Շնորհավորու՜մ ենք գրադարանավարների օրվա կապակցությամբ և հատուկ շնորհակալություն հայտնում քրեակատարողական հիմնարկներում գործող գրադարանների գրադարանավարներին։
Անգնահատելի են ընթերցանության և գրադարանների դերը և նշանակությունն ազատազրկված անձանց կյանքում։ Դրանք նպասում են կրթության և տեղեկատվության ազատության իրավունքի իրացմանը, արդյունավետ զբաղվածության և արտաքին աշխարհի հետ կապի ապահովմանը, ընթերցանության նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը, պայմաններ են ստեղծում ստեղծագործական և մշակութային նախասիրությունների բավարարման, անձնական աճի և զարգացման համար:
Այս համատեքստում կազմակերպությունը մշտապես կարևորում է այնպիսի նախաձեռնությունների իրագործումը, որոնք ուղղված են քրեակատարողական հիմնարկներում գործող գրադարանների բարելավմանը, գրքերով համալրմանը և ազատազրկված անձանց շրջանում ընթերցանության խթանմանը։
Դեռևս տարեսկզբին «Բանբեր Հայաստանի գրադարանների» հանդեսի 2024 թվականի 1-ին համարում հրապարակվել է Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանի հեղինակած «Գրադարանների դերը և նշանակությունը ազատազրկված անձանց համար․ հայաստանյան փորձի ուսումնասիրություն» հետազոտական լայնածավալ հոդվածը, որը նմանատիպ հետազոտության առաջին փորձն է Հայաստանում։
Արձագանքելով կազմակերպության հրավերին՝ Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանը և Գրքափոխանակության բաժնի վարիչ Մայա Հայրապետյանը 2024 թվականի հուլիսի 26-ին հյուրընկալվել են «Սևան» քրեակատարողական հիմնարկում։ Ազգային գրադարանի անունից հիմնարկի գրադարանին է նվիրաբերվել 70 միավոր գիրք։ Աշխատանքային պայմանավորվածություն է ձեռք բերվել Ազգային գրադարանի օժանդակությամբ հիմնարկին նվիրել հայ և արտասահմանյան նոր ու բազմաժանր գրքեր։ Նաև քննարկվել է Ազգային գրադարանի կայքի ռեսուրսները դատապարտյալներին հասանելի դարձնելու, այդպիսով՝ նրանց շրջանում ընթերցանությունը խթանելու հարցը։
Արձագանքելով կազմակերպության հրավերին՝ Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը 2024 թվականի հոկտեմբերի 2-ին հյուրընկալվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ Սևակ Ղազարյանը թանգարանի կողմից հիմնարկի գրադարանին է նվիրել 30 միավոր տարբեր ժանրերի գիրք: Աշխատանքային պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար աջակցել հիմնարկի գրադարանի համալրմանը և մշակութային միջոցառումների կազմակերպմանը։ Թանգարանի կողմից ևս 50 միավոր գիրք նվիրաբերվել է «Սևան» քրեակատարողական հիմնարկի գրադարանին։