Skip to content Skip to sidebar Skip to footer

«Սևան» ՔԿՀ-ն մարդաշատ էր․ դատապարտյալները տոնեցին Հայաստանի առաջին Հանրապետության օրը

2024 թվականի մայիսի 29-ին «Սևան» ՔԿՀ-ն հյուրաշատ էր։ Դատապարտյալների ինքնագործ մշակութային միավորումը՝ միավորման ղեկավար Արտակ Ալեքյանի ջանասիրությամբ, հերթական միջոցառում-ցուցահանդեսն էր կազմակերպել, որը կրում էր «Հզոր Հայաստան» խորագիրը և այս անգամ նվիրված էր  Հայաստանի առաջին Հանրապետության տոնին։

Ինչպես միշտ, դատապարտյալներին աջակցել են հիմնարկի Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը, ինչպես նաև Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի ուսուցիչները։

Միջոցառումը մեկնարկվեց կենտրոնի ուսուցչուհի Սուսաննա Դանիելյանի՝ օրվա խորհրդի մասին պատմական ակնարկով։ Այնուհետև միմյանց հաջորդեցին երաժշտական դադարները, դատապարտյալների կողմից հնչեցին ելույթներ, տոնի խորհուրդն ընդգծող չափածո տողեր, որոնց սցենարական առանցքը մեկն էր՝ ինչպես է Մայիսի 28-ը դարձել ազգային պետական տոն։ Հյուրերը մեծ հուզմունքով լսեցին ցմահ դատապարտյալ Հակոբ Խաչատրյանի բանաստեղծություններից մեկը՝ հայ ժողովրդի անցած պատմական ճանապարհի մասին։

Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր ցուցահանդեսին, որում ներկայացված էին դատապարտյալների ձեռքի  աշխատանքները՝ կավագործ և փայտագործ իրեր, գեղանկարներ, դեկորատիվ ծաղիկներ ու եկեղեցիներ՝ մեկը մեկից գեղեցիկ ու տպավորիչ։

Օրը, իրապես, հրաշալի տոնի էր վերածվել «Սևան» ՔԿՀ-ում։ Հրավիրվածները բարձր գնահատեցին կատարված աշխատանքը և ցանկացան նորագույն նվաճումներ՝ իրենց ուսուցչի՝ Ջամբազյանի օգնությամբ։ Կյանքի դժվարին պայմաններում հայտնվելով՝ դատապարտյալներն այդպիսով զբաղվում են արվեստով, և նմանատիպ միջոցառումներն օգնում են իրենց գիտելիքներն ի ցույց դնել։

Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը նույնպես մասնակցեց միջոցառմանը։ Նա նշեց, որ կազմակերպությունը մշտապես պատրաստ է աջակցել դատապարտյալներին։ Նաև կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, որտեղ շեշտադրվում են հայրենիքի և պետության գաղափարը, քանի որ այդ 2 կարևորագույն ինստիտուտների նկատմամբ հարգանք ձևավորելը քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հիմնարար միջոցներին են։ Նա նշեց, որ պետության և օրենքի նկատմամբ հարգանքը, մարդուն որպես արժեք ընկալելը, նրա իրավունքներն հարգելն ու դրանք չխախտելը որպես արժեք ձևավորելն այն ուղիներն են, որոնք կօգնեն մարդուն հեռու պահել հանցագործություն կատարելուց և ենթամշակույթից։   

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.