2025 թվականի սեպտեմբերի 24-ին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն մեկնարկել է եռօրյա դասընթաց, որի նպատակն էր ամրապնդել քրեակատարողական ծառայողների և աշխատողների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները՝ ազատազրկված կանանց հետ տարվող աշխատանքներում գենդերազգայուն մոտեցումներ ներառելու և կիրառելու ուղղությամբ։
Դասընթացի շրջանակներում շեշտվել է նաև տարբեր մասնագիտական խմբերի միջև առկա կարծրացած շփումների հաղթահարման անհրաժեշտությունը։ Այդ պատճառով այն կազմակերպվել է միջմասնագիտական ձևաչափով՝ ներգրավելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և «Աբովյան» ՔԿՀ-ի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների։ Մասնակիցների թվում էին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի, «Աբովյան» ՔԿՀ-ի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների, անվտնգության, պահպանության և տնտեսական ապահովման բաժինների ծառայողներ և աշխատակիցներ, օպերատիվ վարչության ներկայացուցիչներ, ինչպես նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աբովյան» ՔԿՀ-ի ստորաբաժանման մասնագետներ։
Քանի որ դասընթացի առաջնային նպատակն էր կանանց հետ աշխատող անձնակազմի շրջանում գենդերազգայուն մոտեցումների զարգացումը, ներգրավվել էին նաև «Արմավիր», «Վարդաշեն», «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Սևան» ՔԿՀ-ների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների, անվտնգության ապահովման բաժինների ծառայողներ և աշխատակիցներ, որոնց գործառույթները հիմնականում առնչվում են ազատազրկված տղամարդկանց այցելող կանանց հետ տարվող աշխատանքին՝ տեսակցությունների կազմակերպում, զննություն և խուզարկություն, հանձնուքների ընդունում և այլ պատասխանատու գործընթացներ։
Դասընթացը հագեցած էր բազմաբովանդակ քննարկումներով։ Առաջին օրը Էթիկայի դպրոցի հիմնադիր նախագահ Գևորգ Մկրտչյանը հանդես եկավ «Էթիկա և հաղորդակցություն» թեմայով՝ ընդգծելով էթիկական նորմերի կարևորությունն ինչպես միջանձնային շփումներում, այնպես էլ ազատազրկված անձանց հետ մասնագիտական հարաբերություններում։ Նշվեց, որ էթիկան և հաղորդակցման մշակույթը նպաստում են բանտային միջավայրի առողջացմանն ու վստահության մթնոլորտի ձևավորմանը։
Հաջորդիվ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը ներկայացրեց խոցելի խմբերի հետ աշխատանքի առանձնահատկությունները, խոցելիության որոշման սկզբունքը, երկրորդային զոհականացման և խտրականության բացառման կարևորությունը։ Նա շեշտեց, որ գենդերազգայուն մոտեցումները ապահովում են հարգալից և հավասար վերաբերմունք կանանց նկատմամբ՝ անկախ նրանց սոցիալական կամ առողջական իրավիճակից։ Դավիթ Թումասյանը նաև անդրադարձավ դատապարտյալ և կալանավորված կանանց իրավունքներին, այդ թվում՝ անձնական տվյալների պաշտպանությանը, աշխատանքի և վերասոցիալականացման հնարավորություններին, արտաքին աշխարհի հետ կապի ապահովման հարցերին։
Երկրորդ օրը դասընթացը շարունակվեց «Հուզական բարեկեցություն» և «Ինչպես խուսափել և հաղթահարել մասնագիտական այրումը» թեմաներով։ Հոգեբան-հոգեթերապևտ Նելլի Սարատիկյանը ներկայացրեց հույզերի տեսակները, դրանց ճանաչման և կառավարման հմտությունները։ Նա նաև անդրադարձավ մասնագիտական այրման խնդրին ու դրա հաղթահարման ուղիներին։
Այնուհետև Դավիթ Թումասյանը խոսեց դատապարտյալ կամ կալանավորված կանանց երեխաների իրավունքների մասին, ինչպես նաև ներկայացրեց միջազգային և ազգային չափորոշիչները կանանց նկատմամբ վարվեցողության վերաբերյալ՝ հատկապես զննությունների, խուզարկությունների և ուղեկցումների կազմակերպման համատեքստում։
Երրորդ օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը ներկայացրեց բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները, բժշկական գաղտնիքի պահպանման առանձնահատկությունները։ Նա հատուկ ուշադրություն դարձրեց քրեակատարողական հիմնարկ մուտք գործելիս կանանց նախնական բժշկական զննության, խնամքի և հիգիենայի ապահովման հարցերին։ Քննարկվեցին գենդերազգայուն և կանխարգելիչ առողջապահական ծառայությունների հասանելիության կարևորությունը, սեռական և վերարտադրողական առողջության ապահովումը, ինչպես նաև հղի կանանց, կերակրող մայրերի և մինչև երեք տարեկան երեխաներ ունեցող մայրերի կարիքներին համարժեք ծառայությունների կազմակերպումը։ Անդրադարձ եղավ նաև հոգեբանական ծառայությունների մատչելիությանը, կանանց շրջանում ինքնավնասումների և ինքնասպանությունների պատճառներին ու դրանց կանխարգելման միջոցներին։
Դասընթացը մասնակիցներին տրամադրեց խորացված գիտելիքներ և մասնագիտական ուղենիշներ, ինչպես նաև հնարավորություն տվեց քննարկել գործնական խնդիրներ, ինչը կնպաստի կանանց հետ տարվող աշխատանքներում վերջիններիս առողջության, անվտանգության և արժանապատվության ապահովմանը։ Այն կարևոր քայլ էր նաև քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մշակույթի ձևավորման տեսանկյունից՝ ընդգծելով զգայուն, արդյունավետ և մարդակենտրոն մոտեցումների ներդրման անհրաժեշտությունը։ Այս ամենը կնպաստի կանանց իրավունքների պաշտպանությանը, սոցիալական ներառմանը, խտրական վերաբերմունքի և կարծրատիպերի նվազեցմանը, ինչպես նաև միջմասնագիտական համագործակցության զարգացմանը։
«Ազատազրկված կանանց հետ տարվող աշխատանքներում գենդերազգայուն մոտեցումների ներառում և կիրառում՝ ըստ Բանգկոկյան կանոնների» թեմայով եռօրյա դասընթացը կազմակերպել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Վրաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցելով գենդերազգայուն քրեակատարողական համակարգ Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։


