Արձագանքելով «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հրավերին՝ 2024 թվականի հոկտեմբերի 2-ին Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն, գրականագետ Սևակ Ղազարյանը հյուրընկալվեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։
Այցը մեկնարկվեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Հեղինե Մարտիրոսյանի հետ հանդիպումով։ Հիմնարկի ղեկավարության կողմից բարձր գնահատվեց համագործակցության պատրաստակամությունը և նմանատիպ նախաձեռնությունների դրական ազդեցությունն ազատազրկված կանանց կյանքում։
Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում ազատազրկված կանանց հետ։ Սևակ Ղազարյանը ներկայացրեց Պարույր Սևակի կյանքի և ստեղծագործական գործունեության առավել նշանակալից և հետաքրքիր փաստերը։ Կանանց հետաքրքրում էր, թե ինչպիսին էր մեծ գրողն ընտանիքում, ընկերների հետ շփման մեջ, ինչ պատգամ է փոխանցել իր զավակներին, ինչ պատգամներ են փոխանցվել իր թոռներին։ Կանայք խոսեցին նաև այն մասին, թե որոնք են մեծ գրողի՝ իրենց կողմից առավել սիրված ստեղծագործությունները։
Հանդիպումը ևս մեկ անգամ փաստեց այն մասին, թե գիրքը և ընթերցանությունը որքան մեծ դեր ունեն դատապարտյալների համար, և թե որքան կարևոր է նրանց արվեստին ու մշակույթին հաղորդակից դարձնելը։ Հենց այդ նպատակադրմամբ էլ Սևակ Ղազարյանը թանգարանի կողմից հիմնարկի գրադարանին նվիրեց 30 միավոր տարբեր ժանրերի գիրք:
Հանդիպման ավարտից հետո տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը ծանոթացավ ուսումնական սենյակներին, մարզադահլիճին, մարզասրահին և գրադարանին։ Հյուրին տպավորել էր հիմնարկի բարեկարգ և խնամված վիճակը, դատապարտյալ կանանց վերասոցիալականացման և կրթության կազմակերպման համար ստեղծված պայմանները։
Աշխատանքային պայմանավորվածություն ձեռք բերվեց պարբերաբար աջակցել հիմնարկի գրադարանի համալրմանը և մշակութային միջոցառումների կազմակերպմանը։