Skip to content Skip to sidebar Skip to footer

Ազատազրկված անձինք չափազանցված կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են ներկայացնում․ ի՞նչ է պարզաբանում Քրեակատարողական ծառայությունը

Իրավական նախաձեռնությունների կենտրոնը 2025 թվականի տարեսկզբին «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող մի շարք դատապարտյալներից և կալանավորված անձանցից բողոքներ է ստացել, որոնց լուծման համատեքստում 2025 թվականի հունվարի 15-ին գրավոր առաջարկություններ է ներկայացրել Արդարադատության նախարարությանը։ Արդարադատության նախարարությունը գրությունը վերահասցեավորել է Քրեակատարողական ծառայությանը, որը կազմակերպության կողմից բարձրաձայնված հարցերը քննարկել է Քրեակատարողական ծառայության համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմի հետ և 2025 թվականի փետրվարի 5-ին պատասխան գրությամբ պարզաբանումներ ներկայացրել կազմակերպությանը։

Ազատազրկված անձինք մասնավորապես նշել են, որ «Արմավիր» ՔԿՀ-ի գլխավոր դարպասները 2024 թվականի մայիսից, բացառությամբ 1-անգամյա կարճ ընդհատման, մշտապես փակ են պահվում։ Գլխավոր դարպասից հանձնուքի ընդունման սենյակ տանող ճանապարհից մեքենայով թույլատրվում է օգտվել միայն հանձնուք փոխանցող տարեց մարդկանց։ Մյուս քաղաքացիներին թույլատրվում է օգտագործել փոխադրող սայլակ, սակայն սայլակը մեկն է և չի բավարարում 1000-ից ավելի ազատազրկված անձանց հանձնուք փոխանցող անձանց։ Դա խնդիրներ է առաջացնում, քանի որ ճանապարհը, ըստ ազատազրկված անձանց փոխանցած տեղեկատվության, 200 մետրից ավելի է։ Հանձնուք փոխանցող անձանց համար դժվար է այդքան ճանապարհը ոտքով անցնել, հատկապես եղանակային ոչ բարենպաստ պայմաններում։ Սրան կարող ենք ավելացնել նաև հանձնուք փոխանցող և տեսակցության եկած անձանց համար նախատեսված սպասասրահի բացակայությունը, ինչպես նաև հիմնարկի գլխավոր մուտքի մոտ ծածկերով նստարանների բացակայությունը։

Այս համատեքստում կազմակերպությունն առաջարկել է դիտարկել «Արմավիր» ՔԿՀ-ում հանձնուքը տրանսպորտային միջոցով հանձնուքի ընդունման սենյակին մոտեցնելու, հանձնուք փոխանցող և տեսակցության եկած անձանց համար սպասասրահ նախատեսելու, ինչպես նաև հիմնարկի գլխավոր մուտքի մոտ ծածկերով նստարաններ տեղադրելու հարցը։

Քրեակատարողական ծառայությունից տեղեկացրել են, որ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող ազատազրկված անձանց հանձնուքներ փոխանցելու և վերջիններիս տեսակցելու նպատակով հիմնարկ այցելած քաղաքացիների համար 2024 թվականի ընթացքում հիմնարկի գլխավոր մուտքի մոտ տեղադրվել է 1 զրուցարան՝ համապատասխան ծածկով և նստարաններով, ինչպես նաև կառուցվել է ցայտաղբյուր։ Առկա են հսկիչ-անցագրային կետի և սպասասրահի կառուցման նախագծանախահաշվարկային փաստաթղթեր, սակայն շինարարական աշխատանքների արժեքը կազմում է 42,273,720 ՀՀ դրամ, և նշված շինարարական աշխատանքների ֆինանսական միջոցները 2025 թվականի պետական բյուջեով չեն նախատեսվել։ Հիմնարկում պահվող ազատազրկված անձանց այցելող քաղաքացիները հանձնուքներ փոխանցելու կամ տեսակցելու համար նախապես հերթագրվում են, ինչից հետո, ըստ հերթագրման, կազմակերպվում է նրանց մուտքը քրեակատարողական հիմնարկի տարածք իրենց իսկ մեքենաներով՝ ընդհուպ մինչև հանձնուքների ընդունման սենյակի մոտ, բացառությամբ այն քաղաքացիների, ովքեր այցելել են մարդատար տաքսի մեքենաներով, որոնք սպասելու հնարավորություն չունեն։

Ազատազրկված անձինք դժգոհություններ են հայտնել նաև «Արմավիր» ՔԿՀ-ին կից գործող կրպակից՝ նշելով, որ արդեն 3 շաբաթ է, ինչ այն չի աշխատում։ Դա մեծ դժվարություններ է առաջացնում հատկապես ջրի հետ կապված։ Հանձնուքով փոխանցվող ջուրը հաշվվում է հանձնուքի քաշի մեջ, հետևաբար ազատազրկված անձինք փորձում են այն ձեռք բերել կրպակից, որպեսզի այն դուրս մնա հանձնուքի քաշից և հավելյալ դժվարություններ չառաջացնի հանձնուք փոխանցող անձանց համար։ Բացի այդ, նրանք նախընտրում են օգտագործել կրպակից գնված ջուրը, քանի որ գոհ չեն հիմնարկի խմելու ջրի որակից՝ մտավախություն ունենալով, որ այն կարող է ոռոգման համար նախատեսված ջուր լինել։

Նշվածից բացի, ազատազրկված անձինք դժգոհել են կրպակում առաջարկվող ապրանքների տեսականու սակավությունից և դրանց բարձր սակագներից։ Նրանք նաև մտահոգություն են հայտնել առ այն, որ չեն պահպանվում իրենց կողմից պահանջված ապրանքների քաշերը։ Մեկ այլ խնդիր էլ կապված է կրպակավարի վարքագծի հետ․ վերջինս հրաժարվում է ներկայացնել գնված ապրանքների ՀԴՄ կտրոնները կամ հաշիվ-ֆակտուրաները և, ըստ ազատազրկված անձանց, չի ընդունում պատվեր այն անձանցից, ովքեր պահանջում են դրանք։

Բարձրաձայնված մտահոգությունների համատեքստում կազմակերպությունն առաջարկել է պարզել «Արմավիր» ՔԿՀ-ի կրպակի չգործելու պատճառները՝ պարզաբանումներ ներկայացնելով այն մասին, թե ներկայումս ինչպես են կազմակերպվում այդ աշխատանքները։ Առաջարկել է ուսումնասիրել ազատազրկված անձանց փոխանցվող ջուրը հանձնուքի քաշի մեջ չդիտարկելու և օրենսդրական համապատասխան փոփոխություններ կատարելու հարցը, հիմնարկում խմելու ջրի որակի հետ կապված մտահոգությունները՝ քայլեր ձեռնարկելով դրանք շտկելու ուղղությամբ։ Նաև առաջարկել է դիտարկել կրպակի միջոցով առաջարկվող ապրանքների բազմազանության և սակագների մատչելիության հարցը, գնված ապրանքների՝ ազատազրկված անձանց կողմից մատնանշված քաշի պահպանման հետ կապված դժգոհությունները՝ քայլեր ձեռնարկելով դրանք բացառելու ուղղությամբ, ինչպես նաև ազատազրկված անձանց համար գնված ապրանքների ՀԴՄ կտրոնները կամ հաշիվ-ֆակտուրաները կրպակավարի կողմից չներկայացնելու հետ կապված դժգոհությունները՝ քայլեր ձեռնարկելով դրանք բացառելու ուղղությամբ։

Քրեակատարողական ծառայությունից տեղեկացրել են, որ հիմնարկի տարածքում գործող խանութ-կրպակն աշխատել է 2015 թվականի ընթացքում մի քանի ամիս, որից հետո այն փակվել է, և մինչև օրս չի գործում։ Կրպակի հետագա աշխատանքները կազմակերպվել են համապատասխան աշխատակցի կողմից (կրպակավար)՝ հիմնարկին հնարավորինս մոտ գտնվող խանութի հետ կնքված պայմանագրի համաձայն։ Կրպակավարի միջոցով առաջարկվող ապրանքների բազմազանությունը թույլատրելիության սահմաններում ապահովվում է։ Ապրանքների կշիռն ու սակագները պարբերաբար ստուգվել են հիմնարկի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից՝ շուկայում առկա ապրանքների գներին համապատասխանելու և ազատազրկված անձանց կողմից պատվիրված ապրանքների կշռի պահպանման նպատակով, միաժամանակ ստուգվում են գնված ապրանքների պիտանելիության ժամկետները և քանակը։ Ազատազրկված անձանց կողմից գնված ապրանքների համար կրպակավարի և պայմանագրի կողմ հանդիսացող խանութի կողմից մշտապես ներկայացվում են հաշիվ-ապրանքագրեր, որտեղ արտացոլվում են ապրանքի գինը և քաշը։ Գնված ապրանքների դիմաց վճարումն իրականացվում է դեպոզիտային հաշվից՝ հիմք ընդունելով դուրս գրված հաշիվ-ապրանքագրերը։

Անդրադառնալով հիմնարկի խմելու ջրի որակին՝ տեղեկացրել են, որ իրականացված մեծածավալ արդիականացման աշխատանքների արդյունքում 2024 թվականի ընթացքում հնարավոր է եղել հիմնարկն ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ, փոխարինվել են պոմպերը, ջրագծերը, ծորակները, իսկ ջրի որակի կապակցությամբ բազմիցս իրականացվել են լաբորատոր փորձաքննություններ թե՛ տեսչական մարմինների կողմից, թե՛ Քրեակատարողական ծառայության կողմից, և մատակարարվող ջուրը համապատասխանում է խմելու ջրի համար նախատեսված սանիտարական կանոններով և նորմերով սահմանված պահանջներին։

Ազատազրկված անձինք դժգոհություններ են ներկայացրել նաև հիմնարկի նախկին պետի՝ Արսեն Արզումանյանի վերաբերյալ՝ կազմակերպությանը փոխանցելով վերջինիս կողմից հիմնարկի աշխատակիցների շրջանում բանավոր կերպով հայտարարություններ այն մասին, որ քանի դեռ ինքն է հիմնարկի պետը, ազատազրկված որևէ անձ խրախուսանք չի ստանալու։ Այս համատեքստում առավել անբարենպաստ վիճակում են հայտնվել հիմնարկում վերասոցիալականացման ծրագրերին և գործընթացներին առավել ակտիվ մասնակից դատապարտյալները, որոնց վերասոցիալականացման ակտիվ գործընթացը չի խրախուսվում։

Կազմակերպությունն այս համատեքստում առաջարկել է պարզաբանումներ ներկայացնել ազատազրկված անձանց կողմից փոխանցված մտահոգությունների մասին՝ ներկայացնելով վիճակագրական համապատասխան տվյալներ, թե ազատազրկված քանի՞ անձ է խրախուսանք ստացել Արսեն Արզումանյանի պաշտոնավարման ընթացքում։

Նշվածի կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունից տեղեկացրել են, որ 2024 թվականի ընթացքում քրեակատարողական բոլոր 10 հիմնարկներում ընդհանուր առմամբ խրախուսվել է ազատազրկված 13 անձ։ Քրեակատարողական հիմնարկի պետի կողմից ազատազրկված անձի նկատմամբ խրախուսանքի միջոց կիրառելու մասին որոշումը կայացնում է քրեակատարողական օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով նաև վերասոցիալականացման հանձնաժողովի կարծիքը։ «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Արսեն Արզումանյանի կողմից 2024 թվականի ընթացքում կիրառվել է խրախուսանքի 1, իսկ մինչ օրս՝ 3 միջոց։

Թեև Քրեակատարողական ծառայության դիրքորոշումն այն է, որ ազատազրկված անձանց կողմից ներկայացվող տեղեկությունները երբեմն չափազանցված են կամ չեն համապատասխանում իրականությանը, այնուամենայնիվ, առաջարկում ենք մշտապես հետևողականություն դրսևորել կազմակերպության կողմից ներկայացված խնդիրների կարգավորման նկատմամբ։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.