Քրեակատարողական ծառայողների ատեստավորման երկրորդ փուլը կմեկնարկի 2025 թվականի ապրիլին։ Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը ՀՀ արդարադատության նախարարի 2024 թվականի օգոստոսի 20-ի թիվ 507-Ա հրամանով ընդգրկվել է ատեստավորման հանձնաժողովում։
Ատեստավորման կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի թիվ 649-Ն որոշմամբ, որի համաձայն կարգավորվում են քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի ծառայողների համար հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով ատեստավորման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները: Ատեստավորման շրջանակներում ստուգվում են ծառայողների ֆիզիկական պատրաստականության աստիճանը, ընդհանուր զարգացվածությունը, մասնագիտական գիտելիքների իմացությունը:
Նշենք, որ Իրավական նախաձեռնությունների կենտրոնը կարևորում է քրեակատարողական ծառայողների և աշխատողների գիտելիքների կատարելագործումը, հմտությունների զարգացումը և մասնագիտական գործառույթների կատարումը բարձր պրոֆեսիոնալիզմով։ Կազմակերպությունը դեռևս 2023 թվականին վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել քրեակատարողական համակարգի սոցիալական աշխատողների, բժիշկների և հոգեբանների համար՝ բարելավելու նրանց հմտություններն ազատազրկված խոցելի խմբերի հետ աշխատանքում։ Նշված մասնագիտական խմբերի համար նաև աշխատանքային ձեռնարկ և ուղեցույց է մշակել։ Իսկ 2025 թվականին նախատեսում է վերապատրաստման դասընթացներ կազմակերպել ազատազրկված կանանց հետ աշխատող անձնակազմի համար։