ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանը և Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը Հանրային ռադիոյի «Դպրություն» հաղորդաշարի եթերում զրուցել են քրեակատարողական հիմնարկներում ոչ ֆորմալ կրթական և վերասոցիալականացման ծրագրերի, դրանց արդյունավետության և ազդեցության մասին։ Նարե Հովհաննիսյանը ներկայացրել է Ֆինլանդիայի զարգացման համագործակցության ֆոնդերի աջակցությամբ իրականացվող «Ներուժի բացահայտում․ հզորացումը որպես դատապարտյալների վերաինտեգրման և կայուն ապագայի ուղի» դրամաշնորհային ծրագիրը։ Ստորև ներկայացնում ենք հատվածներ Նարե Հովհաննիսյանի զրույցից։
Նախ շնորհակալություն այս թեմայի մասին խոսելու համար, որովհետև բավականին կարևոր է, որպեսզի նմանատիպ թեմաների մասին քննարկումը պարբերաբար լինի հանրային օրակարգում։ Նաև այդ մասին խոսելով է, որ մենք կկարողանանք հասարակության շրջանում որոշակի պատկերացում ձևավորել ու նաև որոշակի ընկալումների փոփոխության հասնել։ Ծրագիրն իրականացնում ենք քրեակատարողական 3 հիմնարկում՝ «Աբովյան», «Սևան» և «Արմավիր»։ Փորձել ենք թեմաների մեջ լինել ընտրողաբար այն առումով, որ մասնակից դատապարտյալները և կալանավորված անձինք առավելագույնս շահեն։
Ծրագիրը մեկնարկել ենք սոցիալական հմտությունների զարգացմանն ուղղված թեմաներով։ Դա ներառում է հաղորդակցական հմտությունների զարգացում, կոնֆլիկտային իրավիճակների կառավարում, որոշումների կայացում, թիմի կառուցում։ Այս թեմաները կարևոր են և տղամարդկանց, և կանանց համար, ինչպես հիմնարկի ներսում, այնպես էլ հիմնարկից դուրս՝ հասարակության մեջ, որովհետև նրանցից յուրաքանչյուրն առնչվում է հասարակության տարբեր շերտերի հետ՝ կլինեն գործատու, թե՝ աշխատակից։ Այսինքն՝ այն հմտություններն են, որոնք կյանքի համար են անհրաժեշտ բոլորիս։ Քրեակատարողական հիմնարկի ներսի համար դրանք նույնպես կարևոր են միջանձնային հարաբերությունների կարգավորման տեսանկյունից, հիմնարկների աշխատակիցների հետ շփման, անձնային աճի տեսանկյունից։ Քրեակատարողական յուրաքանչյուր հիմնարկում 15 անձ է մասնակցում։ Նաև դասընթացների դինամիկայից ելնելով՝ պիտի նշեմ, որ բավականին շատ է հետաքրքրվածությունը թեմայի նկատմամբ։
Երկրորդ փուլով նախատեսել ենք մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, որոնց թեմատիկան, ուղղվածությունն ընտրելիս կազմակերպությունը փորձել է հենվել այն հետադարձ կարծիքների վրա, որոնք լսել է պարբերաբար տվյալ հիմնարկներ կատարած այցերի ժամանակ։ Ազատազրկված անձանցից ստացել ենք նմանատիպ հեռադարձ կապ։ «Աբովյան» ՔԿՀ-ում շեշտադրել ենք ուլունքագործությունը։ Հիմա նաև մասնագետների հետ քննարկման փուլում ենք՝ հասկանալու համար, թե կոնկրետ ինչ ուղղվածություն ենք ընտրում։ Դա այն մասնագիտությունն է, որը ցանկացած կին կարող է ընտանիքում գործի դնել և նաև որոշակի կենցաղային կարիք հոգալ, անգամ եթե դա իր առաջնային մասնագիտությունը չէ։ «Արմավիր» ՔԿՀ-ում անցկացնելու ենք գրաֆիկական դիզայնի դասընթացներ։ Դարձյալ պիտի նշեմ, որ խումբը բավականին տրամադրված է, և հատկապես այս դասընթացից ակնկալիքները բավականին շատ են։ Նաև դա է մեզ պարտավորեցնում, որ առավելագույն արդյունավետությամբ այն մեկնարկենք և ավարտենք։ «Սևան» ՔԿՀ-ում նախատեսել ենք կավագործության դասընթաց։ Այստեղ ևս շեշտը դնելու ենք այնպիսի առարկաների վրա, որոնք հեշտ է պատրաստել, հասարակության շրջանում կարող են հետաքրքրություն առաջացնել, և ինչու ոչ, թե ուլունքագործության, թե կավագործության դեպքում նաև վաճառելու տեսանկյունից որոշակի որոշակի հետաքրքրություն և գրավչություն կարող են ունենալ։
Ամփոփիչ փուլում նախատեսել ենք մասնակիցների աշխատանքային պատրաստվածությանը միտված թեմաներ։ Դա ներառում է ինքնակենսագրականի կազմում, աշխատանքի հարցազրույցի և գործատուին ներկայանալու հմտություններ։ Այսինքն՝ այնպիսի տեխնիկական հմտություններ, որոնք կարող են ազատվելուց հետո գործի դնել և աշխատաշուկայում ներկայանալի լինել։ Մեր նպատակն է, որ կարողանանք գործատուների հետ տեղեկատվական հանդիպումներ կազմակերպել։ Եվ դարձյալ շեշտը կդնենք մասնակից անձանցից ստացված կարծիքի և ցանկությունների վրա։ Այսինքն՝ այնպիսի գործատուների հետ ունենալ հանդիպումներ, ինչը կբխի նրանց հետաքրքրություններից և նախասիրություններից։
Անչափ գնահատելի է քրեակատարողական ծառայության տրամադրվածությունը, քրեակատարողական 3 հիմնարկների ղեկավարության պատրաստակամությունը և տրամադրվածությունը։ Ամենայն լրջությամբ են վերաբերվում բոլոր պրոցեսներին, ամենայն պատասխանատվությամբ՝ բոլոր մանրուքներին։
Մասնագետների հետ արդեն կան նախնական պայմանավորվածություններ։ Այդ պայմանավորվածությունների հետևում կանգնած են մարդիկ, ովքեր մեր հասարակության ներկայացուցիչներն են։ Նրանցից յուրաքանչյուրն ունի ընտանիք, ընկերական և բարեկամական շրջապատ։ Նրանց ներգրավվածությունը ծրագրում որպես մասնագետների օգնում է, որպեսզի ծրագրի նպատակներն իրագործվեն։ Այցելելով հիմնարկներ, առնչվելով ազատազրկված անձանց, ճանաչելով նրանց այլ տեսանկյունից՝ իրենց մեջ որոշակի կարծրատիպեր և վերաբերմունք է փոխվում։ Բնականաբար նրանք այդ ազդակները փոխանցում են իրենց ընտանիքի անդամներին, բարեկամներին, ընկերներին։ Եվ ինչ-որ առումով կարծում ենք, որ մեր ակնկալածից ավելին է լինելու ծրագրի արձագանքը հանրության շրջանում։ Նաև իմ անձնական տրամադրվածությունն է, որպեսզի մասնակից դատապարտյալների և կալանավորված անձանց կյանքում առավելագույն փոփոխություն ունենանք ծրագրի ավարտից հետո։
Քրեակատարողական ծառայության հետ համագործակցությամբ ընդհանուր մոտեցումն այնպիսին է եղել, որ ծրագրում ընդգրկվեն այնպիսի անձինք, ովքեր նախկինում չեն ընդգրկվել կրթական ծրագրերում։ Պիտի ասեմ, որ նմանատիպ անձանց թիվը բավականին շատ է 3 հիմնարկներում էլ։ Օրինակ, «Աբովյան» ՔԿՀ-ում մասնակից կանայք բոլորը կալանավորված անձինք են։ Այս մասին ես ինքս պարբերաբար ասել եմ, որ շատ ցանկալի է, որպեսզի նաև կալանավորված անձինք ընդգրկված լինեն կրթական ծրագրերում և հնարավորինս փորձեն խուսափել խցային պայմանների ազդեցությունից։ Շատ ուրախ եմ, որ մեր կողմից իրականացվող ծրագրում կարողացել ենք հասնել նաև այդ արդյունքին։
Ներկա լինելով բոլոր դասերին և տեսնելով խմբերի դինամիկան՝ արձանագրել եմ, որ առաջին հադիպմանը մարդիկ գալիս են մի փոքր անորոշ վիճակում և բարձր ակնկալիքներով։ Նրանց համար անհասկանալի է, թե սա ինչ նոր ծրագիր է, որին իրենք պիտի մասնակցեն։ Սակայն 10-15 րոպե հետո և հաջորդ հանդիպումներին տեսնում եմ, որ մարդկանց դասընթացի սրահ է բերել մասնակցելու և որևէ նոր բան սովորելու մոտիվացիան։ Անձնային աճի տեսանկյունից անգամ դասընթացի ժամանակ այդ փոփոխությունը բավականին վառ նկատելի է։ Եղել են դեպքեր, երբ որոշակի զսպված զայրույթի դրսևորումներ անձի խոսքի մեջ նկատվել են, բայց դասընթացի ավարտին անձը համակեցության կանոններին շատ ավելի համահունչ է դրսևորել իրեն և շատ ավելի ինտեգրված է եղել քննարկումներին։ Իրականում սրանք այն գիտելիքներն են, այն հմտություններն են, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուրիս՝ անկախ նրանից, թե մենք ճաղերի որ կողմում ենք։ Եվ այս փոփոխությունները շատ կարևոր են հենց քրեակատարողական հիմնարկների համար։ Անձինք ինչքան ավելի ինտելեկտուալ և իրազեկված են, այնքան ավելի հեշտ է աշխատողների և վարչակազմի համար գործ ունենալ այդ մարդկանց հետ։ Քրեակատարողական հիմնարկի կառավարելի լինելու տեսանկյունից նման ծրագրերում անձանց ընդգրկելը բավականին կարևոր է և բավականին արդյունավետ։
Ինձ համար շատ ողջունելի կլինի, եթե այս ծրագրով կարողանանք արդյունքում ունենալ մի իրավիճակ, երբ մասնակցությունը և դրական վարքագծի դրսևորումը կարողացել են անձի կյանքում փոփոխություն բերել նաև այն առումով, որ իրենց համար իրատեսական և իրագործելի են եղել խրախուսաման մեխանիզմներից օգտվեը։ Բայց լինելով շատ ավելի նախանձախնդիր ծրագրի բուն բովանդակային արդյունավետության նկատմամբ՝ ես իմ խոսքի մեջ միշտ նշում եմ դասընթացների ժամանակ, որ մեր առաջնային մոտիվացիան լինի կրթություն և գիտելիք ստանալը, հետո նոր միայն անձը փորձի ֆիքսվել այն գործոնի վրա, թե դա ինչպես է խրախուսվելու։ Այն գիտելիքը, որը տրամադրվում է, ինձ համար շատ կարևոր է, որպեսզի ամբողջությամբ յուրացվի, և անձը կարևորի այդ գիտելիքն ունենալը։
Շատ կարևոր է, որ կրթությունը քրեակատարողական հիմնարկներում այլևս դառնում է մշակույթ։ Եվ թե հասարակական կազմակերպությունները, և թե պետությունն իր կառույցներով կրթությունը դարձնում են բանտային մշակույթի համար նորմալ երևույթ։ Եվ անձինք հետաքրքրված ու շահագրգռված են իրենց ժամանակն օգտագործել նոր հմտություն սովորելու համար, ինչն ամբողջ կյանքի համար է։ Դասընթացին մասնակցում են նաև ցմահ դատապարտյալներ։ Հաշվի առնելով մեր պետության տրամադրվածությունն առ այն, որ ցմահ դատապարտյալներն են արդեն պայմանական վաղաժամկետ ազատվում, այդ կարծրատիպն արդեն կոտրված է, և հետևաբար կապ չունի, թե անձը որոշակի ժամկետով թե ցմահ ազատազրկման է դատապարտված, գիտելիքն իր կյանքում պետք է գալու և ինքն անպայման օգտագործելու է։
Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում ծրագրի դասընթացների մասնակից անձանց, քանի որ բավականին կարևորում եմ այն, որ անձն ընտրել է սովորելու տարբերակը։ Նաև քրեակատարողական համակարգին եմ շնորհակալ՝ ի դեմս քրեակատարողական ծառայության և հիմնարկների ղեկավարության, որովհետև շատ կարևոր է, որպեսզի նմանատիպ հնարավորություն ունենան հասարակական կազմակերպությունները։ Դա ընդլայնում է կրթական ծրագրերը, երկընտրանքի հնարավորություն է տալիս ազատազրկված անձանց, նաև օգնում է իրագործել վերասոցիալականացման քաղաքականությունը, որը մեր պետության որդեգրած կարևոր մոտեցումներից մեկն է։
Սկզբնաղբյուրը՝ Հանրային ռադիո