Skip to content Skip to sidebar Skip to footer

«Կամք է պետք՝ արձանագրված խնդիրները լուծելու համար». Լաուրա Գասպարյան

Քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող կանանց և տղամարդկանց խնդիրներն էապես տարբերվում են։ Ազատազրկված կանայք բախվում են բազմաթիվ խոչընդոտների՝ կապված հղիության, ծննդաբերության, հետծննդյան առողջության, երեխաների խնամքի, հիգիենայի ապահովման և բազմաթիվ այլ խնդիրների հետ:

Այս և հարակից թեմաների շուրջ 2024 թվականի մարտի 7-ին «Անազատության մեջ գտնվող կանանց վերարտադրողական առողջությունը. խնդիրներ, մտահոգություններ» խորագրով քննարկում տեղի ունեցավ Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման շրջանակներում։

Բանախոսներն էին «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աբովյան» ՔԿՀ-ի ստորաբաժանման բժիշկ-գինեկոլոգ Անահիտ Գրիգորյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը։ 

Լաուրա Գասպարյանն իր խոսքի սկզբում նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, պարբերաբար արտահերթ զեկույցներ է հրապարակում, որոնք վերաբերում են ազատազրկված կանանց իրավունքներին։ Հերթական զեկույցը վերաբերում է ազատազրկված կանանց վերարտադրողական առողջությանը և իրավունքի պաշտպանությանը։ Զեկույցում կարևոր հարցեր են արծարծվել, պետությանը ներկայացվել է 18 առաջարկ, որոնցից 3-ն օրենսդրական բնույթի են, մնացածը կիրառական պրակտիկային են առնչվում։

Ի թիվս այլնի՝ զեկույցն անդրադառնում է կանանց ֆիզիոլոգիական առանձնահակտությամբ պայմանավորված կարիքներին, օրինակ, լոգանքի կազմակերպման անհրաժեշտությանը, հիգիենայի պարագաների տրամադրմանը։ Արձանագրվել է, որ անհրաժեշտ է վերանայել իրենց մայրերի հետ հիմնարկում պահվող երեխաների հիգիենայի պարագաների չափաբաժինները և օգտագործման ժամկետները։ Արձանագրվել է նաև, որ անհրաժեշտ է Կառավարության թիվ 825-Ն որոշման մեջ առանձին բաժին հատկացնել կանանց վերարտադրողական առողջության ապահովմանը և այդ իրավունքի իրացման առանձնահատկություններին։

Արձանագրված խնդիրները վերաբերում են նաև բժշկական գաղտնիքի ապահովմանը, բժշկական ծառայությունների բարելավմանը, սկրինինգային հետազոտությունների անցկացմանը, սեռավարակների, արյան միջոցով փոխանցվող հիվանդությունների և քաղցկեղի հայտնաբերման պարբերական հետազոտություններին։

«Օրենսդրական դաշտը բավականին կարգավորված է, այս առումով որևէ կաշկանդող խոչընդոտ չկա, արձանագրված խնդիրները պետք է կազմակերպչական առումով փորձել կարգավորել, ինչի համար կամք է պետք։ Օրինակ, որոշ հետազոտություններ հիմնակ մուտք գործելիս անցկացվում են, սակայն դրանք պետք է պարբերաբար իրականացվեն։ Միջազգային փաստաթղթերը վկայակոչում են, որ հիմնարկ ընդունվելիս մինչև 3 տարեկան երեխաները նույնպես պետք է անցնեն բժշկական զննություն, որը մեր պրակտիկայում չի իրականացվում։ Պատճառներից մեկն այն է, որ հիմնարկը չունի մանկաբույժ, թերապևտ։ Այնտեղ պահվում են և կանայք, և անչափահասներ, հետևաբար կարևոր է ընտանեկան բժիշկ ունենալը։ Որքան էլ կապը կա տարածքային ամբուլատորիայի հետ, որն ապահովում է համապատասխան մասնագիտական սպասարկումը, կարևոր է առաջնային գնահատման և պարբերաբար հետազոտությունների անցկացման հնարավորությունը տեղում ապահովելը»,-նշեց բանախոսը։ 

Լ․ Գասպարյանը կարևորեց իրենց մայրերի հետ հիմնարկում պահվող երեխաների համար նպաստավոր պայմանների ստեղծումը։ Օրենքը թույլ է տալիս, որպեսզի երեխան հիմնարկում մնա մինչև 6 տարեկանը։ Դա այն դեպքում, երբ 3 տարեկանը լրանալուց հետո ծնողի պատժի կրմանը մնացել է 3 տարուց ոչ ավել ժամկետ․

«Այդ ընթացքում երեխայի զարգացման, նպաստավոր միջավայրի ստեղծման, խաղերի կազմակերպման կարիք կա։ Հասակակից երեխաներ գրեթե չկան, և կոնտակտի բացակայությունը նույնպես խնդիրներ է առաջացնում։ Հետևաբար կարևոր է երեխաների զարգացման գործընթացը կազմակերպելը, կրթական միջավայրի ստեղծումը»։

Խնդիր է արձանագրվել նաև աջակցող մեխանիզմների բացակայության հետ կապված։ Կանայք ունենում են հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի հետ կապված դժվարություններ։ Հետևաբար, բանախոսի դիտարկմամբ, անհրաժեշտ է այդ կանանց համար աջակցող մեխանիզմներ նախատեսել, ինչը հնարավորություն կտա կրթական մասն ապահովել, նաև ներառել խնամք կազմակերպելու հմտությունների ուսուցումը։ 

Խնդիրներ են արձանագրվել նաև այն բժշկական կենտրոններում, որտեղ անձինք տեղափոխվում են։ Օրինակ, ազատազրկված կանայք նշել են, որ Աբովյան բժշկական կենտրոնում բժշկի հետ առանձնազրույց ունենալու հնարավորություն չունեն, քանի որ նույն աշխատասենյակում մի քանի բժիշկ է աշխատում, ովքեր նույնպես պացիենտների ընդունելություն են կազմակերպում․

«Տեսնելով ազատազրկված կանանց՝ շատերը խտրական վերաբերմունք են ցուցաբերում։ Դա կաշկանդում է, և կանայք չեն կարողանում անկեղծ զրույց ունենալ, խոսել սեռավարակների, վերարտադրողական առողջության հետ կապված կամ այլ խնդիրների մասին»։

Մտահոգիչ են նաև հիմնարկում բուժանձնակազմին հատկացված աշխատասենյակները։ Աշխատանքային, դեղերի պահման շենքային պայմաններն անմխիթար են, ինչն ուղղակիորեն անդրադառնում է աշխատանքի որակին։ Լ․ Գասպարյանին մտահոգում է այն, որ այդ պայմաններում հնարավոր չէ ապահովել բժշկական գաղտնիքը կամ մասնագիտական էթիկայի հետ կապված այլ հարցեր։

Մեկ այլ խնդիր է նրանց աշխատավարձի հետ կապված հարցը։ Բուժանձնակազմի շատ ներկայացուցիչներ թողնում են ստորաբաժանման աշխատանքը և աշխատանքի են անցնում քրեակատարողական հիմնարկում․

«Պետությունը պետք է ջանքեր գործադրի բժշկական անձնակազմը համալրելու ուղղությամբ, այլ ոչ թե թույլ տրվի, որպեսզի տեղի ունենա կադրերի արտահոսք։ Դա փաստացիորեն դժվարացնում է աշխատանքի կազմակերպումը։ Երեք տեղամասի հսկողությունը, գիշերային հերթապահությունը մեկ բուժքրոջ միջոցով իրականացնելը ծանր է, եթե ավելացնենք նաև, խրոնիկ հիվանդություն ունեցող անձանց դիսպանսեր հսկողությունը պետք է իրականացվի»։

Արձանագրված խնդիրներից Լ․ Գասպարյանն առանձնացրեց նաև այն, որ գինեկոլոգիական ծառայությունները սահմանափակ հնարավորություն ունեն․

«Գինեկոլոգիական հետազոտությունների անցկացման համար նախատեսված սենյակն ապահովված չէ անհրաժեշտ սարքավորումներով։ Ճիշտ է, ստորաբաժանումը համալրված է գինեկոլոգի հաստիքով, սակայն նրան տրված հնարավորությունները և միջոցները խիստ անբավարար են»։   

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.