Skip to content Skip to sidebar Skip to footer

Պրոբացիայի շահառուների սոցիալական ներառումն ու ինտեգրումը՝ որպես անցյալի բեռը հաղթահարելու և արժանապատիվ ապագա կառուցելու ուղի

Ուրախությամբ հայտնում ենք, որ Գյումրիում գործող «Ալյանս» հոգեբանասոցիալական համայնքային կենտրոնի հետ մեկնարկում ենք նոր ծրագիր, որը միտված է պրոբացիայի շահառուների ներառմանը և վերաինտեգրմանը հասարակության մեջ։

Ծրագիրը նախատեսված է այն անձանց համար, ովքեր գտնվում են Պրոբացիայի ծառայության վերահսկողության ներքո։

Ծրագրի հիմնական նպատակն աջակցել շահառուներին՝ զարգացնելու իրենց անձնական, սոցիալական, իրավական և գործնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են հասարակությունում ինքնուրույն և պատասխանատու ապրելու, աշխատանք գտնելու, շրջապատում դրական կապեր կառուցելու, իրենց իրավունքներն իրացնելու և դժվարությունները հաղթահարելու համար։

Ծրագիրը տևելու է 4 ամիս և կառուցված է հետևյալ թեմաների շուրջ․

  • «Սոցիալական հմտությունների զարգացում և բարեկեցություն» թեմայի շրջանակում մասնակիցները կզարգացնեն հաղորդակցության, հուզական կայունության, կոնֆլիկտների լուծման, վստահության և սոցիալական ինտեգրման հիմունքները։ Դասընթացները կկենտրոնանան հատկապես նրանց վրա, ովքեր դատապարտվել են խուլիգանության, բռնության կամ սոցիալական լարվածության առաջացմամբ պայմանավորված հանցագործությունների համար։
  • «Անհատական աճ և զբաղվածության հմտություններ» թեմայով դասընթացների շրջանակում կխոսվի ինքնաճանաչման, նպատակադրության, կարիերայի պլանավորման, ֆինանսական գրագիտության և աշխատանքի որոնման ռազմավարությունների մասին։ Այս փուլն առավել արդյունավետ կլինի գողության կամ ֆինանսական հանցագործությունների համար դատապարտված անձանց համար՝ օգնելով նրանց վերագտնել անձնական պատասխանատվությունը և կառուցել նոր ապագա։
  • «Իրազեկում և իրավունքների պաշտպանություն» թեմայով դասընթացների ժամանակ մասնակիցները կստանան անհրաժեշտ տեղեկատվություն իրենց իրավական կարգավիճակի, դրանով պայմանավորված՝ իրավունքների և պարտականությունների, սոցիալական ապահովության, պետական և տեղական աջակցության մեխանիզմների մասին։ Այս փուլը նախատեսված է հատկապես նրանց համար, ովքեր բախվում են իրավական անորոշության կամ չիրացված իրավունքների հետ կապված խնդիրների։
  • «Սոցիալական վերաինտեգրման հմտություններ» թեմայով դասընթացները կօգնեն մասնակիցներին վերաինտեգրվել հասարակության մեջ՝ հաղթահարելով անցյալում գործած հանցագործությունների հետևանքով առաջացած մերժվածության զգացողությունը, վերականգնելով հարաբերությունները համայնքի, ընտանիքի և սեփական անձի հետ։ Այստեղ կներկայացվեն նաև համայնքում առկա աջակցության ռեսուրսները, նախաձեռնությունները և հնարավորությունները։

Ծրագրի առանձնահատկություններից է այն, որ շահառուների ընտանիքի անդամներըը նույնպես հնարավորություն կունենան մասնակցել համապատասխան դասընթացներին՝ ստանալով աջակցություն հուզական լարվածության հաղթահարման, վստահության վերականգնման և ընտանիքում առողջ հարաբերությունների ձևավորման համար։

Այս ծրագիրը կարևոր քայլ է դեպի ներառական և աջակցող հասարակություն և ուղղված է ոչ միայն անհատների վերականգնմանն ու զարգացմանը, այլև համայնքի՝ որպես մեկ ամբողջության զորացմանը։ Այն նոր հնարավորություններ կստեղծի մասնակիցների համար՝ հաղթահարելու համար անցյալի բեռը և կառուցելու արժանապատիվ ապագա։

«Վերաինտեգրման ուղիներ. հզորացում սոցիալական ներառման միջոցով՝ հանուն կայուն ապագայի» դրամաշնորհային ծրագիրն իրականացնում են «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և «Ալյանս» հոգեբանասոցիալական համայնքային կենտրոն ՀԿ-ն՝ BEARR Trust հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ 

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]