2024 թվականի մայիսի 15-ին տեղի ունեցավ «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման» հայեցակարգի վերաբերյալ քննարկում:
Բացման խոսքով հանդես են եկել Եվրոպայի խորհրդի Ոստիկանության և ազատությունից զրկման հարցերով համագործակցության բաժնի ստորաբաժանման ղեկավար Ռալուկա Իվանը, Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը։
Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը բացման խոսքում նշել է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման վերաբերյալ նոր հայեցակարգի ներդնումը կարևոր քայլ է դատապարտյալի՝ հասարակություն վերադառնալու պատրաստվածության և վերաինտեգրման հնարավորությունների ապահովման գործում:
Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Ջորջ Տուգուշին և ազգային փորձագետ Արսեն Նիկողոսյանը ներկայացրել են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման գործող համակարգը, լավագույն փորձը և բարեփոխման առաջարկությունները։
Նշենք, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման նպատակով դեռևս 2023 թվականի դեկտեմբերին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով աշխատանքային խումբ էր ստեղծվել, որում ընդգրկված էին փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը քննարկմանը ներկայացրել է վերոնշյալ աշխատանքային խմբի կողմից մշակված հայեցակարգի ընդհանուր դրույթներն ու առանձնահատկությունները, ներկա կարգավորումները և առաջարկվող փոփոխությունները, որոնք հնարավորություն կտան տարբերակված ձևով գնահատել դատապարտյալների կոնկրետ և իրական հաջողությունները և դրանք տարբերակել ոչ իրական, կարճաժամկետ նպատակների իրականացման համար որոշակի վարքագծի դրսևորումից:
Նոր հայեցակարգի ներկայացմանը հաջորդել է հարց ու պատասխան, որի ընթացքում մասնակիցները պայամանավորվել են ներկայացնել գրավոր առաջարկներ:
Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետները և գործընկերները կարևորել են կատարյալ համակարգի ստեղծման գործում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների դերը:
Ամփոփելով հանդիպումը՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ քննարկման և Եվրոպայի խորհրդի գործընկերներին ցուցաբերած աջակցության համար:
Հանդիպումն իրականացվել է Եվրոպայի խորհրդի կողմից «Ազատությունից զրկված անձանց իրավունքներիպաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում։