Skip to content Skip to sidebar Skip to footer

Տեղի ունեցավ պրոբացիայի կին շահառուների և ազատազրկված կանանց համար նախատեսված վերջին դասընթացը

«Առողջ հոգի՝ առողջ մարմնում. հանուն ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների բարեկեցության ապահովման» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում «Ծնողավարության հմտություններ» թեմայով դասընթացի առաջին հանդիպումը տեղի ունեցավ 2024 թվականի մայիսի 22-ին: Մասնակցեցին պրոբացիայի 5 կին շահառու, ովքեր փորձաշրջանի փուլում են (դատապարտվել են ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել) և 1 շահառուի կին, ով ընտանեկան բռնության զոհ է եղել և քրեական գործով հանդես է եկել որպես տուժող։

Պրոբացիայի ծառայության Վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի պետի տեղակալ, հոգեբան Արմինե Ադամյանը խոսեց երեխա-ծնող հուզական կապի ստեղծման և ամրապնդման, երեխաների հիմնական իրավունքների, բռնության դրսևորումների, ծնողավարման ձևերի մասին։ Մասնակից կանանց համար հետաքրքիր էր քննարկել երեխաների տարիքային ճգնաժամերը և դրանց հաղթահարման մեխանիզմները։ Նաև հետաքրքիր էր իմանալ, թե մանկությունը ինչ հետք է թողնում հասուն տարիքում։

Հանդիպումը բավականին հագեցած և ինտերակտիվ էր, լի հարցուպատասխանով, իրենց կյանքի և փորձի մասին տարբեր օրինակներով ու պատմություններով, փոխադարձ հոգածությամբ և խորհուրդներով։  Եվ որ ամենակարևորն է, այն անցավ բնության գրկում, ինչն իր հերթին նպաստեց անկաշկանդ մթնոլորտի ձևավորմանը։ Դա օգնեց, որպեսզի կանայք կտրվեն առօրյա հոգսերից։ Չկար նաև արտաքին որևէ հանգամանք, որ կհիշեցներ, որ իրենք կյանքի տարբեր դիպվածներով հայտնվել են փորձաշրջանի փուլում։

Նույն թեմայով դասընթաց կազմակերպեցինք նաև դատապարտյալ կանանց համար։ Այն տեղի ունեցավ 2024 թվականի հունիսի 21-ին։ Դասընթացավարը սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ Էլինե Սանթրոսյանն էր։

Մասնակից 10 կանանց հետ ծանոթությունը սկսվեց բավականին ինտերակտիվ ձևով։ Կանայք մտովի հետ գնացին իրենց մանկություն, փորձեցին հիշել, թե ինչն էր իրենց մանկության տարիների սիրելի զբաղմունքը, խաղը, ինչն էր իրենց ամենաշատն ուրախացնում։ Դա նպաստեց, որպեսզի թիմային միջավայր ձևավորվի, կանայք միմյանց դրական տեսանկյունից ճանաչեն։ Պատժի կրման ընթացքում միշտ չէ, որ կարողանում են նման ձևաչափով շփվել և խոսել մանկության հուշերի կամ երազանքների մասին։

Հայտնվելով քրեակատարողական հիմնարկում՝ կանայք երեխաների խնամքի և դաստիարակության հետ կապված բազմաթիվ խնդիրների են առնչվում։ Հիմնական մարտահրավերը կապի պահպանումն է։ Այն շատ հաճախ խզվում է, քանի որ ամուսիններն են արգելում շփվել։ Լինում են նաև դեպքեր, երբ կանայք խուսափում են տեսակցություններից՝ թաքցնելու համար իրենց ազատազրկված լինելու փաստը կամ չցանկանալով երեխաներին ինտեգրել բանտային առօրյային։

Լուրջ մարտահրավեր է նաև հեռախոսակապի միջոցով կապի պահպանումը։ Մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ենք հեռախոսաքարտերի բարձր սակագների մասին, ինչի պատճառով կանայք չեն կարողանում բավարար չափով տեղեկանալ երեխաների առօրյայի մասին։ Չնայած այս դժվարություններին՝ շատերն անգամ քրեակատարողական հիմնարկից բավականին հոգատար են վերաբերվում իրենց երեխաների դաստիարակությանը, դպրոց հաճախելիությանը։ Սակայն կան երեխամայրեր, ովքեր ծնողավարության հմտությունների պակաս ունեն, ինչի պատճառով դժվարանում են երեխաների հիգիենան և խնամքը կազմակերպելու հարցում։

Հետևաբար դասընթացին անդրադարձանք երեխաների կարիքներին և սոցիալ-հոգեբանական պահանջմունքներին,  ինչպես նաև ուղեղների գրոհի միջոցով մասնակիցները վեր հանեցին մի շարք ասպեկտներ, որոնց կարիքն ունենում են երեխաները մանկության տարիներին: Այնուհետև դասընթացավարը ներկայացրեց դաստիարակության ավտորիտար, լիբերալ և դեմոկրատական ոճերը, պրակտիկ օրինակներով քննարկեց դրանցից յուրաքանչյուրի ազդեցությունն ու հետևանքները: Կանանց հետ քննարկեց նաև երեխայի և ընտանիքի մյուս անդամների հետ առողջ հարաբերությունների կառուցման կարևոր նախապայմանները։

Կանայք տարբեր օրինակներ բերեցին իրենց փորձից, ասացին, թե որ իրավիճակում ինչ մոտեցում են կիրառել, դա ինչքանով է արդյունավետ եղել։ Եթե արդյունավետ չի եղել, ապա ինչ են արել իրավիճակը շտկելու համար։ Հարցուպատասխանի միջոցով հանգեցին այն եզրակացությանը, որ այդ մոտեցումներն անհետևանք չեն մնում և ազդեցություն են թողնում երեխաների անձի ձևավորման վրա։

Մասնակիցներն ընդհանուր պատկերացում կազմեցին նաև բռնության տեսակների, դրանց հետևանքների և կանխարգելման եղանակների մասին: Չէ՞ որ կանանց շրջանում շատ են այնպիսինները, ովքեր քրեակատարողական հիմնարկում են հայտնվել իրենց իսկ երեխաների նկատմամբ ամենատարբեր բռնությունների գործադրման հետևանքով։ Հետևաբար շեշտադրեցինք ծնողական սիրո, ջերմության, հոգատարության և խնամքի կարևորությունը։ Մասնակիցներին տպավորեց դասընթացավարի բերած օրինակը, որը ցույց տվեց բռնության հետևանքը երեխաների տարիքային զարգացման և անգամ ուղեղի կառուցվածքի վրա։

Խաղ-վարժության միջոցով ամրապնվեց այն գաղափարը, որ կարևոր է երեխային ընդունել այնպիսին, ինչպիսին կա։ Եվ եթե երեխային տալիս ենք վստահություն, ուշադրություն, սեր, քնքշանք, ապա երեխան կունենա այնպիսի դրական հատկանիշներ, որոնք կօգնեն իր ինքնիրացմանը։ Կանայք ընդհանուր համաձայնության եկան այն հարցի շուրջ, որ դաստիարակության և ծնողավարման հարցում պետք է այնպիսի մոտեցումներ որդեգրել, որոնք կօգնեն, որպեսզի երեխաներն ապագայում դառնան հասարակության լիարժեք անդամ։

Հանդիպման վերջում դասընթացավարը ներկայացրեց լեհ ականավոր մանկավարժ Յանուշ Կորչակի 10 պատվիրաններն՝ ուղղված ծնողներին, որոնք անչափ տպավորեցին մասնակիցներին, և նրանք նույնիսկ ցանկացան այդ պատվիրաններով կիսվել իրենց ընկերների հետ: Այդ գիտելիքը հավասարապես անհրաժեշտ է բոլոր կանանց համար, քանի որ կօգնի հարգալից վերաբերմունքի դրսևորմանն այն մայրերի նկատմամբ, ովքեր ստիպված են լինում իրենց մոտ պահել մինչև 3 տարեկան երեխաներին։ Բազմիցս ենք բարձրաձայնել, որ պատիժ կրող մայրերը շատ հաճախ հրաժարվում են իրենց երեխաներին զբոսանքի դուրս բերելուց, քանի որ ցանկանում են խուսափել լրացուցիչ հարցերից և երեխաներին ուղղված արտահայտություններից։

«Առողջ հոգի՝ առողջ մարմնում. հանուն ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների բարեկեցության ապահովման» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.