Սիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկել ենք «Առողջ հոգի՝ առողջ մարմնում. հանուն ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների բարեկեցության ապահովման» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսված դասընթացներից մեկի թեման առողջ ապրեկալերպն է։
2024 թվականի մայիսի 24-ին այցելեցինք «Աբովյան» ՔԿՀ։ Ուրախ էինք իմանալ, որ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աջակցությամբ հիմնարկում հոգեթերապևտիկ սենյակ է կառուցվել և կահավորվել։ Սենյակի հարդարումն իրականացվել է թերապևտիկ աշխատանքին համապատասխան հատուկ լուծումներով՝ հագեցած ինչպես անհատական, այնպես էլ խմբային թերապիա անցկացնելու հնարավորությամբ: Առաջին դասընթացը, որի թեման առողջ ապրելակերպն էր, անցկացվեց հենց այդ սենյակում։
Մասնակցեցին ազատազրկման դատապարտված 7 կանայք։ Թեմայի շրջանակում խոսվեց առողջ ապրելակերպի և դրա բաղադրիչների մասին։ Անդրադարձ կատարվեց առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչներին՝ ֆիզիկական առողջություն, առողջ սնունդ, վնասակար սովորություններից հրաժարում, առողջ քուն և այլն։ Տեսական մասին հաջորդեցին ֆիզիկական և շնչառական վարժանքները։
Ցավալի է, սակայն կանայք ասացին, որ առողջ ապրելակերպին հետևելու խոչընդոտները շատ են, ինչը կապված է բանտային պայմանների հետ։ Օրինակ, սննդի որակը չի գոհացնում, ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու հնարավորությունները սուղ են։ Զբոսախցերը փոքր տարածքներ են, որտեղ ֆիզիկական վարժություններ կատարելու հարմարանքներ նախատեսված չեն։ Մարզասրահը մեկն է, որից միայն զբոսանքի ժամին կարող են օգտվել։ Նոր մարզասարքեր չկան, եղածները քիչ են, որոշ դեպքերում՝ գործածության համար ոչ պիտանի։ Գրեթե բոլորն ունեն քնի խանգարում։ Նշված գործոններից բացի, առողջական խնդիրներ կարող են առաջանալ նաև շարժունակության պակասի պատճառով։
Դասընթացը վարեց յոգայի ուսուցիչ Անահիտ Պետրոսյանը, ում կարծիքով դասընթացն օգնեց, որպեսզի մասնակից կանայք տեղեկանան առողջ ապրելակերպի մասին։ Հետևաբար որոշակի առողջական խնդիրների դեպքում կկարողանան մեղմել ցավերը` յոգայի վարժանքների շնորհիվ:
Նույն թեմայով դասընթաց վարեցինք նաև պրոբացիայի կին շահառուների համար։ Այն տեղի ունեցավ 2024 թվականի մայիսի 29-ին, Թումոյի այգում։ Պրոբացիայի շահառու 8 կանայք եկել էին յոգայի գորգերով՝ թարմացնելու իրենց տեսական գիտելիքները և կատարելու գործնական վարժություններ։ Դասընթացավարը դարձյալ յոգայի ուսուցիչ Անահիտ Պետրոսյանն էր։
Տեսական մասին զուգահեռ, մասնակից կանայք ակտիվ հարցեր էին տալիս, իրենց փորձից օրինակներ բերում, ինչը ոչ միշտ էր դրական։ Ցավալի էր իմանալ, որ ոմանք, հետևելով որոշ ոչ բարեխիղճ մասնագետների կամ ֆիտնես ակումբների ոչ գրագետ խորհուրդներին, վնաս են պատճառել իրենց առողջությանը և այժմ առողջ ապրելակերպի մասին ոչ միանշանակ պատկերացում ունեն։
Կանանց փորձառությունն այս հարցում, իրապես, տարբեր էր։ Ոմանք նշեցին, որ մարզասրահների կամ ֆիտնես ակումբների անդամատոմսերը թանկ են և իրենց համար ոչ հասանելի։ Թեև ցանկություն ունեն, սակայն չեն կարողանում օգտվել։ Մյուսները բարձրաձայնեցին առողջական տարաբնույթ խնդիրների մասին, ինչի պատճառով խուսափում են մարզասրահ կամ ֆիտնես ակումբ հաճախելուց։
Թեմային վերաբերող մյուս հարցերը նույնպես ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի տեղիք տվեցին, ինչը թույլ տվես ևս մեկ անգամ վերանայել առողջ ապրելակերպի ու գեղեցկության չափանիշների մասին պատկերացումները և հասկանալ, որ կարևոր են առողջ ապրելակերպի մասին մասնագիտական և գիտականորեն փաստարկված գիտելիքներ ստանալը, առողջական և մարմնի ֆիզիկական վիճակի առանձնահատկությունները նկատի առնելը։
Ի վերջո, յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչու է իր համար առողջ ապրելակերպին հետևելը կարևոր, բայց հետևել այնպես, որ ապրելակերպը դառնա առողջ, և օրգանիզմը հավելյալ սրթեսի չենթարկվի, ինչը կարող է առողջության պահպանման համար։
Տեսական մասին հաջորդեցին յոգայի ֆիզիկական և շնչառական վարժանքները։ Կանանց գոհունակությունը թույլ տվեց եզրակացնելու, որ թեման իսկապես կարևոր էր։ Անկախ նրանից, թե ով ինչ փորձառություն կամ պատկերացում ուներ առողջ ապրելակերպի մասին, քննարկումն այնքան հագեցած ու բազմաբովանդակ էր, որ հնարավորություն տվեց, որպեսզի յուրաքանչյուրն իր համար կարևոր և ուղղորդող գիտելիք ստանա։
Ուրախ էինք դասընթացին հյուրընկալել Հայաստանում կանանց հիմնադրամի ծրագրերի համակարգող, մեր սրտացավ գործընկերուհի Սիրան Հովհաննիսյանին, ով անմասն չմնաց քննարկումներին ու վարժանքներին։
«Առողջ հոգի՝ առողջ մարմնում. հանուն ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների բարեկեցության ապահովման» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ։