Ուրախ ենք հայտնել, որ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն 2025 թվականի փետրվարից մեկնարկել է նոր դրամաշնորհային ծրագիր՝ «Ներուժի բացահայտում. հզորացումը որպես դատապարտյալների վերաինտեգրման եւ կայուն ապագայի ուղի», որն իրականացվում է Ֆինլանդիայի զարգացման համագործակցության ֆոնդերի աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է խթանել ազատազրկված անձանց տնտեսական կայունությունն ինչպես ազատազրկման ընթացքում, այնպես էլ դրանից հետո՝ սոցիալական ու մասնագիտական հմտությունների զարգացման և ֆինանսական անկախության ապահովման միջոցով։
Առաջիկա 8 ամիսների ընթացքում նախատեսվում է քրեակատարողական 3 հիմնարկում սոցիալական և մասնագիտական հմտությունների զարգացման, ինչպես նաև զբաղվածության պատրաստվածության դասընթացներ կազմակերպել ընդհանուր առմամբ ազատությունից զրկված 45 անձի համար։
Կազմակերպությունն առավելագույն ջանքեր կգործադրի, որպեսզի ամրապնդվեն կապերը որակյալ աշխատակիցներ փնտրող բիզնեսների հետ։ Այդ համատեքստում կկատարի պոտենցիալ գործատուների քարտեզագրում և կկազմակերպի հանդիպումներ դասընթացների մասնակիցների և գործատուների միջև։ Դա կօգնի տեղեկանալ աշխատանքի հնարավորությունների և գործատուների ակնկալիքների մասին։ Կազմակերպությունը նաև հետևողական կլինի, որպեսզի մասնակիցներն ազատ արձակվելուց հետո համապատասխան ուղղորդում և մենթորություն ստանան։ Դա կներառի աշխատանքի տեղավորման աջակցություն և շարունակական հետագա կապ։
Նշենք, որ կազմակերպությունը կարևորում է այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են ազատազրկված անձանց և պրոբացիայի շահառուների մասնագիտական հմտությունների զարգացմանը, նյութական բարեկեցության ապահովմանը և աշխատանքի հնարավորությունների ընդլայնմանը։
- Կազմակերպության կողմից ներկայացված գաղափարը դարձել է «Զարթիր» ֆելոուշիփի 2023 թվականի հաղթող նախագծերից մեկը։ Նախագծի նպատակն էր դատապարտյալներին ապահովել աշխատանքով և կայուն եկամուտով՝ ստեղագործական հմտությունների զարգացման միջոցով։ Աջակցության շրջանակներում կազմակերպությունը 2024 թվականին հիմնել է «Ձեռք ձեռքի» ՍՊԸ-ն, կայքում ավելացրել է «Խանութ» բաժինը և ստեղծել է ֆեյսբուքյան էջ՝ ազատազրկված անձանց ձեռքի աշխատանքներն առաջին անգամ Հայաստանում ներկայացնելով առցանց վաճառքի։ Ֆինանսական աջակցությանը զուգահեռ, կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը ֆելոուշիփի շրջանակում մասնակցել է մի շարք սեմինարների, որոնց ընթացքում հմուտ փորձագետների օգնությամբ ուսումնասիրել է ձեռներեցության կարևոր ասպեկտները։
- 2023 թվականին ազատազրկված անձանց ձեռքի աշխատանքները ներկայացրել է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից կազմակերպված ամանորյա տոնավաճառին։ Ներկայացվել են 1 նախկին ցմահ դատապարտյալի,
«Աբովյան», «Արմավիր», «Սևան» և «Վարդաշեն» ՔԿՀ-ների 9 դատապարտյալի (նրանցից 2-ը կին են, 7-ը՝ տղամարդ, որոնցից 6-ը՝ ցմահ դատապարտյալ) և 1 կալանավորված անչափահաս տղայի փայտից, կավից և այլ նյութերից պատրաստված ստեղծագործական աշխատանքները, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկում պատրաստված հայկական գաթա։ Տոնավաճառին ներկայացված աշխատանքների գները սահմանվել են հեղինակների կողմից, և ստացված հասույթը փոխանցվել է նրանց։ Նրանք այդ գումարները փոխանցել են երեխաների խնամքի հաստատություններին և զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր կազմակերպությունների՝ փորձելով այդկերպ օգտակար լինել հասարակությանը։ Կան անձինք, ովքեր գումարը փոխանցել են իրենց՝ սոցիալապես անապահով ընտանիքներին։ Շատ դատապարտյալներ ունեն քաղաքացիական հայցեր, բայց գումար չունենալու պատճառով չեն կարողանում դրանք վճարել։ Հետևաբար ոմանք իրենց աշխատանքների վաճառքից ստացված գումարն ուղղում են քաղաքացիական հայցի վճարմանը: Կան նաև անձինք, ովքեր ստեղծագործական նոր աշխատանքներ կատարելու նպատակով հումք են ձեռք բերել այդ գումարով: - 2022 թվականին Պրահայի քաղաքացիական հասարակության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը կազմակերպել է ազատազրկված անձանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որին ներկայացվել են «Աբովյան», «Արմավիր», «Նուբարաշեն» և «Սևան» ՔԿՀ-ներից 27 դատապարտյալի (3 կին և 24 տղամարդ, որից 13-ը՝ ցմահ դատապարտյալ) և 3 կալանավորված անձի (2 կին և 1 անչափահաս տղա) գեղանկարչական, փայտից, կավից և այլ նյութերից պատրաստված աշխատանքները՝ զարդատուփեր, գրչամաններ, գրքեր, թաշկինակներ, գուլպաներ, անկողնային պարագաներ, թզբեխներ և այլ հուշանվերներ: Ցուցահանդես-վաճառքին ներկայացված աշխատանքների գները սահմանել են հեղինակները, որոնց և փոխանցվել է ողջ հասույթը: Կազմակերպությունը շահույթ չի հետապնդել: Ազատազրկված անձանց համար դա մեծ ձեռքբերում էր, քանի որ նրանք հնարավորություն են ունեցել ստացված գումարով իրենց կարիքներն ինքնուրույն հոգալ և վայելել իրենց աշխատանքի պտուղները։ Կազմակերպության ունեցած տեղեկություններով՝ կալանավորված անչափահաս տղան իր աշխատած գումարը փոխանցել է ընտանիքին։ Ոմանք այդ գումարով անձնական գնումներ են կատարել: Ճիշտ է, ընտանիքներն ու հարազատներն աջակցում են, գումար և հանձնուք են փոխանցում, սակայն իրենց աշխատած գումարով ինչ-որ բան գնելն այլ զգացողություն է պատճառում: Ոմանք իրենց վաստակած գումարը փոխանցել են հաշմանդամություն ունեցող զինվորներին, մյուսներն էլ հումք են գնել։
- 2021 թվականին Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է «Պրոբացիայի կին շահառուների հզորացում՝ հանուն կայուն ապագայի» ծրագիրը, որի շրջանակում պրոբացիայի կին շահառուների համար կազմակերպել է վարսահարդարման և մատնահարդարման դասընթացներ, որոնց մասնակցել են համապատասխանաբար 3 և 7 կանայք, որոնց տրամադրել է մատնահարդարման և վարսահարդարման պարագաներ: Դասընթացների մասնակից բոլոր կանայք ծրագրի ավարտից հետո զբաղվում են մատնահարդարմամբ և վարսահարդարմամբ: Մատնահարդարման խմբի բոլոր կանայք վճարովի ծառայություններ են մատուցում: Նրանցից երկուսը պատրաստվում են գեղեցկության սրահ բացել: Վարսահարդարման խմբի մասնակիցներից մեկը տանն է աշխատում, նպատակ ունի գեղեցկության սրահ բացել: Կանանցից մեկը ևս սկսել է աշխատել: Մտերիմ մարդկանց և հարևանների մազերն է կտրում և հարդարում: Մյուս կինը տրված գործիքներն օգտագործում է իր և իր ընտանիքի անդամների մազերի խնամքի և հարդարման համար:
- 2019 և 2020 թվականներին ուսումնասիրել է ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները, աշխատանքի իրավունքի իրացման խոչընդոտները՝ շեշտադրելով խոցելի խմբերի ազատազրկված անձանց ներհատուկ կարիքները և առանձնահատկությունները։ Ուսումնասիրության արդյունքները հանրայնացրել է տեսաֆիլմերի և հանրային քննարկումների միջոցով, ինչպես նաև մշակել է նշված հիմնախնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ, որոնք տեղ են գտել ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ և քաղաքականության փաստաթղթերում։