2025 թվականի հուլիսի 9-ը նշանակալից օր էր, որը երկար կհիշեն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կանայք։ Այդ օրը հիմնարկի պատերը շնչում էին հույսով ու սպասումով՝ հիշեցնելով, որ անգամ փակ տարածքում հնարավոր է կառուցել հույս, ստեղծել արժեքներ և հավատալ ապագային։
Մեր այցն ուներ առանձնահատուկ նպատակ՝ ամփոփել վերջին ամիսներին իրականացված 2 դրամաշնորհային ծրագրերը՝ «Ներուժի բացահայտում․ հզորացումը որպես դատապարտյալների վերաինտեգրման և կայուն ապագայի ուղի» և «Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները», որոնք ամիսներ շարունակ եղել են ուսուցման, ինքնաճանաչման և ոգեշնչման տարածք՝ օգնելով կանանց ոչ միայն սովորել, այլև վերագտնել իրենց ներքին ուժը։ Այդ ծրագրերը ճակատագրեր են փոխել, ստեղծել են ապագայի տեսկալաններ և վերադարձրել հավատը սեփական ուժերի նկատմամբ։
Մթնոլորտը լցված էր հուզմունքով։ Ոմանք սրբում էին արցունքները, մյուսները ժպտում էին՝ սպասելով վկայականներ ստանալու կարևոր պահին։ Յուրաքանչյուր վկայական խորհրդանշում էր ձեռքբերում, հաղթահարված դժվարություն և ստացած գիտելիք։
Միջոցառման ընթացքում Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը դիմեց կանանց ջերմ ու անկեղծ խոսքով․
«Այս կրթությունը ոչ միայն նոր հմտություններ է տալիս, այլև հուշում է, որ փոփոխությունը սկսվում է ձեր ներսից։ Յուրաքանչյուր քայլ, որը դուք անում եք, ապացուցում է, որ ունեք ձեր կյանքում նոր էջ բացելու ուժ և կարողություն»։
Նա առանձնահատուկ ուշադրություն դարձրեց կանանց պատմությունների արժեքին՝ նշելով, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ձայնը պետք է հնչի, քանի որ այդ պատմություններն իրենց վերափոխման և տոկունության հայելին են»
Օրվա ավարտը նշանավորվեց խմբային լուսանկարով, որն ամրագրեց ոչ միայն ծրագրերի ավարտը, այլև միասնականության ոգին։ Այդ լուսանկարում երևում էր կանանց աչքերի փայլը՝ հույսի, երազանքների և ապագայի նկատմամբ հավատով լի։
Նշենք, որ ծրագրերին ընդհանուր առմամբ մասնակցել է 23 կին, որոնցից 9-ը մասնակցել է 2 ծրագրերին։ Նրանցից 3-ը նախքան վկայականների հանձնումն ազատ են արձակվել խափանման միջոցի փոփոխմամբ (կիրառվել է տնային կանալք)։
«Ներուժի բացահայտում․ հզորացումը որպես դատապարտյալների վերաինտեգրման և կայուն ապագայի ուղի» ծրագրին, որն իրականացվել է Ֆինլանդիայի զարգացման համագործակցության ֆոնդերի աջակցությամբ, մասնակցել է 16 կին։ Նրանցից ակտիվություն և նկատելի առաջընթաց դրսևորած 11 կին ստացել են վկայականներ։ Դասընթացների ավարտից հետո կատարված ուսումնասիրության ընթացքում պարզել ենք, որ նրանցից 2-ը նույնպես ազատ են արձակվել խափանման միջոցի փոփոխման արդյունքում (կիրառվել է տնային կանալք)։ Մյուս կանանցից 5-ը շարունակում են մնալ կալանավորվածի կարգավիճակում, իսկ 4-ը դատապարտվել են ազատազրկման, մասնավորապես՝ 2-ը պատիժ են կրում միջին անվտանգային գոտու խիստ, իսկ 2-ը՝ միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում։
«Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագրին, որն իրականացվել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ, մասնակցել է 16 կին։ Նրանցից 13-ը ներկայացրել են իրենց պատմությունները, ստացել վկայականներ և հոնորարներ։ Այդ կանանցից 11-ը կալանավորված էին, իսկ մյուս 2-ը՝ դատապարտյալ և պատիժ էին կրում բարձր անվտանգային գոտու խիստ և միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում։ Դասընթացների ավարտից հետո կատարված ուսումնասիրության ընթացքում պարզել ենք, որ կալանավորված կանացից 3-ը նույնպես ազատ են արձակվել խափանման միջոցի փոփոխման արդյունքում (կիրառվել է տնային կանալք)։ Մյուսներից 5-ը շարունակում են մնալ կալանավորվածի կարգավիճակում, իսկ 3-ը դատապարտվել են ազատազրկման, մասնավորապես՝ 1-ը դեռևս չի տեղաբաշխվել, 1-ը պատիժ է կրում միջին միջին անվտանգային գոտու խիստ, իսկ մյուսը՝ միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում։
Ինչ խոսք, որևէ դասընթացի մասնակցության վկայականն ինքնին բավարար հիմք չէ, որպեսզի դատարանը կալանավորում տեսակի խափանման միջոցը փոխի տնային կալանքի, սակայն կարող է դիտվել որպես լրացուցիչ դրական բնութագրող փաստաթուղթ՝ վկայելով, որ անձը դրսևորում է սոցիալապես օգտակար և կառուցողական վարքագիծ, մասնակցում է մասնագիտական զարգացման ծրագրերի, ունի հասարակության հետ կապի պահպանման միտում, հետևաբար՝ նաև նվազեցնելով ազատազրկման ձևով խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում լիահույս ենք, որ ծրագրերին մասնակցությունը դրական ազդեցություն է ունեցել այն կանանց կյանքում, որոնց խափանման միջոցը փոփոխվել է։ Ներկայումս նրանք ազատության պայմաններում են, ինչը նշանակում է, որ կարող են նաև զբաղվել ուլունքագործ կամ հելյունագործ պայուսակների պատրաստմամբ։
ինչը կարող է ։ Իսկ այն կանայք, ովքեր արդեն դատապարտվել են ազատազրկման, դասընթացներին մասնակցելու շնորհիվ բարենպաստ հիմքեր են ստեղծել պայմանական վաղաժամկետ ազատման ներկայանալու ժամանակ իրենց վերաբերյալ կազմվող զեկույցների համար։ Վկայականները միանշանակորեն հաշվի են առնվելու այդ զեկույցները կազմելիս՝ ապահովելով համապատասխան միավորներ դատապարտյալի վարքագծի, մասնակցության և վերասոցիալականացման գործընթացի վերաբերյալ։


