2024 թվականի փետրվարի 19-ին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը և Քրեակատարողական բժշկության կենտրոնի «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ստորաբաժանման բժիշկ-գինեկոլոգ Անահիտ Գրիգորյանը մասնակցել են Հանրային ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդմանը։ Թեման էր «Ազատազրկած կանանց սեռական և վերարտադրողական առողջության խնդիրները»։ Բանախոսները քննարկել են հետևյալ հարցերը՝
- Առողջապահական ի՞նչ ծառայություններ են հասանելի ազատազրկված կանանց,
- ինչպե՞ս է կազմակերպվում նրանց բժշկական օգնությունը և սպասարկումը,
- ո՞ր դեպքերում է կարիք լինում տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց,
- ինչպե՞ս են ձեռք բերում դեղորայքը, ո՞ր դեղերն են հասանելի,
- ո՞ր դեպքերում են դեղերը ձեռք բերում ընտանիքի օգնությամբ,
- սեռական և վերարտադրողական առողջության հետ կապված ի՞նչ հիմնական խնդիրներ կան:
«Աբովյան» ՔԿՀ-ի ստորաբաժանման բժիշկ-գինեկոլոգ Անահիտ Գրիգորյանը նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունը կատարում է Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը բոլոր քրեակատարողական հիմնարկներում ստորաբաժանումներ ունի։ «Աբովյան» ՔԿՀ–ի ստորաբաժանումը համալրված է շուրջօրյա հերթապահություն կատարող բուժքույրերով և նեղ մասնագիտացում ունեցող բժիշկներով՝ նարկոլոգ, ատամնաբույժ, հոգեբույժ և գինեկոլոգ։
Հիմնարկում բուժծառայությունը հավասարեցված է ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությանը։ Երբ անձը մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ, կատարվում է արտաքին բժշկական զննություն, կազմվում է ամբուլատոր քարտ, որտեղ նշվում են առողջական վիճակին վերաբերող տվյալները՝ հիվանդություններ, վիրահատություններ, հետազոտություններ, բուժումներ և այլն, ինչը հեշտացնում է առողջությանն առնչվող հարցերը կազմակերպելը։ Կատարվում է ՄԻԱՎ-ի, Հեպատիտների, սիֆիլիսի ռապիդ թեստավորում․
«2023 թվականին ունեցել ենք բացահայտումներ։ Մեկ կնոջ մոտ բացահայտվել է սիֆիլիս, իսկ մեկ այլ կնոջ մոտ՝ միաժամանակ սիֆիլիս և ՄԻԱՎ, ինչից կինը տեղեկացված չէր։ Պատճառն այն է, որ ազատության մեջ բոլորը չէ, որ դիմում են բժշկական օգնության, աչքաթող են անում։ Իսկ մեզ մոտ դա վերահսկվում է, ինչն օգնում է, որպեսզի խնդիրները բացահայտվեն»։
Ան․ Գրիգորյանը մանրամասնեց, որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելուց անմիջապես հետո կանանց առաջարկվում է նաև գինեկոլոգիական զննություն, որի անցկացման համար կա համապատասխան կաբինետ՝ համալրված անհրաժեշտ բոլոր պարագաներով։ Զննության արդյունքներից կամ կնոջ ներկայացրած գանգատներից ակնհայտ են դառնում այն դեպքերը, որոնք պահանջում են լրացուցիչ զննություն։ Ըստ այդմ՝ կանայք ուղղորդվում են մասնագիտացված բուժմիավորումներ։ Նրանք կցագրված են Աբովյան բժշկական կենտրոնին և Աբովյանի ծննդատանը, որտեղ անհրաժեշտության դեպքում կատարվում են գործիքային և լաբորատոր հետազոտություններ․
«Ստորաբաժանումը համագործակցում է նաև Իզմիրլյան բժշկական կենտրոնի հետ, Էրեբունի բժշկական կենտրոնի հետ, Հանրապետական հիվանդանոցի և Մաշկավեներոլոգիական դիսպանսերի հետ։ Թոքաբանության ազգային կենտրոնը տարվա մեջ 1 անգամ կազմակերպում է շարժական այց՝ ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն անցկացնելու նպատակով։ Մեր նախաձեռնությամբ և Առողջապահության նախարարության աջակցությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկներն այցելել են հիմնարկ։ Խմբում ընդգրկված էին սոնոգրաֆիստներ, թերապևտներ, վիրաբույժներ, գինեկոլոգներ։ Լայն ծավալի հետազոտության արդյունքում բավականին խնդիրներ բացահայտեցինք կանանց շրջանում կապված վահանաձև գեղձի և կրծքագեղձի բարորակ փոփոխությունների հետ։ Ուշադրություն է դարձվում հոգեկան առողջության հետ կապված հարցերին, բուժում է տարվում, ինչի արդյունքում նվազում են ինքնավնասումների դիմելու դեպքերը»։
Ինչ վերաբերում է դեղերին, ապա ստորաբաժանումը եռամսյակային կամ ամսական կտրվածքով պահանջագիր է ներկայացնում Քրեակատարողական բժշկության կենտրոնին։ Սակայն բժիշկ-գինոկոլոգը նշեց, որ շատերի մոտ հիվանդությունները խրոնիզացված են, պատճառը ոչ պատշաճ կամ ոչ ժամանակին բուժում ստանալն է։ Հիմնարկում այդ խնդիրները բացահայտվում են, բուժման գործընթացը կազմակերպվում է, լինում են դրական արդյունքներ։ Օրինակ, կան կանայք, ովքեր բարեհաջող բուժման արդյունքում հենց ազատազրկման ընթացքում մայրացել են։
Հղի կանանց վերաբերյալ Ան․ Գրիգորյանն ասաց, որ նրանք անհրաժեշտ բուժօգնությունից բացի նաև սննդակարգի և հիգիենայի մասին խորհրդատվություն են ստանում։ Ծնվելուց հետո երեխան կցագրվում է Մայակովսկու պոլիկլինիկային, որտեղ կազմակերպվում են պատվաստումները։ Պոլիկլինիկայի մանկաբույժի կողմից դեղատոմսը դուրս է գրվում էլեկտրոնային տարբերակով, դեղերը ձեռք են բերվում «Նատալի» դեղատնից։ Իսկ սնունդը մատակարարում է «Էլիտ Ֆուդ» ընկերությունը, որը երեխաներին ապահովում է նաև տակդիրներով, մանկական տաշտերով, լոգանքի պարագաներով, լվացքի փոշիով, օճառով և այլն։
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը խոսեց հիմնարկի շենքային պայմանների մասին, որոնք ազդում են կանանց սեռական և վերարտադրողական առողջության վրա։ Նա նշեց, որ կանայք հիմնականում դժգոհում են տաք ջրի հասանելիությունից։ Մշտական տաք ջրի հասանելիությունը պայմանավորված է կանանց ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, նաև այն հանգամանքով, որ որոշ կանայք իրենց մոտ մինչև 6 տարեկան երեխաներ ունեն։ Տաք ջուրն անհրաժեշտ է ոչ միայն իրենց, այլև երեխաների հիգիենան և խնամքը կազմակերպելու համար։ Ներկայումս վերանորոգվում է 3 խուց, որոնց լոգարաններն ունեն մշտական տաք ջուր, սակայն դա բավարար չէ։
Դժգոհությունները կապված են նաև շենքային պայմանների հետ։ Շենքի գետինը բետոնից է, հետևաբար դժվար է նման պայմաններում առողջությունը պահելը։ Ոմանք նշում են՝ ազատվելուց հետո նկատում են, որ առողջական խնդիրներ են առաջանում։
Հիմնարկում կան լվացքի մեքենաներ, որոնցով լվացվում են կանանց շորերը։ Սակայն երեխաների անձնական հագուստը և անկողնային պարագաները կանայք լվանում են ոչ թե լվացքի մեքենայով, այլ ձեռքով։ Կանացից մեկը նշել է, որ կեսարյան հատումով է երեխային ունեցել, այդ վիճակում հատկապես ձմռան ցուրտ եղանակներին իր համար դժվար էր ձեռքով լվացքը անելը։
«Հիմնարկում կա երկու տեսակի շենք՝ կացարան, որը խցային պայմաններ է ապահովում, և կանանց տեղամաս, որը կացարանային պայմաններ է ապահովում կանանց համար։ Կացարանում ներկառուցված լոգարան և սանհանգույց չկա, կանայք օգտվում են ընդհանուր լոգարանից։ Կանացից մեկը, ով ազատազրկման ընթացքում է երեխային ունեցել, ասել է, որ իր համար դժվար է նորածին երեխային սրբիչի մեջ փաթաթած, միջանցքով տանել լոգարան և լողացած վիճակում դարձյալ սրբիչի մեջ փաթաթած, հետ բերել կացարան»,-ասաց բանախոսը։
Դեղերի հասանելիության հետ կապված դժգոհություններ երեխամայրերն են ներկայացրել։ Նրանք նշել են, որ ստորաբաժանման կողմից մանկական դեղեր չեն տրվում։ Ստորաբաժանման հիմնավորումն այն է, որ իրենք կազմակերպում են ազատազրկված կանանց բժշկական օգնությունը և սպասարկումը։ Իրենց մայրերի հետ հիմնարկում պահվող երեխաներն ազատազրկվածի կարգավիճակ չունեն։ Նրանք կցագրված են Մայակովսկու անվան բուժամբուլատորիային, և հենց այնտեղից էլ ստանում են դեղերը։
Բանախոսի դիտարկմամբ՝ հիմնական խնդիրն այն է, որ այս խմբի կանայք սոցիալապես անապահով են։ Նրանք առողջության նկատմամբ հետևողական չեն։ Պատճառը ցածր իրազեկվածությումը կամ առողջությունը չկարևորելն է։ Երբ հայտնվում են քրեակատարողական հիմնարկում, ազատազրկվելուց հետո առաջին անգամ հետազոտությունների և բուժման հնարավորություն են ունենում։
Քրեակատարողական բժշկության կենտրոնը պատասխանատու է անձի համար, քանի դեռ վերջինս քրեակատարողական հիմնարկում է։ Հիմնարկում նրանց բուժումը որոշ չափով կազմակերպվում է։ Երբ ազատվում են, բուժման շարունակականության ապահովման հետ կապված խնդիրներ են առաջանում։ Ազատվելուց հետո նրանք կարող են ցանկացած ծառայությունից, այդ թվում՝ առողջապահական, օգտվել այնպես, ինչպես Հայաստանի մյուս քաղաքացիները։ Այն կանայք, ովքեր պայմանական վաղաժամկետ են ազատվում կամ կալանավորում տեսակի խափանման միջոցը փոխարինվում է տնային կալանքով կամ վարչական հսկողությամբ, հայտնվում են Պրոբացիայի ծառայությունում, որը, իհարկե, առողջության հետ կապված հարցերում միջամտելու շատ լծակներ չունի, բայց գոնե կարող է խորհրդատվություն տալ կամ ուղղորդել։ Ազատվելուց հետո հասարակության մեջ ադապտացվելու, սոցիալական կապերը վերականգնելու, աշխատանք գտնելու հարցերն են դառնում առաջնահերթ, առողջությունը տուժում է սոցիալական խնդիրների պատճառով։ Ն․ Հովհաննիսյանի կարծիքով բուժման շարունակականության ապահովման հարցը պետք է պետության ուշադրության կենտրոնում լինի։