարժի իր գործին։ Այդպիսին են հայոց լեզվի և գրականության, ռուսաց լեզվի, անգլերենի, մաթեմատիկայի, մնացած այլևայլ առարկաների ուցուցիչները։ Այս անվանացանկում իր հաստատուն ու նշանակալի տեղն ունի դեկորատիվ կիրառական արվեստի՝ խեցեգործության մասնագետ Ժասմենա Տեր-Հովհաննիսյանը, և բնավ ոչ նրա համար, որ ամենաստաժավորն (շուրջ 23 տարի) է հիմնարկի մանկավարժների մեջ, այլ նրա համար, որ իրապես ծնողական գորովանքով է մոտենում իր բոլոր սաներին։ Մեծագույն վկայությունը նրա ելույթն էր միջոցառման հյուրերի ներկայությամբ, որի ընթացքում, «որպես մայր և տատիկ» առաջարկում էր վերանայել իր սաների պատժից ազատման հնարավորությունները, քանի որ «նրանք իսկապես լավն են»։
Ինչպես նշեցինք, հանդիսությունն աննախադեպ էր իր մասշտաբով և նաև բարձրաստիճան հյուրերի քանակով։ Հանդիսությանը ներկա էին ՀՀ արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը, Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ Պավել Գրիգորյանը, Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Արտակ Առուստամյանը, նույն ծառայության Սոցիալական, հոգեբնական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը, «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմը՝ հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանի և պետի տեղակալ, արդարադատության մայոր Հայրապետ Անանյանի գլխավորությամբ, ՊՈԱԿ-ի տնօրեն Ձոնիկ Մարգարյանը, ուսուցիչները, ՀՀ գլխավոր դատախազության, ՀԿ-ների և ԶԼՄ ներկայացուցիչներ, արվեստագետներ, հոգևորականներ և այլ հյուրեր։
Հանդիսությանը հրավիրված էր նաև Հայաստանի մշակույթի գործիչների միությունը, որը բազմիցս տարբեր մակարդակներով այցելել է և հանդիպումներ ունեցել հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների հետ։ Հանդիսության ավարտին, ի գնահատանք կատարված մեծ աշխատանքի, միության կողմից պատվոգրեր շնորհվեցին հիմնարկի պետ Լաերտ Գրիգորյանին, ՊՈԱԿ-ի տնօրեն Ձոնիկ Մարգարյանին, պատմության դասախոս և միջոցառման բեմադրիչ Նելլի Սարգսյանին, ՊՈԱԿ-ի հանրակրթության բաժնի վարիչ Հասմիկ Հովակիմյանին։ Միջոցառման մասնակից դատապարտյալներ Վիտալիոս Խիոնիդիսը, Արթուր Քոչարյանը, Ցոլակ Մելքոնյանը, Վանիկ Կիրակոսյանը, Օնիկ Կարապետյանը, Կարեն Դալլաքյանը, Սեյրան Մարկոսյանը պարգևատվեցին միության շնորհակալագրերով։ Մասնակիցները անմասն չմնացին նաև նվերներից՝ ՊՈԱԿ-ի կողմից ստանալով անվանական բաժակներ՝ ի հիշատակ հրաշալի միջոցառման։
Միջոցառման շրջանակներում ցուցադրվեցին նաև դատապարտյալների կողմից պատրաստված խեցեգործական և վիտրաժային աշխատանքները, որոնք արժանացան ներկաների բարձր գնահատականին։ Օնիկը, ով մասնագիտությամբ խոհարար է, միջոցառման ողջ ընթացքում թխում էր հայկական ավանդական անուշահամ գաթաներ, որոնք հանդիսության վերջում համտեսեցին ներկաները՝ հայտնելով իրենց գոհունակությունը։
Այսպիսով, ևս մեկ անգամ ամրագրվեց, որ մասնակից դատապարտյալները մասնիկն են իրենց հայրենիքի՝ ցույց տալով, որ ո՛չ միայն հայրենասեր են, այլև՝ հայրենատեր։
Հուսադրող և ոգևորիչ էր արդարադատության փոխնախարարի ելույթի ընթացքում արտահայտած այն միտքը, թե դատապարտյալը պետք տարբերվի հասարակ քաղաքացուց նրանով, որ սահմանափակված է նրա տեղաշարժը։ Այսինքն, հավանականորեն՝ պետական վերջին տարիների հումանիզմը կարող է բերել նոր արդյունքների։ Ուրեմն մնում է սպասել և հուսալ․․․
Հանդիսության ավարտին հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման անունից փոխնախարարը հրավեր ստացավ ևս մեկ անգամ այցելելու հիմնարկ և հանդիպում ունենալու Միավորման անդամների հետ, ինչին փոխնախարարը դրական արձագանք տվեց։
ՄՈՒՇԵՂ ՄՈՎՍԵՍԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի ինքնագործ
մշակութային միավորման նախագահ