Skip to content Skip to sidebar Skip to footer

Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիան կարևոր է առողջ հասարակություն ունենալու համար

2025 թվականի մարտի 21-ին Հայաստանում անցկացվեց ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրի վերաբերյալ միջգերատեսչական հանդիպում, որն անդրադարձ կատարեց ռեաբիլիտացման ծրագրի կարևորությանը բռնության կանխարգելման և բռնության ենթրկված անձանց համար երկարաժամկետ ազդեցության և անվտանգության ապահովման հարցում: Հանդիպմանը մասնակցում էր նաև Իրավական նախաձեռնությունների կենտրոնը՝ ի դեմս կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանի։

Նշենք, որ կազմակերպությունը պարբերաբար տարաբնույթ ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են ազատազրկված անձանց և պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանը։ Այդ ծրագրերի շրջանակներում կարևորվում են նշված խմբերի անձանց բարեկեցության ապահովումը և նրանց նկատմամբ հասարակության ընկալումների փոփոխությունը, ինչպես նաև տնտեսական կայունության խթանումը սոցիալական, մասնագիտական ու ստեղծագործական հմտությունների զարգացման և ֆինանսական անկախության ապահովման, մասնագիտական աշխատանք կատարելու համար անհրաժեշտ նյութերի և պարագաների տրամադրման միջոցով։ Նշված ծրագրերին մասնակցել են նաև անձինք, ովքեր ազատազրկման են դատապարտվել ընտանիքի անդամների կամ այլ անձանց նկատմամբ բռնություններ գործադրելու պատճառով։

Կազմակերպությունը համակարծիք է Եվրոպայի խորհրդի այն մոտեցման հետ, որ արդյունավետ ռեաբիլիտացման ծրագրերը պետք է միտված լինեն վարքային փոփոխություններին, պատասխանատվություն ստանձմանը և բռնության դեպքերի ու դրանց կրկնության նվազեցմանը՝ դարձնելով այն ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման մարտավարության կարևորագույն բաղադրիչ։ Կազմակերպության գործունեության առանցքոմ հանցագործություն կատարած անձի առողջացման և վարքագծի փոփոխության նկատմամբ հավատն է։ Առողջ հասարակություն ունենալու համար հավասարապես կարևոր է նաև ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած՝ որպես քրեորեն հետապնդելի արարք կատարած անձանց ռեաբիլիտացումը։

Նշված մոտեցումը Եվրոպայի խորհրդի Ստամբուլի կոնվենցիայի 16-րդ հոդվածի առանցքային ուղղությունն է, որը կոչ է անում պետություններին ստեղծել և աջակցել ծրագրերին, որոնք նպատակ ունեն կանխարգելել բռնությունը և խթանել վարքային փոփոխություններ բռնություն գործադրած անձանց մոտ: Հայաստանում այս ուղղությամբ նույնպես քայլեր են ձեռնարկվում։ Վերջերս ընդունված կառավարության որոշումը առաջընթաց է գրանցել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ու վերաինտեգրման ազգային ծրագրի մշակման և ներդրման համար հիմք ստեղծելու տեսանկյունից։

Քննարկմանը մասնակցում էին պետական մարմինների և կառույցների, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Ներքին գործերի նախարարության, Հայաստանի ոստիկանության, Արդարադատության նախարարության, Պրոբացիայի ծառայության, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ներգրավված են կանանց աջակցման ծրագրերում կամ որոնք հետագայում անմիջականորեն կարող են ընդգրկվել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրերի իրականացման գործում:

Քննարկումը կարևոր հարթակ էր մտքերի փոխանակման և միջազգային չափանիշների ու լավագույն փորձի ուսումնասիրության համար: Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց այլ երկրներից հաջողված մոդելներին, նաև առաջարկվեցին լուծումներ, թե ինչպես Հայաստանը կարող է մշակել արդյունավետ ռեաբիլիտացման ծրագիր՝ հաշվի առնելով երկրի ազգային համատեքստը: Լիահույս ենք, որ քննարկման արդյունքներն ու առաջարկությունները կօգնեն պետությանը մշակել համալիր ռեաբիլիտացման ծրագիր, որը կհամապատասխանի Հայաստանի իրավական և սոցիալական համատեքստին՝ համաձայն Ստամբուլի կոնվենցիայի դրույթների և միջազգային չափանիշների:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2026 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]