Skip to content Skip to sidebar Skip to footer

«Անհրաժեշտ է բարելավել ազատազրկված կանանց կենցաղային պայմանները». Նարե Հովհաննիսյան

Քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող կանանց և տղամարդկանց խնդիրներն էապես տարբերվում են։ Ազատազրկված կանայք բախվում են բազմաթիվ խոչընդոտների՝ կապված հղիության, ծննդաբերության, հետծննդյան առողջության, երեխաների խնամքի, հիգիենայի ապահովման և բազմաթիվ այլ խնդիրների հետ:

Այս և հարակից թեմաների շուրջ 2024 թվականի մարտի 7-ին «Անազատության մեջ գտնվող կանանց վերարտադրողական առողջությունը. խնդիրներ, մտահոգություններ» խորագրով քննարկում տեղի ունեցավ Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման շրջանակներում։

Բանախոսներն էին «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աբովյան» ՔԿՀ-ի ստորաբաժանման բժիշկ-գինեկոլոգ Անահիտ Գրիգորյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը։ 

Նարե Հովհաննիսյանն իր խոսքի սկզբում նշեց, որ ազատազրկված կանանց սեռական և վերարտադրողական առողջության հետ կապված թեմային անդրադարձել է նաև Իրավական նախաձեռնությունների կենտրոնը։ Այդ համատեքստում ողջունելի համարեց այն փաստը, որ Մարդու իրավունքների պաշտպանը և քաղաքացիական հասարակությունը համաքայլ են ազատազրկված կանանց խնդիրների նույնականացման և հանրայնացման հարցում։ Դա դրական արդյունք կարող է արձանագրել այն առումով, որ ինչքան շատ խոսվի խնդիրների մասին, այնքան պետության ուշադրությունն ավելի շատ կսևեռվի դրանց վրա։ Հետևաբար դրանց լուծման հավանականությունը նույնպես բարձրանում է։ 

Չժխտեց, որ ազատազրկված կանանց և անչափահասների կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ վերջին տարիներին քայլեր ձեռնարկվում են «Աբովյան» ՔԿՀ-ում, սակայն, նրա տպավորությամբ, դեռևս խնդիրներ կան․ 

«Կանայք, օրինակ, դժգոհություններ ունեն հիմնարկի խոնավությունից: Ցուրտ եղանակներին ջեռուցում ապահովվում է, պարզապես պետք է նկատի առնել, որ մարդիկ հատկապես մեկուսարանում 24 ժամ շենքի ներսում են, բացառությամբ 1 կամ 2 ժամ տևողությամբ զբոսանքը: Դա հետևանքներ կարող է թողնել, եթե ոչ անմիջապես, ապա հետագայում»։

Դժգոհություններ կան նաև կանոնավոր տաք ջրի հասանելիության հետ կապված: Այժմ կանայք շաբաթական 2 անգամ են լոգանք ընդունում նախկին 1 անգամվա փոխարեն։ Մեկուսարանի մասնաշենքում պահվող կանանց համար նոր խցեր են վերանորոգվել, որոնց լոգարաններն ապահովված են մշտական տաք ջրով։ Սակայն դրանք այն կանանց համար են, ովքեր իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխաներ ունեն։ Մինչդեռ ֆիզիոլոգիական առանձնահատկությամբ պայմանավորված՝ կանոնավոր տաք ջրի հասանելիությունը խիստ անհրաժեշտ է կանանց համար։ Բանախոսը հավելեց, որ հիմնարկի պայմանների մասին խոսելիս պետք է նաև հաշվի առնել, օրինակ, թե սանհանգույցի տեսակն ինչքանով է հարմար հղի կնոջ համար։ Նա այլ օրինակներ բերեց.

«Կանանցից մեկը, ով ազատազրկման ընթացքում էր երեխային ունեցել կեսարյան հատումով, նշել էր, որ ձեռքով լվացք անելը որոշակի բարդություններ ու խնդիրներ էր առաջացրել, բորբոքումների պատճառ դարձել: Հիմնարկում լվացքի մեքենայով լվացվում է կանանց հագուստը, իսկ երեխաների հագուստը և անկողնային պարագաները մայրերը ձեռքով են լվանում»:

Ինչ վերաբերվում է հիգիենայի պարագաներին, ապա նշեց, որ հիմնարկը տրամադրում է, կանայք էական դժգոհություններ չունեն։ Սակայն  բանախոսի դիտարկմամբ դրանք ավելի մեծ քանակով պետք է տրամադրվեն, հատկապես, եթե խոսքը երեխաների մասին է։

Նարե Հովհաննիսյանի խոսքով՝ ազատազրկված մայրերի հետ ապրող երեխաների հետ հոգեբանական աշխատանքի կարիք կա, բացի դրանից՝ նրանք պետք է ապահովեն իրենց տարիքային զարգացմանը անհրաժեշտ միջավայրով։ Փաստացի երեխան զրկված է իր հասակակիցների հետ շփվելու հնարավորությունից, զբոսաբակը ևս հարմարեցված չէ։ Այցերից մեկի ժամանակ արձանագրել է, որ այդ երեխաներից մեկն ուներ խոսելու հետ կապված խնդիր։   

Բանախոսը կարևորեց նաև առողջապահական ծառայությունների շարունակականության ապահովումը հիմնարկից ազատ արձակվելուց հետո, քանի որ կանայք սոցիալապես անապահով վիճակում են, և հիմնարկում սկսված բուժման ընդհատումը կարող է հետևանքներ ունենալ նրանց առողջական վիճակի վրա արդեն ազատության մեջ։  

Արձանագրված խնդիրներից մեկը վերաբերում է ծնողավարման հմտությունների պակասին։ Կան կանայք, ովքեր դժվարություններ են ունենում երեխայի խնամքի կազմակերպման հարցում, տեղյակ չեն հղիության կամ երեխայի զարգացման փուլերի առանձնահատկությունների մասին։ Իրազեկվածության պակասը վերաբերում է նաև սեռավարակներին կամ ինֆեկցիոն այլ հիվանդություններին։ Օրինակ, այցերից մեկի ժամանակ տեղեկացել է, որ մյուս կանայք խուսափում են շփվել այն կնոջ հետ, ով ՄԻԱՎ-դրական կարգավիճակ ունի։ Վերջինիս սպասքը և լվացքն առանձնացված էր։ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնը դասընթացներ կազմակերպում է ծնողավարման թեմաներով, սակայն այս դեպքում խնդիրն այն է, որ մեկուսարանում պահվող կանայք ընդգրկված չեն այդ դասընթացներում։

Բանախոսը հավասարապես կարևորեց նաև պրոբացիայի կին շահառուների առողջական խնդիրները։ Ճիշտ է, նրանք ազատության պայմաններում են պատիժ կրում, ոչ քրեակատարողական հիմնարկում է ապահովվում նրանց խափանման միջոցի կիրառումը։ Սակայն նրանք առերեսվում են գրեթե նույն խնդիրներին, ինչ քրեակատարողական հիմնարկում գտնվող կանայք։ Պատճառը սոցիալական ծանր վիճակն է, ինչը կարող է դժվարացնել ոչ միայն առողջապահական ծառայություններից օգտվելը, այլ նաև պատժի կատարումը, եթե այն տուգանքն է։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.