«Աբովյան» ՔԿՀ կատարած այցերի ընթացքում ազատազրկված օտարերկրացի կանայք մեզ տեղեկացրել են, որ լեզվական խոչընդոտների պատճառով չեն կարողանում իրենց քաղաքացիության երկիր արտահանձնման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն ստանալ։ Նաև տեղեկացրել են, որ լեզվական խոչընդոտների պաճառով դժվարություններ են ունենում առողջապահական, հոգեբանական ու իրավաբանական ծառայությունների և վերասոցիալականացման միջոցառումների հասանելիության տեսանկյունից։ Մեր դիտարկմամբ՝ դա խնդրահարույց է հատկապես այնպիսի իրավիճակներում, ինչպիսին համավարակն է, քանի որ կանայք կարող են զրկվել առողջապահական և ծառայություններից օգտվելու, ինչպես նաև նվազագույն մարդկային շփման հնարավորութունից։
Պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել ենք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը, որտեղից տեղեկացրել են, որ ազատազրկված օտարերկրացի անձանց համար պետական միջոցների հաշվին թարգմանչական ծառայությունների տրամադրման գործընթացը ներդրվել է 2022 թվականից: Այն վերաբերում է ազատազրկված օտարերկրացի անձանց իրենց իրավունքների և պարտականությունների, քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի, Հայաստանում ապաստան հայցելու ընթացակարգի մասին իրազեկելուն, քրեակատարողական հիմնարկի վարչակազմին հասցեագրված դիմումները, բողոքները, առաջարկությունները, ինչպես նաև քաղաքացիական գործարքներին մասնակցելու վերաբերյալ փաստաթղթերը թարգմանելուն, ազատազրկված անձանց հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների իրականացմանը։
Նշվածից բխում է, որ թարգմանությամբ ապահովելը վերաբերում է միայն քրեակատարողական ծառայության կարիքներին և չի ներառում բժշկական օգնության և սպասարկման ոլորտը։
Նշենք, որ ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 1-ի թիվ 204-Ն որոշմամբ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացվել է Արդարադատության, իսկ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի թիվ 614-Ն որոշմամբ՝ Առողջապահության նախարարության կողմից։ Հետևաբար պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել ենք ՀՀ առողջապահության նախարարությանը և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե․
- Ինչպե՞ս է ապահովվում ՊՈԱԿ-ի՝ քրեակատարողական հիմնարկներում տեղակայված բժշկական ստորաբաժանումների բուժանձնակազմի հաղորդակցությունն ազատազրկված օտարերկրացի անձանց հետ և նրանց բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը՝ հաշվի առնելով լեզվական խոչընդոտները:
- ՀՀ առողջապահության նախարարության կողմից նախատեսվու՞մ է ընդլայնել ազատազրկված օտարերկրացի անձանց տրամադրվող թարգմանչական ծառայությունների շրջանակը՝ ներառելու համար բժշկական օգնության և սպասարկման ոլորտը։
ՀՀ առողջապահության նախարարությունից պատասխան գրությամբ տեղեկացրել են, որ «Գրավոր թարգմանության և բանավոր թարգմանության» ծառայությունների ձեռքբերման համար «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի 2024 թվականի փետրվարի 14-ի գնումների պլանում ներառվել են վերը նշված ծառայությունները: ՊՈԱԿ-ի տնօրենի 2024 թվականի փետրվարի 15-ի թիվ 30–Լ հրամանով սահմանվել է պատասխանատու ստորաբաժանում՝ գնման հայտը կազմելու համար։
Նշվածից բխում է, որ ազատազրկված օտարերկրացի անձանց տրամադրվող թարգմանչական ծառայությունն առաջիկայում կներառի նաև բժշկական օգնության և սպասարկման ոլորտը։