«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն տարեսկզբին դիմում է ստացել, որում նշվել է, որ Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի Ա․Հ․-ն, ով Հայաստանի սահմանն ապօրինի հատելու փորձի համար ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերի 4-ին, այնուհետև դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման, ներկայումս պատիժ է կրում «Արմավիր» ՔԿՀ-ում։
Դիմումի միջոցով հարազատները հայտնել են, որ Ա․Հ․-ն ընտանիքի միակ կերակրողն է, իր խնամքին ունի անչափահաս աղջիկ և տարեց տատիկ։ Նաև տեղեկացրել են, որ դատապարտյալի ֆիզիկական և հոգեկան առողջությունն օրեցօր վատանում է։ Նա սովոր չէ հայկական սննդին, իսկ ընտանիքը չի կարողանում գումար ուղարկել, որպեսզի վերջինս ուտելիք գնի։ Բացի այդ, դատապարտյալը չի կարողանում շփվել ընտանիքի հետ՝ ֆինանսական և տեխնիկական խնդիրների պատճառով։ Ընտանիքն ապրում է գյուղական վայրում, որը չունի համացանցի հասանելիություն։ Ա․Հ․-ն դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ խնդրելով օգնել իր քաղաքացիության երկիր վերադառնալու հարցում։ Նախարարությունից տեղեկացրել են, որ Հայաստանի և Բանգլադեշի միջև գոյություն չունի դատապարտյալների փոխանցման վերաբերյալ միջազգային պայմանագիր, սակայն հայտնել են, որ հարցը կքննարկվի։
Նշված դիմումի հիման վրա Իրավական նախաձեռնությունների կենտրոնը դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը՝ խնդրելով ապահովել Ա․Հ․-ի պատշաճ սննդառությունը և նրան տեղեկացնել ամսական մեկ անգամ պետական միջոցների հաշվին հեռախոսակապից օգտվելու իրավունքի մասին, ինչպես նաև կազմակերպությանը գրավոր ձևով տեղեկացնել նշված առաջարկությունների և Ա․Հ․-ին իր քաղաքացիության երկիր փոխանցելու շուրջ ձեռնարկված գործողությունների արդյունքների մասին։
Քրեակատարողական ծառայությունից տեղեկացրել են, որ «Արմավիր» ՔԿՀ-ի Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցների կողմից կատարվել է Ա․Հ․-ի անհատական ընդունելություն, որի ընթացքում վերջինիս՝ իրեն հասկանալի լեզվով բացատրել են տեսազանգից օգտվելու կարգը։ Նաև տեղեկացրել են ամսվա մեջ մեկ անգամ պետական միջոցների հաշվին հեռախոսակապից օգտվելու, իր կրոնական և ազգային պահանջմունքներին համարժեք սունդ ստանալու համար համապատասխան դիմում ներկայացնելու իրավունքի մասին։
ՀՀ արդարադատության նախարարությունից վերահաստատել են, որ Հայաստանի Հանրապետության և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման ոլորտը կարգավորող որևէ երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագիր չի գործում, ուստի Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է ուսումնասիրել Բանգլադեշի քաղաքացու փոխանցման հարցը փոխադարձության սկզբունքի և Արդարադատության նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 536-Ն հրամանի հիման վրա: Հիմք ընդունելով վերոնշյալ հրամանը՝ Արդարադատության նախարարությունում կատարվել են անհրաժեշտ հարցումներ իրավասու մարմիններից՝ դատապարտյալի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով:
Հրամանի 1-ին կետի 1-ին մասի համաձայն՝ Արդարադատության նախարարությունում կարող է քննարկվել օտարերկրյա պետություններում կամ Հայաստանի Հանրապետությունում ազատազրկման դատապարտված դատապարտյալների փոխանցման հարցը, ի թիվս այլնի, այն դեպքում, երբ դատապարտյալի նկատմամբ կայացված դատավճիռը վերջնական է և մտել է օրինական ուժի մեջ: Նախարարությունը, հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանում օտարերկրացու ազատազրկման դատապարտման դեպքում՝ դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու մասին անհապաղ տեղեկացնում է ոստիկանության բնագավառում լիազորված պետական մարմնին՝ նշված օրենքի 31-րդ հոդվածով (Օտարերկրացու արտաքսման վերաբերյալ գործի հարուցումը) սահմանված կարգով արտաքսման վերաբերյալ գործ հարուցելու համար: Արդարադատության նախարարության և օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից՝ դատապարտյալի փոխանցման համար համաձայնությունը ստանալուց հետո՝ օտարերկրյա քաղաքացուն իր քաղաքացիության երկիր փոխանցելու պարագայում անհրաժեշտ է նշված օրենքի 36-րդ հոդվածով (Արտաքսման մասին որոշումն ի կատար ածելը) սահմանված կարգով օտարերկրացու արտաքսման մասին վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման առկայությունը: