Skip to content Skip to sidebar Skip to footer

Կրկին չսխալվելու մղումը միտքս ուղղել է դեպի մաթեմատիկա և երկրաչափություն, որտեղ սխալներն անդառնալի չեն

2024 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող Զաքար Զոհրաբյանի «Երկրաչափական շարժումներ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսը կտևի մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը։

Ողջույնի խոսքով հանդես եկան Նկարիչների միության փոխնախագահ Լևոն Աբրահամյանը և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Հայկ Թովմասյանը։

Ներկայացնում ենք հեղինակի՝ Զաքար Զոհրաբյանի ողջույնի խոսքը, որ միջոցառման ժամանակ ներկայացրեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի  Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Հայկ Թովմասյանը։

Սիրելի՛ մասնակիցներ, ողջունում եմ բոլորիդ և իմ խորին շնորհակալությունը հայտնում ձեզ, որ այսօր ներկա եք «Երկրաչափական շարժումներ» խորագրով իմ անհատական ցուցահանդեսին։

Հարգելի՛ հանդիսատես, պատկերացնում եմ, որ ձեզանում կան մարդիկ, ովքեր ինձ չեն ճանաչում, ուստի տեղին կլինի՝ մինչ բուն խոսքիս անդրադառնալը փոքր-ինչ ներկայանամ։

Ես Զաքարն եմ, ծնունդով՝ Արարատից։ Արդեն շուրջ 15 տարի է, ինչ դատապարտվել եմ ցմահ ազատազրկման։ Ճիշտ է, դատավճիռն անմարդկային է, բայց վերջինս իրողություն է, որի հետ կամ հաշտվում են, կամ՝ ընդդիմանում։ Ես ընդդիմանում եմ և առաջին հերթին արվեստի ու գրականության միջոցով։

Վստահ եմ, որ շատ լավ հասկանում եք, թե ինչ է անում ցմահ ազատազրկումը մարդու հետ։ Այն խլում է ամեն ինչ։ Խլում է ընտանիքը, սիրուն ընկերներին, հարազատներին։ Ցմահ ազատազրկումը պարզապես մարդու միջից արմատախիլ է անում մարդկային ամեն ինչ։

Մինչդեռ այս տարիների ընթացքում արվեստն ու գրականությունը հնարավորինս հավասարակշռել են ցմահ ազատազրկումը, ուժ են տվել ինձ, դարձրել համարձակ՝ ընդառաջ գնալու բոլոր այն մարտահրավերներին, որոնք ծառացել են իմ առջև՝ լուսանցքում հայտնվելու հետևանքով։ Եվ այդ համարձակության ծնունդը հենց այս գեղեցիկ միջոցառումն է, որը, ի պատիվ ինձ, ունի ձեզ պես հիասքանչ մասնակիցներ։

Սիրելի ներկաներ, ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց և ծառայություններին, որոնց օգնությամբ հնարավոր դարձավ այս՝ ինչ-որ տեղ նաև անհավատալի ու պատմական իրադարձությունը, երբ դատապարտյալի անհատական աշխատանքները ցուցադրվում են պատվավոր մի վայրում՝ Հայաստանի նկարիչների միությունում։

Ուստի իմ հարգանքներն եմ փոխանցում Նկարիչների միությանը՝ նախագահ Սուրեն Սաֆարյանի գլխավորությամբ, Քրեակտարողական ծառայությանը, հատկապես «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը՝ հիմնարկի պետ Վահան Նասոյանի գլխավորությամբ, հիմնարկի Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Հայկ Թովմասյանին, ում հետ որոշել եմ իրականացնել այս գեղեցիկ միջոցառումը։

Ինչպես նաև իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր որևէ կերպ օգնել են ինձ և պայմաններ ստեղծել, որպեսզի իրականություն դառնա այս օրը, օգնել են ինձ հաղորդակից լինել արվեստին ու գրականությանը։ 

Սիրելի հաղորդակիցներ, ուզում եմ խոսել այն մասին, թե ինչու են իմ աշխատանքներն այդքան երկրաչափական, իսկ որոշները՝ նաև խիստ ճշգրիտ։ Այս մասին բավականին երկար եմ մտածել։ Հիշում եմ, որ առաջին անգամ դրա շուրջ լրջորեն խորհել եմ մոտ 10 տարի առաջ, երբ կարծում էի, թե վերջինս կարող է պայմանավորված լինել անձնական տրավմայով, այսինքն՝ կրկին չսխալվելու ուժգին մղումը կարող է միտքս ուղղել դեպի մաթեմատիկա և երկրաչափություն, որտեղ սխալներն անդառնալի չեն և կարող են ուղղվել։

Անկեղծ ասած, այդ շրջանում փորձում էի դա հաղթահարել, որպեսզի ինձ ազատ զգամ ստեղծագործելիս։ Սակայն տարիներ անց մասնագիտական գրականության և արդեն փորձի միջոցով ինձ համար պարզ դարձավ, որ գեղեցիկը մեզ շրջապատող աշխարհի բաղկացուցիչ և անբաժանելի մասն է կազմում, որ այն ապրում է ինչպես կոմպոզիցիաներում, այնպես էլ առանձին դետալներում ու առավել ևս գիտական կոշտ ու կոպիտ ձևերում։

Աշխատանքներում ցուցադրված String Art-ը մաթեմատիկական և երկրաչափական խիստ դրսևորում է, որն ունի նաև սուպրեմատիկ բնույթ այն իմաստով, որ վերջինս անգաղափար շարժում է, այլ կերպ ասած՝ դա չի ստեղծվել ըստ գեղեցկության նկատառումների, այլ զուտ երկրաչափական շարժում է, ճիշտ այնպիսի շարժում, ինչպիսին կատարում է Արեգակը ծագելուց ներառյալ մայր մտնելը։

Իմ աշխատանքներից մեկին տվել եմ «Երկիր և Վեներա» անունը, քանզի այն ստեղծելիս հաշվի եմ առել Երկրի ու Վեներայի սիդետիկ պարբերությունը՝ Երկրի՝ 5, իսկ Վեներայի՝ 8 տարիների պտույտն Արեգակի շուրջ։ Ի տարբերություն արվեստի այլ ձևերի՝ String Art-ը կարողանում է ցույց տալ, թե ինչպես են երկրաչափական ձևերը կառուցվում տարածության և ժամանակի մեջ, օրինակ՝ կորը, բուրգը, ուղղանկյունը, գունդը կամ տիեզերական մարմինների հետագծերը։

Լինելով ժամանակակից ու թերևս գիտությանն ամենամոտը կանգնած արվեստը՝ String Art-ը մեր առջև գեղագիտական տեսանկյունից մի նոր հորիզոն է բացում։ Այն մեզ հաղորդակից է դարձնում կյանքի և առհասարակ տիեզերքի այն գեղեցիկ կողմերի հետ, որոնք ամփոփված, իսկ հաճախ՝ խիստ քողարկված են մաթեմատիկական և երկրաչափական բարդ հաշվարկների տակ։ Իմ կարծիքով, նույնիսկ այսօր դեռ չի բացահայտվել String Art-ի ողջ պոտենցիալը, որն ընդունակ է յուրովի միավորել արվեստն ու գիտությունը։

Լիահույս եմ, որ ձեզ կգրավի ժամանակակից արվեստի այս նոր ուղղությունը՝ յուրովի հաղորդակից դարձնելով ձեզ բնության, մաթեմատիկայի ու երկրաչափության հետ ընդհանրապես։

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ հիշատակել արվեստի մասին Նիցշեի դիտարկումներից մեկը․ «․․․ մենք սիրում ենք բնությունը, որքան քիչ են նրա մեջ մարդկային բաներ լինում»։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.