2025 թվականի հունվարի 10-ին Քրեակատարողական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել առ այն, որ նույն օրը՝ ժամը 02։15-ի սահմաններում, «Արթիկ» ՔԿՀ-ի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997 թվականին ծնված Ա․Հ․-ն՝ կախված վիճակում։
Կազմակերպությունը դիմել է Քրեակատարողական ծառայությանը՝ խնդրելով որոշ տեղեկություններ են հաղորդել տվյալ կալանավորված անձի վերաբերյալ։ Մասնավորապես․
- Արդյո՞ք նախկինում ունեցել է դատվածություն, եթե՝ այո, ապա ի՞նչ հոդվածներով և քանի՞ անգամ։ Արդյո՞ք նախկինում եղել է կալանավորված, եթե՝ այո, ապա ի՞նչ հոդվածներով և քանի՞ անգամ։
- Ե՞րբ է մուտք գործել քրեակատարողական հիմնարկ, որքա՞ն ժամանակով է եղել կալանավորված։
- Ըստ նախնական տվյալների՝ ո՞րն է եղել ինքնասպանության պատճառը, և ի՞նչ եղանակով է այն կատարել։
- Նախքան ինքնասպանությունը, արդյո՞ք կատարել է ինքնավնասում կամ ինքնասպանության փորձ։ Եթե՝ այո, ապա ի՞նչ պատճառներով և քանի՞ անգամ։
- Երբ մուտք է գործել քրեակատարողական հիմնարկ, արդյո՞ք կատարվել է ինքնավնասման և ինքնասպանության ռիսկի նախնական զննություն և/կամ խորքային գնահատում։
- Եթե՝ այո, ապա ի՞նչ արդյունքներ են արձանագրվել, և քրեակատարողական հիմնարկի համապատասխան մասնագիտական խմբի կողմից ի՞նչ աշխատանքներ են կատարվել ինքնասպանության հնարավոր ռիսկի նվազեցման և անձի հոգեբանական վիճակի բարելավման ուղղությամբ։
2025 թվականի հունվարի 20-ին Քրեակատարողական ծառայությունից ստացվել է պաշտոնական պարզաբանում առ այն, որ ինքնասպանություն կատարած կալանավորված անձը նախկինում դատապարտված չի եղել, իսկ նախկինում կալանավորված լինելու վերաբերյալ այլ տեղեկատվություն առկա չէ։
Անձը «Արթիկ» ՔԿՀ մուտք է գործել 2023 թվականի նոյեմբերի 23-ին և մինչ դեպքի օրը հանդիսացել է կալանավորված անձ։ 2024 թվականի սեպտեմբերի 30-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 393 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածով նշանակված պատժին հաշվակցվել է 10 ամիս 10 օր փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը և թողնվել է կրելու 5 տարի, 7 ամիս, 20 օր ժամկետով ազատազրկում, սակայն դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ գործը գտնվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վարույթում։ Բացի այդ, մեղադրվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով, գործը գտնվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում։
Քրեակատարողական ծառայությունից նաև հայտնել են, որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու օրը՝ 2023 թվականի նոյեմբերի 23-ին, կատարվել է ինքնավնասման և ինքնասպանության ռիսկի նախնական զննություն, որի արդյունքում ռիսկի մակարդակը գնահատվել է ցածր, հետևաբար խորքային գնահատման անհրաժեշտություն չի առաջացել։ Քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում երբևէ ինքնավնասում կամ ինքնասպանության փորձ չի կատարել։
Ինչ վերաբերում է ինքնասպանության եղանակին, ապա տեղեկացրել են, որ այն կատարվել է սավանից պատրաստված ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։ Պատճառի մասին տեղեկություն չեն տրամադրել՝ նշելով, որ այն կպարզվի քրեական վարույթի շրջանակներում։
Այնուամենայնիվ, կարծում ենք, որ անհրաժեշտ է կալանավորված անձանց հետ տարվող հոգեբանական աշխատանքն առավել ինտենսիվ դարձնել դատական նիստերից առաջ և հետո՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում դատապարտված չլինելու պարագայում ազատազրկման դատապարտումը և երկար ժամանակահատվածով անազատության մեջ լինելը կարող են հոգեբանական անկայուն վիճակի առաջացման պատճառ դառնալ։
Կազմակերպությունը դիմել է նաև Քրեակատարողական բժշկության կենտրոնին՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե երբ անձը մուտք է գործել քրեակատարողական հիմնարկ, արդյո՞ք կատարվել է հոգեկան առողջության նախնական զննություն և/կամ ռիսկերի և կարիքների խորքային գնահատում։ Եթե՝ այո, ապա ի՞նչ արդյունքներ են արձանագրվել, և կենտրոնի համապատասխան ստորաբաժանման մասնագիտական խմբի կողմից ի՞նչ աշխատանքներ են կատարվել անձի հոգեկան առողջության վիճակի բարելավման ուղղությամբ։
2025 թվականի հունվարի 21-ին պատասխան է ստացվել այն մասին, որ հիմնարկ մուտք գործելուց հետո անձը ենթարկվել է հոգեկան առողջության զննության սկրինինգի, սակայն արդյունքների, ինչպես նաև անձի առողջական վիճակի վերաբերյալ այլ տեղեկատվություն չի տրամադրվել, քանի որ դա համարվում է բժշկական գաղտնիք, որը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» մասին օրենքի 11-րդ հոդվծի 3-րդ կետի համաձայն, կարող է փոխանցվել պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ, բացառությամբ նշված օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերի։
Ստացվում է, որ Կազմակերպությունը հնարավորություն չունի տեղեկատվություն ստանալ նաև այն մասին, թե արդյո՞ք անձի հոգեկան առողջության վիճակը կարող էր կապ ունենալ թմրամիջոցների գործածման հետ (հաշվի առնելով քրեական գործը) կամ արդյո՞ք վերջինս մեթադոնային փոխարինող բուժման մեջ ընդգրկվելու կարիք է ունեցել, և եթե՝ այո, ապա արդյո՞ք ընդգրկված է եղել։