2024 թվականի հունիսի 11-12-ին Եվրոպայի խորհուրդը կազմակերպել էր քրեական արդարադատության համակարգում վերականգնողական արդյունավետ մոտեցումների ուսումնասիրմանն ուղղված համաժողով, որի նպատակն էր բովանդակալից քննարկումներ խթանել և միջազգային տեսակետներ փոխանակել վերականգնողական գործելակերպերի վերաբերյալ:
«Տարբեր շահագրգիռ կողմերի ներգրավում. ազգային իշխանությունների, ՀԿ-ների ու այլ դերակատարների դերը արդյունավետ ծրագրերի ձևավորման գործում» թեմայով պանելային քննարկմանը զեկուցումով հանդես է եկել նաև Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը։
Նա ներկայացրել է կազմակերպության գործունեության նպատակները, մինչ այժմ իրականացրած ծրագրերը և առավել նշանակալից արդյունքները։ Այնուհետև անդրադարձել է արդյունավետ համագործակցության նախադրյալներին և մարտահրավերներին։
Այդ համատեքստում կարևորել է ազատազրկված անձանց ու պրոբացիայի շահառուների շրջանում, ինչպես նաև քրեակատարողական և պրոբացիայի համակարգում փոխադարձ ճանաչումը և վստահությունը, դրական ընկալման ձևավորումը, տարբեր դերակատարների և շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև փոփոխությունների հասնելու հարցում հասարակական կազմակերպությունների դերի կարևորումը։
Անդրադառնալով մարտահրավերներին՝ առանձնացրել է հետևյալ մտահոգիչ գործոնները՝ պատասխանատու պաշտոններում նշանակված անձանց հաճախակի փոփոխություն, համակարգի բարելավման ուղղությամբ իրականացվող փոփոխությունների վերաբերյալ ոչ կոնցեպտուալ ընկալում համակարգում, հասարակական կազմակերպություններին ծառայությունների պատվիրակման, պետական դրամաշնորհների մեխանիզմների բացայակություն, հասարակական կազմակերպությունների ծրագրերի հենքի վրա պետական ծրագրերի մշակման մեխանիզմների բացայակություն։
Չեխիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Լատվիայից, Մոլդովայից, Նիդերլանդներից և Պորտուգալիայից խոսնակները կիսվեցին իրենց հմտություններով և լավագույն փորձով այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են քրեական արդարադատության վերականգնողական արդյունավետ մոտեցումները, կրկնահանցագործության նվազեցման և սոցիալական ներառման խթանման համար վերականգնման կարևորությունը, հատուկ իրավախախտ խմբերի յուրահատուկ խնդիրների և կարիքների լուծումը, ինչպես նաև՝ ազդեցության չափումը և ծրագրերի արդյունավետության գնահատումը: Համաժողովում կարևորվեց նաև տարբեր երկրների փորձը կախվածություն ունեցող անձանց վերականգնման ոլորտում, ընդգծվեց արդյունավետ ծրագրերի իրականացման համար ազգային իշխանությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի միջև համագործակցությունը: Հայաստանի ազգային շահագրգիռ կողմերը, ներառյալ Արդարադատության նախարարությունը, Պրոբացիայի և Քրեակատարողական ծառայությունները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, արժեքավոր տեղեկություններ տրամադրեցին Հայաստանի արդարադատության համակարգի վերաբերյալ: Ծրագիրը ներառում էր հիմնական զեկուցումներով ելույթներ, պանելային քննարկումներ և հարց ու պատասխանի նստաշրջաններ:
Համաժողովն ավարտվեց եզրափակիչ դիտարկումներով և առանցքային եզրակացությունների ամփոփմամբ, որոնցում նախանշվեցին Հայաստանի հետագա քայլերը Եվրոպայի խորհրդի և ծրագրի մասնակիցների հետ համագործակցությամբ:
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրերի շրջանակներում։ Ծրագրերը ֆինանսավորվում են Հայաստանի համար 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում և իրականացվում են Եվրոպայի խորհրդի կողմից։