Skip to content Skip to sidebar Skip to footer

«Կանանց և անչափահասների առողջության պահպանումը պետության ուշադրության կենտրոնում է». Անահիտ Գրիգորյան

Քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող կանանց և տղամարդկանց խնդիրներն էապես տարբերվում են։ Ազատազրկված կանայք բախվում են բազմաթիվ խոչընդոտների՝ կապված հղիության, ծննդաբերության, հետծննդյան առողջության, երեխաների խնամքի, հիգիենայի ապահովման և բազմաթիվ այլ խնդիրների հետ:

Այս և հարակից թեմաների շուրջ 2024 թվականի մարտի 7-ին «Անազատության մեջ գտնվող կանանց վերարտադրողական առողջությունը. խնդիրներ, մտահոգություններ» խորագրով քննարկում տեղի ունեցավ Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման շրջանակներում։

Բանախոսներն էին «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աբովյան» ՔԿՀ-ի ստորաբաժանման բժիշկ-գինեկոլոգ Անահիտ Գրիգորյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը։ 

«Աբովյան» ՔԿՀ բժիշկ-գինեկոլոգ Անահիտ Գրիգորյանը նշեց, որ 74 անձ է գտնվում «Աբովյան» ՔԿՀ-ում, որոնցից միայն 5-ն են արական սեռի ներկայացուցիչ, այդ թվում՝ 3-ը չափահաս տղաներ են, 2-ը՝ անչափահաս։ 

«Կանանց և անչափահասների առողջության պահպանումը պետության ուշադրության կենտրոնում է։ Մուտք գործելով հիմնարկ՝ կանայք ենթարկվում են մանրակրկիտ մարմնական զննության, պարտադիր կատարվում են ռապիդ թեստավորում և սկրինինգային հետազոտություն։ Այն, ինչ հնարավոր է կատարել քրեակատարողական հիմնարկի պայմաններում, կատարվում է։ Կանայք հաշվառված են նաև Աբովյան բժշկական կենտրոնում և ծննդատան կանանց կոնսուլտացիայում, որտեղ իրականացվում են գործիքային և լաբորատոր հետազոտությունները, անհրաժեշտության դեպքում՝ նեղ մասնագետների խորհրդատվությունը»,-ասաց «Աբովյան» ՔԿՀ-ի բժիշկ-գինեկոլոգը:

Ան․ Գրիգորյանը հավելեց, որ լինում են դեպքեր, երբ կանայք հիմնարկ են ընդունվում արդեն հղի վիճակում։ Հղիության փաստն արձանագրվում է, տրամադրվում է անհրաժեշտ խորհրդատվություն, սահմանված կարգով կազմակերպվում են անհրաժեշտ առողջապահական ծառայությունները։ Ներկայումս հիմնարկում կան 2 երեխամայր և 1 հղի կին։

Մուտք գործելու պահից մինչև 3 տարեկան երեխաները հաշվառվում են Մայակովսկի գյուղում տեղակայված ամբուլատորիայի մանկաբույժ մոտ։ Անհետաձգելի դեպքերում հրավիրվում է շտապ օգնություն, երեխաներն ուղորդվում են մանկական կլինիկաներ։ Լինում են դեպքեր, երբ կազմակերպվում է բժշկի այցելություն, որի շրջանակներում կազմակերպվում է անհապաղ բժշկական օգնություն։ Եթե խիստ անհետաձգելի դեպքեր չկան, երեխաների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է պլանային կարգով։   

Բժշկի դիտարկմամբ լուրջ ձեռքբերում է այն, որ երեխաների շրջանում չկան պաթոլոգիաներ, և նրանց առողջական վիճակի նկատմամբ պատշաճ հսկողություն է իրականացվում։ Չժխտեց, որ կենցաղային պայմանների առումով բացեր կան, բայց ասաց, որ դրանք լուծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են։ Համակարծիք է նաև, որ աշխատանքային պայմանների և աշխատավարձի հետ կապված խնդիրներ կան, բայց լիահույս է, որ դրանք նույնպես կկարգավորվեն։

Անդրադառնալով բժշկական ստորաբաժանմանը՝ նշեց, որ այն ապահովված է բժիշկ-մասնագետներով՝ հոգեբույժ, ատամնաբույժ, գինեկոլոգ և նարկոլոգ։ Թերապիայի մասով խորհրդատվությունները կատարվում են Աբովյան բժշկական կենտրոնի տեղամասային բժշկի մոտ։ Ստորաբաժանման բժիշկներից բացի կան նաև կցագրված կոնսուլտանտներ, որոնք անհրաժեշտության դեպքում հրավիրվում են՝ նյարդաբան, մաշկաբան, սրտաբան։

Նրա խոսքով, հիմնարկ մուտք գործելիս կանանց շրջանում կատարվում են ռապիդ թեստեր՝ ինֆեկցիոն հիվանդությունները վաղ փուլում հայտնաբերելու համար։ Դրանք են ՄԻԱՎ-ը, Հեպատիտ C-ն ու B-ն և սիֆիլիսը: Բժիշկը նշեց, այդ թեստավորումների արդյունքները դրական են այն առումով, որ բացահայտված դեպքեր կան։ Այդպիսով հնարավոր է լինում կանխարգելել հիվանդությունների հետագա զարգացումը և տարածումը․

«Ազատազրկված կանանց հետ պարբերաբար զրույցներ ենք ունենում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և դրանց կանխարգելման թեմաներով։ Մենք ապահովում ենք անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներով, բայց դրանց օգտագործելը թողնվում է իրենց ցանկությանը։ Այնուամենայնիվ, խնդիրների առաջացումն անխուսափելի է, քանի որ ամուսիննները «դրսի կյանքից» են հաճախում երկարատև տեսակցության»։

Ինչ վերաբերում է հետազոտությունների ծավալի ընդլայնմանը, ապա նշեց, որ իրենց կողմից բարձրացվել է հիմնարկի պայմաններում համապատասխան մասնագետ և սոնոգրաֆիկ ապարատ ունենալու, ախտորոշիչ հետազոտություններ անցկացնելու անհրաժեշտությունը։ Սակայն հիմնավորվել է, որ դա ծախսարդյունավետ չէ, քանի որ կանանց թիվը քիչ է։

Գինեկոլոգին մտահոգում է նաև այն, որ հիմնարկի պայմաններում հնարավոր չի լինում լիովին ապահովել անձանց առողջական վիճակին վերաբերող տվյալների գաղտնիությունը։ Նա նաև համակարծիք է այն հարցում, որ քաղաքացիական բժշկական կենտրոններում նույնպես պայմաններ նախատեսված չեն գաղտնիության ապահովման համար․

«Կանայք ռեժիմային գոտում են, խնդիր է դրվում, որ մշտապես կա փախուստի վտանգ։ Հետևաբար հիմնարկի համապատասխան աշխատակցի ներկայությունը դառնում է պարտադիր։ Որոշ բժշկական կենտրոններում մեկ կաբինետում սպասարկում են 2 բժիշկ, կա քաղաքացիական հոսք, ինչը կաշկանդում է։ Մենք պարբերաբար բարձրաձայնում ենք այդ խնդրի մասին»։ 

Ան․ Գրիգորյանը նաև նշեց, որ հիմնարկում սպորտով զբաղվելու հնարավորություն ունենալը նույնպես կարող է դրական ազդել կանանց առողջության վրա։ Սպորտն ինքնին հակասթրեսային ազդեցություն ունի։ Հիմնարկում կան մարզասարքեր, սակայն մշտական մարզիչ ունենալու հարցում խնդիրներ կան։ Կարևոր է նաև աշխատանքային զբաղվածությունը, ինչն օգնում է հոգեբանորեն ցրվել միջավայրից, ֆինանսական եկամուտ ունենալ, սակայն այդ հնարավորությունները նույնպես շատ սուղ են։   

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.