Skip to content Skip to sidebar Skip to footer

«Աբովյան», «Արմավիր» և «Սևան» ՔԿՀ-ներում ծրագրի մասնակից ազատազրկված անձինք ունեն բարելավված սոցիալական հմտություններ

«Աբովյան», «Արմավիր» և «Սևան» ՔԿՀ-ներում ամփոփել ենք «Ներուժի բացահայտում. հզորացումը որպես դատապարտյալների վերաինտեգրման և կայուն ապագայի ուղի» դրամաշնորհային ծրագրի մասնակից դատապարտյալների և կալանավորված անձանց սոցիալական հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացները։

Անձանց միջև հաղորդակցությունն անազատության պայմաններում խաթարվում է, ինչը կապված է տարբեր պատճառների հետ, օրինակ, վարչակազմի կողմից խիստ վերահսկողություն, միմյանց նկատմամբ անվստահություն, հիերարխիկ հարաբերություններ և այլն։ Այս խաթարումը հանգեցնում է մեկուսացման, լարվածության աճի, ագրեսիվ դրսևորումների և փոխօգնության նվազման։ Դա իր հերթին ազդում է դատապարտյալների և կալանավորված անձանց սոցիալական վերաինտեգրման վրա՝ նվազեցնելով վստահությունը հասարակության նկատմամբ և խորացնելով նախկինում առկա վարքագծային խնդիրները։

Քրեակատարողական հիմնարկում անխուսափելի են նաև կոնֆլիկտները։ Մարդիկ տարիներ շարունակ կիսում են նույն տարածքը՝ երբեմն առանց միմյանց հասկանալու կամ հանդուրժելու։ Տարաձայնություններ կարող են առաջանալ նաև սննդի, խոսակցությունների ընթացքում հնչած ոչ ցանկալի բառի և այլ պատճառներով։ Անխուսափելի են կոնֆլիկտները նաև վարչակազմի հետ։ Ազատազրկված անձինք շատ հաճախ դժգոհում են սահմանափակումներից, որոշումների անհասկանալիությունից կամ նույնիսկ այն բանից, որ իրենց ձայնը ոչ ոք չի լսում։ Ընտելանալով կոնֆլիկտային իրավիճակներին և չունենալով լուծման տարբերակներ՝ ազատության մեջ արդեն նախկին դատապարտյալները դժվարանում են հասարակության հետ նոր կապեր ստեղծել, քանի որ պատրաստ չեն զիջման կամ կոնֆլիկտի լուծման այլ տարբերակի։

Անազատության մեջ անցկացրած կյանքի վտանգավոր կողմերից մեկն էլ հենց այն է, որ երբ մարդիկ ապրում են լարված ու փակ միջավայրում, հետ են վարժվում թիմային աշխատանքից, քանի որ սովորում են գործել միայն իրենց շահերից ելնելով՝ հաճախ չվստահելով շրջապատին։ Սա նշանակում է, որ ազատության մեջ նրանք կարող են դժվարությամբ համագործակցել ուրիշների հետ, չունենալ վստահություն թիմային ջանքերի նկատմամբ և դժվարանալ սոցիալական շփումների հաստատման մեջ։

Մյուս խնդիրն էլ այն է, որ քրեակատարողական հիմնարկում շատ որոշումներ իրենց փոխարեն են կայացվում՝ երբ ու ինչ ուտել, երբ զբոսնել, երբ օգտվել հեռախոսակապից, երբ տեսակցել հարազատներին և այլն։ Սա նվազեցնում է անձնական պատասխանատվության զգացումը, որովհետև տարիներ շարունակ մարդիկ պարզապես հարմարվում են իրենց համար կայացված որոշումներին, այլ ոչ թե սովորում են ինքնուրույն ընտրություն կատարել։ Հետևանքը լինում է այն, որ երբ դուրս են գալիս քրեակատարողական հիմնարկից, դժվարանում են պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար, ինչը խանգարում է աշխատանք գտնելուն, սոցիալական կապեր հաստատելուն կամ ընդհանրապես նոր կյանք սկսելուն։

Հոգեբան Կարեն Թորոսյանը «Սևան» ՔԿՀ-ում ծրագրի մասնակից դատապարտյալների հետ քննարկել է հենց այս խնդիրների լուծումը՝ ամրապնդելով արդյունավետ հաղորդակցության, կոնֆլիկտների հաղթահարման, որոշումների կայացման, թիմի կառուցման վերաբերյալ ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները, այդպիսով նաև մարտահրավեր նետելով բանտային կարծրացած հարաբերություններին։ Այս հմտությունները շատ կարևոր են ինչպես միջանձնային, այնպես էլ բանտի վարչակազմի հետ ունեցած հարաբերությունների բարելավման տեսանկյունից։ Դրանք կարևոր են նաև արդյունավետ սոցիալական ինտեգրման համար՝ ինչպես գործատուների հետ ունեցած հարաբերություններոմ, այնպես էլ ընտանիքում և ընկերական շփումների մեջ։

«Արմավիր» ՔԿՀ-ում ծրագրի մասնակից դատապարտյալների հետ հոգեբան Կարեն Թորոսյանը քննարկել է արդյունավետ հաղորդակցության, կոնֆլիկտների հաղթահարման, որոշումների կայացման, թիմի կառուցման վերաբերյալ ինչպես տեսական հարցեր, այնպես էլ գործնական առաջադրանքներ և թիմային աշխատանքներ են կատարել։ Նշենք, որ վերասոցիալականացման ծրագրերն ի սկզբանե մեկնարկվել են «Արմավիր» ՔԿՀ-ում, որն այնտեղ պահվող ազատազրկված անձանց թվով ամենամեծ քրեակատարողական հիմնարկն է Հայաստանում։ Ի թիվս նմանատիպ ծրագիր փակ հաստատությունում իրականացնելուն բնորոշ խնդիրների՝ Հայաստանի ամենամեծ քրեակատարողական հիմնարկում բախվեցինք այլ մարտահրավերների ևս, ինչը կապված էր աշխատողների ծանրաբեռնվածության և դատապարտյալների հագեցած առօրյայի հետ։ Դա, ինչ խոսք, դրական է, սակայն որոշակիորեն դժվարացրել է ծրագրի հարթ մեկնարկը և հետաքրքրված կամ կայուն խմբի հավաքագրումը։ Մի հիմնարկում, որտեղ դատապարտյալներն իրենք են տարաբնույթ նախաձեռնություններով հանդես գալիս, թերևս հեշտ չէր հավաստիացնել հերթական ծրագրի կարևորությունը կամ արդյունավետությունը։ Հետևաբար դասընթացների ժամանակ քննարկված թեմաները հավասարապես անհրաժեշտ էին նաև մեզ՝ արդյունավետ ձևով հաղորդակցվելու, աշխատանքային կարգով առաջացած հարցերը քննարկելու, երկուստեք շահեկան որոշումներ կայացնելու և թիմային ջանքերի ներդրմամբ աշխատելու տեսանկյունից։

Մեր համատեղ ձեռքբերումն այն է, որ «Արմավիր» ՔԿՀ-ում նույնպես կարողացել ենք ստեղծել կայուն խումբ, որը տիրապետում է սոցիալական այն նվազագույն հմտություններին, որոնք անհրաժեշտ են մասնագիտական հմտությունների զարգացման դասընթացների մեկնարկի համար։ Այդ դասընթացը, որը վերաբերում է գրաֆիկական դիզայնի հիմունքների ուսուցմանը, ամենասպասվածն է ինչպես կազմակերպության, այնպես էլ մասնակից դատապարտյալների համար։ Եվ լիահույս ենք, որ ամսիներ անց կազմակերպության սոցիալական մեդիայի էջերում տեղադրվող նորությունները լինելու շոշափելի արդյունքների և պրակտիկ առաջընթացի մասին, ինչը հետագայում կարևոր նախադրյալներ է ստեղծելու դատապարտյալների աշխատանքային զբաղվածության համար։

«Աբովյան» ՔԿՀ-ում ծրագրին մասնակցում են կալանավորված կանայք։ Նրանք նմանատիպ դասընթացի առաջին անգամ են մասնակցում։ Մեզ համար հետաքրքիր է տեսնել նրանց հոգեվիճակի և վարքագծի փոփոխություններն ու ոգևորվածությունը և լսել դրական արձագանքները ծրագրի վերաբերյալ։ Կանացից մեկն ասաց, որ ամեն առավոտ պատրաստվում և անհամբերությամբ սպասում է դասընթացի սկսվելուն։ Մյուսն ասաց, որ դասընթացի ժամանակ ստացած դրական էներգիան իրեն բավարարում է մի ամբողջ շաբաթ՝ մինչև հաջորդ դասընթացը։ Մեկ այլ կին ասաց, որ դասընթացին մասնակցելով մոռանում է, որ անազատության մեջ է։

Թեմաները տեղին էին ընտրված՝ սովորել առողջ ու արդյունավետ հաղորդակցության և կոնֆլիկտների հաղթահարման տեխնիկաները, վերականգնել որոշումների կայացման հմտությունները և վարժվել թիմային աշխատանքին։ Սրանք կարևոր արժեքներ են հատկապես անազատության մեջ գտնվող անձանց համար, որտեղ անխուսափելի են միջանձնային սրված կամ խաթարված հարաբերությունները, մեկուսացումը, անվստահությունը միմյանց և վարչակազմի նկատմամբ։ Հոգեբան Արմինե Ադամյանը մասնակից կանանց հետ նշված թեմաները քննարկել է ինչպես տեսական գիտելիքների փոխանցման, այնպես էլ խմբային քննարկումների և դերային խաղերի կազմակերպման միջոցով։ Ընտրված մեթոդները կանանց օգնել են դուրս գալ հարմարավետության գոտուց, հաղթահարել շփման արգելքները, գիտակցել թիմային աշխատանքի առավելությունները և փոխաջակցող միջավայր ստեղծել։

Հիմա, երբ քրեակատարողական 3 հիմնարկում էլ ծրագրի մասնակիցներն ունեն թիմային մտածելակերպ, պատրաստ են համատեղ աշխատել հոգատար ու փոխաջակցող միջավայրում, անցնում ենք ծրագրի հաջորդ փուլին՝ գրաֆիկական դիզայնի, կավագործության և ուլունքագործության դասընթացներին։

Դասընթացները կազմակերպվում են «Ներուժի բացահայտում. հզորացումը որպես դատապարտյալների վերաինտեգրման և կայուն ապագայի ուղի» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որը «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է Ֆինլանդիայի զարգացման համագործակցության ֆոնդերի աջակցությամբ։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.