«Առողջ հոգի՝ առողջ մարմնում. հանուն ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների բարեկեցության ապահովման» ենթադրամաշնորհային ծրագրով նախատեսված հերթական դասընթացի թեման «Կոնֆլիկտների կառավարումն» էր։ Պրոբացիայի 7 կին շահառուի համար այդ թեմայով դասընթացը կազմակերպեցինք 2024 թվականի հունիսի 12-ին։
Դասընթացը, ինչպես միշտ, ինտերակտիվ էր, լի հարցուպատասխանով և գործնական առաջադրանքներով։ Հոգեբան Արմինե Ադամյանը կանանց առաջարկեց մտածել այն հարցի մասին, թե արդյո՞ք իրենք կոնֆլիկտային են։ Մասնակիցները հետ գնացին իրենց մանկություն կամ պատանեկություն, հիշեցին դրվագներ ու պատմություններ գործնական, ուսանողական կամ ընտանեկան կյանքից։ Քննարկեցին իրենց կյանքում տեղի ունեցած տարբեր կոնֆլիկտային իրավիճակներ և փորձեցին հետահայաց գնահատական տալ և հասկանալ, թե այժմ ինչպես կդրսևորեին իրենց։
Կանայք տարիքային տարբեր խմբերից են։ Նրանց կենսափորձը, կրթությունը և մասնագիտությունը նույնպես բավականին տարբեր են՝ ուսանող, դասախոս, տնային տնտեսուհի, մատնահարդար, վարսահարդար, անգամ գինեգործ։ Հենց դրա շնորհիվ է, որ բերված օրինակները տարաբնույթ էին, ինչն էլ ավելի հետաքրքիր դարձրեց քննարկումը։
Դասընթացավարն օգնեց ճանաչել կոնֆլիկտի դրսևորման փուլերը և ձևերը։ Հետաքրքիր էր իմանալ, որ կան կոնֆլիկտների կառավարման տարբեր տեխնիկաներ։ Կանայք միանշանակ փաստեցին, որ այժմ, երբ տեղեկացված են կոնֆլիկտների առաջացման պատճառների մասին և տիրապետում են դրանց կառավարման հմտություններին, առավել գրագետ կարձագանքեն նմանատիպ իրավիճակներին։ Դա իր հերթին կօգնի, որպեսզի իրենց և շրջապատի հարաբերությունները լինեն առողջ ու զերծ տարատեսակ բռնություններից։
2024 թվականի հունիսի 14-ին նույն թեմայով դասընթաց կազմակերպեցինք նաև «Աբովյան» ՔԿՀ-ում։ Մասնակից 12 կանայք պատիժ են կրում անվտանգության տարբեր գոտիներում, սակայն կոնֆլիկտների առաջացման պատճառները գրեթե նույնն են։ Դրանք կապված են իրենց քրեական գործերի, առողջական վիճակի, բանտային կյանքի հետ։ Հոգեհուզական անկայուն վիճակի, դրանով պայմանավորված՝ կոնֆլիկտային իրավիճակների առաջացման նպաստող գործոններից են նաև խցում մենակ լինելը, կոնֆլիկտային խցակիցներ ունենալը, ընտանիքի և երեխաների կարոտը, միջանձնային խնդիրները և այլն։
Կանայք բարձրաձայնեցին մի շարք հարցերի մասին ևս, որոնց առկայությունը մշտապես տարաձայնությունների է հանգեցնում։ Օրինակ, հսկիչների թիվը չի բավարարում արդյունավետ ծառայություն իրականացնելու համար։ Հնարավոր է՝ ցանկանան որևէ հարցով դիմել, սակայն հսկիչն իրենց ակնկալածից ուշ արձագանքի։ Զարմանալի չէր իմանալ, որ ազատազրկման պայմանները չարացնում են մարդկանց և անզորության կամ անօգնականության զգացողություն առաջացնում, ինչը նույնպես հանգեցնում է կոնֆլիկտային իրավիճակների։ Կանանց մեջ, ցավոք, շատ էին այնպիսինները, ովքեր հոգեկան առողջության խնդիրներ ունեն։ Ոմանք հոգեմետ դեղեր են խմում, և ասացին, որ երկարատև լարվածության պատճառով կպչուն մտքեր են ունենում, ինչի պատճառով երբեմն դժվարանում են հույզերի կառավարման և իրավիճակների տնօրինման հարցում։
Հոգեբան Արմինե Ադամյանի օգնությամբ կանայք ինտերակտիվ խաղի միջոցով ճանաչեցին կոնֆլիկտների առաջացման հիմնական պատճառները։ Խաղը հետևյալն էր։ Մի քանի վայրկյան թղթին նայելուց հետո մասնակիցները պետք է ասեին, թե ինչ նկարներ են պատկերված։ Իմաստն այն է, որ նույն նկարում տարբեր մարդիկ տարբեր պատկերներ են տեսնում, ինչն էլ բացատրում է կոնֆլիկտների առաջացման պատճառը՝ նույն իրավիճակը մարդիկ տարբեր ձևով են տեսնում և ընկալում։ Կանայք իմացան նաև պրոյեկցիայի մասին, երբ կոնկրետ իրավիճակում թվում է, թե դիմացինն ունի նույն զգացողությունը, մտահոգված է նույն խնդրով, ինչ իրենք։
Կանայք պատմեցին նաև կոնֆլիկտների հաղթահարման իրենց ուղիների մասին, որոնք տարբեր էին։ Հետաքրքիր էր իմանալ, որ ոմանք աշխատում են կոնֆլիկտի մեջ չմտնել, ոմանք փորձում են քննարկել և համատեղ գտնել պատճառները, ճշգրտել դրան առնչվող հարցերը։ Մյուսներն արհամարհում են, սովորել են համբերատար լինել կամ սպասում են, որպեսզի լարվածությունն անցնի և որոշ ժամանակ անց համատեղ վերանայեն իրավիճակը։ Մյուսներն էլ ասացին, որ նախընտրում են մենակ հաղթահարել՝ առանց իրենց մտահոգությունների մասին այլոց տեղեկացնելով։
Համատեղ քննարկման արդյունքում կանայք տեղեկացան կոնֆլիկտների ժամանակ առավել հաճախ հանդիպող սխալների մասին, օրինակ, երբ իրավիճակը ծայրահեղացնում կամ ընդհանրացնում են, անհիմն կամ առանց ապացույցների եզրակացություններ են անում, իրավիճակն աղետավորում, անձնականացնում կամ պիտակավորում են, դիմացինին մեղադրում են, արհամարհում կամ մտածում են, որ կարող են փոխել։
Հարցուպատասխանին զուգահեռ հոգեբան Արմինե Ադամյանը փոխանցեց նաև մասնագիտական կարևոր տեղեկություններ։ Օրինակ, կանայք սովորեցին կոնֆլիկտի փուլերի և հաղթահարման տեխնիկաների մասին։ Իմացան, որ կոնֆլիկտին հավասարապես մասնակցում է նաև մարմինը։ Ոմանք ասացին, որ հուզված վիճակում մկանային ջղաձգում է առաջանում, օդը չի հերիքում, ձեռքները դողում են կամ սրտի աշխատանքն արագանում է։ Ֆիզիոլոգիական այս վիճակներն առաջանում են կորտիզոլի առաջացման պատճառով, որ արտադրվում է հուզական լարված վիճակում և օրգանիզմում մնում է 20 րոպե։ Արդյունավետ հանգուցալուծման համար կարևոր է կոնֆլիկտային իրավիճակին հաջորդող 20 րոպեն։ Հետևաբար անհրաժեշտ է հավասարապես հոգ տանել մարմնի մասին, ինչն օգնում է հոգեկան վիճակը կայունացնել։ Օրինակ, կանանցից մեկը նշեց, որ նման դեպքերում ձեռքերն է լվանում, ինչից հետո զգում է, որ թարմացել է, և լարվածությունը նվազել է։ Հոգեբանն այլ տարբերակներ էլ առաջարկեց։ Օրինակ, աչքերը փակ վիճակում շնչել-արտաշնչել և մտովի հանգստացնել մարմնի այն մասը, որն ամենաշատն է մասնակցում կոնֆլիկտին։ Կանանց հետաքրքրեց նաև հայելու տեխնիկան, որն օգնում է երկխոսության մեջ մտնել ինքդ քեզ հետ և քննարկել իրավիճակը։
Ուրախ էինք իմանալ, որ կանայք սկսել են կիրառել այս և նախորդ դասընթացների ժամանակ սովորած գիտելիքները և տեխնիկաները։ Լիահույս ենք, որ հիմնարկի աշխատակազմը մոտ ապագայում կանանց վարքագծում դրական փոփոխություններ կնկատի։
«Առողջ հոգի՝ առողջ մարմնում. հանուն ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների բարեկեցության ապահովման» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ։