Իրավական նախաձեռնությունների կենտրոնին են դիմել դատապարտյալներ տարբեր քրեակատարողական հիմնարկներից՝ մտահոգություն հայտնելով իրենց համար նախատեսված միասնական նմուշի արտահագուստի վերաբերյալ։
Դժգոհությունները վերաբերել են արտահագուստի կտորի որակին։ Դատապարտյալները մասնավորապես նշել են, որ կոտրն անորակ է, ինչի պատճառով ոմանք ալերգիա են ունենում։ Նշել են, որ գույնը գորշ և ճնշող է։ Նաև նշել են, որ կտորը հաստ է, ինչի պատճառով հնարավոր չէ այն կրել տաք եղանակներին։ Բացի այդ, չի ապահովվում հագուստի բազմազանությունը։ Նշել են, որ, օրինակ, չեն տրամադրվում կարճաթև շապիկներ կամ վերնաշապիկներ, ինչը ևս դժվարացնում է այդ հագուստը տաք եղանակներին կրելը։ Որոշ դատապարտյալներ դժգոհություններ են ունեցել՝ կապված հագուստի չափերի հետ՝ նշելով, որ այն անհամեմատ մեծ է և հարմար չէ կրելը։
Պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել ենք Արդարադատության նախարարությանը և Քրեակատարողական ծառայությանը՝ խնդրելով տեղեկացնել, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում նշված և դատապարտյալներին միասնական նմուշի արտահագուստով ապահովելու հետ կապված այլ հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ։
Մանրամասնելով ընթացակարգը՝ տեղեկացրել են, որ դատապարտյալների հանդերձանքի տրամադրումը կազմակերպվում է Կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի թիվ 245-Ն որոշման Հավելված 1-ով սահմանված պահանջների համաձայն։ Այդ հավելվածով սահմանված պահանջների համաձայն՝ դատապարտյալների համար կարճաթև շապիկներ նախատեսված չեն։
Դատապարտյալները, գրավոր ցանկության դեպքում նաև կալանավորված անձինք ապահովվում են կլիմայական պայմաններին և սեռին համապատասխան միասնական նմուշի հագուստով, որը ձեռք է բերվում համապատասխան գնման ընթացակարգով, ըստ տարբեր չափերի՝ սկսած փոքրից մինչև մեծ։
Անազատության մեջ պահվող անձանց հասանելիք (եղանակային պայմաններով, սեռով պայմանավորված) միասնական նմուշի հանդերձանքը տրամադրվում է ըստ համապատասխան չափսերի՝ հաշվի առնելով ազատազրկված անձի բանավոր հայտարարությունը՝ իր հագուստի չափսերի վերաբերյալ, որի հատկացումից (տրամադրումից) հետո ազատազրկված անձի (դատապարտված անձի) անձնական քարտում կատարվում է համապատասխան գրառում՝ տրամադրման վերաբերյալ:
Այն դեպքերում, երբ ինչ-որ հանգամանքներով պայմանավորված՝ ազատազրկված անձին տրամադրվել է սխալ կամ ոչ համապատասխան չափսի հանդերձանք, ապա այն համապատասխան արձագանքի՝ նույնիսկ բանավոր դիմումի պարագայում, հիմնարկի համապատասխան տնտեսական ապահովման բաժնի աշխատակցի կողմից փոխարինվում է, տրամադրվում է ազատազրկված անձի չափսերին համապատասխանող հանդերձանք։
Միևնույն ժամանակ տեղեկացրել են, որ Քրեակատարողական ծառայության պետի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հաշվի առնելով նաև միջազգային փորձը, ուսումնասիրություններ է կատարում՝ դատապարտյալներին տրամադրվող հանդերձանքի չափաբաժինների, դրանց բաշխման գործընթացի արդիականացման, հանդերձանքի տրամադրման գործընթացում առաջացած խնդիրների կարգավորման, նոր չափաքանակներ սահմանելու, հանդերձանքի հատկացման, գրանցման և հաշվառման նոր կարգ սահմանելու համար։