Skip to content Skip to sidebar Skip to footer

Ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների համար նախատեսված «Հույզերի կառավարում» թեմայով դասընթացը նույնպես ամփոփեցինք

«Առողջ հոգի՝ առողջ մարմնում. հանուն ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների բարեկեցության ապահովման» ծրագրի հերթական կանգառը դարձյալ «Աբովյան» ՔԿՀ-ն էր։ Մայիսի 31-ին տեղի ունեցած դասընթացին մասնակցեցին ազատազրկման դատապարտված 10 կանայք։ Նրանք եկել էին՝ հոգեբան Արմինե Ադամյանի հետ քննարկելու մի շատ կարևոր թեմա, որը վերաբերում էր հույզերի կառավարմանը։

Դասընթացը մեկնարկվեց ծանոթությամբ, ինչի համար դասընթացավարը հետաքրքիր միջոց ընտրեց։ Ասաց, որ կանայք միմյանց ներկայացնեն։ Անչափ ուրախալի էր տեսնել, որ կանայք հասցրել են ճանաչել իրար և ճաղերի ներսում հոգատար ընկերություն ձևավորել։ Նրանք խոսեցին առաջին ծանոթության, միմյանց բնավորության, առավել բնորոշ հատկանիշների ու նախասիրությունների մասին, ինչն ուղեկցվում էր հումորային պատմություններով ու կատակներով։ Կանայք տեղյակ էին նաև միմյանց պատուհասած խնդիրների մասին և պատմեցին, որ իրար սատարելով են փորձում հաղթահարել դժվարությունները։ Ամեն մեկը մի պատմություն է թողել դրսում՝ կիսատ հարաբերություններ, ընտանիք ու երեխաներ, չիրագործված ծրագրեր, տարեց ծնողներ, աշխատանք ու կարիերա․․․ Թեև ասացին, որ հիմնականում խուսափում են խնդիրների մասին խոսելուց։ Վիշտը խնամքով թաքցնում են միմյանցից, ընտանիքից ու հարազատներից, գիշերը մեկուսի լացում են, առավոտյան՝ առերես ժպտում․․․ Գիտեն, որ բանտային պայմանները ոչ մեկի համար հեշտ չեն։ Հետևաբար խնայում են միմյանց ու շրջապատի մարդկանց։

Անչափ հետաքրքիր էր լսել նաև բանտային իրականությանը բախվելու փորձառության մասին։ Կանանցից մեկն ասաց, որ երբ ինքը կարանտինային բաժնում էր, հենց առաջին առավոտը բակից երեխայի ձայն է լսել ու զարմացել, որ քրեակատարողական հիմնարկում կարող է երեխա լինել։ Հետո է իմացել, որ դատապարտյալ կանանցից մեկի երեխան է։ Մյուսը պատմեց, որ երբ առաջին անգամ տեսել է ճաշ բաժանող դատապարտյալ կնոջը, զարմացել է, թե այդքան գեղեցիկ կինն ինչպես կարող էր հայտնվել ճաղերի ներսում։ Մի կին էլ պատմեց, թե ինչպես են իրեն առաջին անգամ սուրճ հյուրասիրել, մյուսը խոսեց այն մասին, թե իր խցակցուհին որքան անտարբեր է եղել իր նկատմամբ և անգամ ծիծաղել է, երբ ինքը գիշերը լացել է՝ անզորությունից ու անճարությունից դրդված։ Հիշեցին, թե ով ում ինչպես է սատարել, շեշտեցին՝ սատարելը շատ կարևոր է հատկապես բանտում, որտեղից աշխարհը քառակուսի է երևում և իրենց փշալարերով ու հաստ պատերով բաժանում է ազատությունից։

Սակայն իրենց հուզական աշխարհի վրա ազդող գործոններն այսքանով չեն սահմանափակվում։ Միջանձնային կոնֆլիկտները, բամբասանքը, ընտանիքի ու երեխաների կարոտը ճնշում են հոգեբանորեն։ Առավել ճնշող են անօգնական վիճակը և վստահելի հարաբերությունների պակասը։ Քիչ չեն դեպքերը, երբ իրենց հաշվառում են որպես ագրեսիվության հակում ունեցող անձանց, մինչդեռ իրենք հուզական վիճակը հաղթահարելու հարցում աջակցության կարիք ունեն։ Բայց նաև վստահ չեն, որ իրենց նեղ անձնական խնդիրները գաղտնի կմնան։ Չէ՞ որ քրեակատարողական հիմնարկում են, որտեղ հավասարապես կարևոր են միջմասնագիտական աշխատանքը և անվտանգության ապահովման հետ կապված ռիսկերի նկատառումը։

Աշխատանքը և տարաբնույթ դասընթացներն օգնում են լցնել առօրյան, այն հետաքրքիր դարձնել, միտքը թարմացնել։ Օրինակ, կանանցից մեկը պատմեց, որ և աշխատում է, և սովորում է։ Մտածում է՝ մեկն ավարտի, անցնի մյուսին։ Անգամ տխրելու ժամանակ չի ունենում Կանայք անկեղծացան, որ իրենց հոգեբանորեն տրամադրում են ճաղերից ներս սպասվող տարիներին և հուսադրում են մոտալուտ ազատության սպասումով, սակայն ամեն մի անզգույշ խոսքից և աննրբանկատ արարքից հեշտութայմբ թևաթափ են լինում, հուսահատվում։ Քիչ չեն դեպքերը, երբ չեն իմանում, թե ինչպես կառավարեն իրենց հուզական վիճակը, ինչպես կողմնորոշվեն կոնֆիլկտային իրավիճակներում։ Առավել ծանր են տանում, երբ իրենց այցի եկած երեխաներն են իմանում, որ իրենց մայրը, հորաքույրը, մորաքույրը կամ տատիկը ոչ այլ որտեղ է, եթե ոչ «բանտում»։

Դասընթացն ավելի արդյունավետ դարձավ դասընթացավար Արմինե Ադամյանի տրամադրած մասնագիտական խորհուրդների շնորհիվ՝ էմոցիաներին քննադատորեն չվերաբերվել, լիցքաթափվել այնպես, որ դիմացինին չվնասեն, էմոցիաները և բամբասանքը չանձնավորել։ Կանայք տեղեկացան, որ մարդիկ ավելի խոցելի են հույզերի նկատմամբ, երբ դիմացինի ասածները կամ վարքագիծն անձնավորված ձևով են ընկալում՝ մտածելով, որ այն ուղղված է իրենց անձի դեմ։ Պարզապես պետք է հասկանալ, որ դա դիմացինի էմոցիաների դրսևորման ձևն է, և պետք չէ դրանք անձնավորել։ Նաև տեղեկացան պրոյեկցիայի երևույթի մասին։ Այսինքն՝ յուրաքանչյուր անձ իր ունեցած տրավմաների, հույզերի, դաստիարակության արդյունքում է որևէ գործողություն կատարում, օրինակ, որևէ մեկի մասին բամբասանք են տարածում։ Հետևաբար պետք չէ դրանք վերագրել սեփական անձին։

Դասընթացն ամփոփվեց շնչառական վարժություն ենթադրող կոգնիտիվ տեխնիկայի կիրառմամբ, որն օգնում է ուղեղը բեռնաթափել ավելորդ ինֆորմացիայից, մտքերից, հույզերից և էմոցիաներն ավելի կառավարելի դարձնել։ Վարժության գործնական առավելությունն այն է, որ կարելի է կիրառել նաև ինքնուրույն՝ առանց հոգեբանի ներկայության։ Կարևորն այն է, որ առաջին անգամ հոգեբանի կողմից ճիշտ ցուցումներ տրամադրվեն։ Կանայք մեծ ոգևորվածութամբ հեռացան՝ ասելով, որ անհամբերությամբ կսպասեն հաջորդ հանդիպմանը։

Հունիսի 5-ին նույն թեմայով դասընթաց ունեցանք պրոբացիայի 6 կին շահառուի մասնակցությամբ։ Հոգեբան Արմինե Ադամյանի հետ կանայք քննարկեցինք մի շարք կարևոր հարցեր՝ արդյո՞ք իրենք էմոցիոնալ են, ի՞նչ գործոններ են ազդում իրենց էմոցիոնալ վիճակի վրա, ինչպե՞ս են նման իրավիճակներում վերաբերվում իրենց էմոցիաներին և այլն։

Հետաքրքիր էր իմանալ, որ այս հարցում ևս կանանց փորձառությունը տարբեր է։ Հուզական անկայունության վրա կարող են ազդել ընտանեկան վիճակը, մանկական տրավմաները, ծնողների ոչ գրագետ միջամտությունն իրենց անձնական կամ գործնական կյանքին, երեխաների դաստիարակության հարցում չսխալվելը, որոշումները, որոնց վրա իրենք օբյեկտիվորեն չէին կարող ազդել և այլն։

Դասընթացը կարևոր էր այնքանով, որ մասնագետի կողմից փոխանցվեցին հուզական գրագիտության մի շարք գործիքակազմեր։ Կանայք սովորեցին հույզերի կարգավորման, ինքնաճանաչման և հույզերի ճանաչման, ինքնատիրապետման մեխանիզմների մասին։ Ասացին, որ այժմ, երբ գիտեն հույզերի ժառանգման, էմոցիոնալ հիշողության, հուզական դաստիարակության, չապրված հույզերի մասին, իրենց համար շատ ավելի հեշտ կլինի կողմնորոշվել կյանքի տարբեր իրավիճակներում, հանգուցալուծել կոնֆիկտները և զերծ մնալ տրավմաներից կամ դրանք ավելի հեշտությամբ հաղթահարել։

Դասընթացն ինտերակտիվ էր, լի հարցուպատասխանով ու տարբեր խաղերով։ Ճիշտ է, կանայք ազատության մեջ են և չունեն այն սահմանափակումները, ինչ քրեակատարողական հիմնարկում գտնվող կանայք։ Սակայն ազատության մեջ լինելն ամենևին չի նշանակում, որ կյանքը զերծ է սթրեսներից կամ պրոբլեմատիկ իրավիճակներից։ Հետևաբար կարևոր է, որպեսզի Պրոբացիայի ծառայությունը, որպես իրենց հետ աշխատող առաջնային կառույց, մշտապես բարելավի և ընդլայնի հոգեբանական ու վերականգնողական աշխատանքների ծավալը։ Եվ անչափ ուրախ ենք իմանալ, որ այդ համատեքստում մեր կողմից իրականացվող դասընթացներն աջակցում են Պրոբացիայի ծառայության Վերականգնողական և վերասոցիալականացման բաժնին՝ շահառու կանանց հետ աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու հարցում։

«Առողջ հոգի՝ առողջ մարմնում. հանուն ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների բարեկեցության ապահովման» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.