Skip to content Skip to sidebar Skip to footer

Ծրագիրը նպաստել է, որպեսզի «Աբովյան» ՔԿՀ-ի մշակութային և կրթական կյանքը դառնա բազմազան, իսկ լուծման կարիք ունեցող խնդիրներն արժանան ուշադրության

Ուրախ ենք տեղեկացնել, որ հաջողությամբ ավարտել ենք «Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագիրը, որը մեկնարկվել էր Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի նպատակն էր փոխել հասարակության ընկալումները ազատազրկված կանանց նկատմամբ, նրանց ձայները լսելի դարձնել ինչպես հանրությանը, այնպես էլ քրեական արդարադատության մարմիններին՝ նպաստելով ապրումակցման, զգայունության և փոխըմբռնման միջավայրի ձևավորմանը։

Ծրագրի շրջանակում կազմակերպությունն աշխատել է 16 կնոջ հետ, որոնցից 3-ը դատապարտյալ էին, իսկ 13-ը՝ կալանավորված։ Վերջիններից 3-ը ծրագրի ընթացքում ազատ են արձակվել խափանման միջոցի փոփոխման արդյունքում։ Ընդհանուր առմամբ իրենց պատմությունները ներկայացրել և վկայականներ ու հոնորարներ են ստացել 13 կանայք։

Պատմությունների հավաքագրմանը նախորդել են անհատական և խմբային հանդիպումներ, որոնք անցկացրել են հոգեբաններ, լրագրողներ, մեդիա փորձագետներ և գրականության ոլորտի մասնագետներ։ Դրանք ներառել են ինքնազարգացման, հույզերի ճանաչման, հուզական բարեկեցության, անձնային աճի, դրական ինքնընկալման, գրավոր ու բանավոր խոսքի հմտությունների զարգացման թեմաներ։ Հանդիպումները զուգորդվել են քննարկումներով, դերային խաղերով և գործնական վարժություններով։ Այս գործընթացը միաժամանակ ունեցել է թերապևտիկ նշանակություն՝ օգնելով կանանց հաղթահարել ազատազրկման փորձառությունը և ներքին համարձակություն գտնել բարձրաձայնելու իրենց պատմությունները։

Ծրագիրը նպաստել է նաև կանանց ֆինանսական վիճակի կայունացմանը։ Պատմություններ գրելու գործընթացը դիտարկվել է ոչ թե պարզապես ստեղծագործական զբաղմունք, այլև աշխատանք, որի դիմաց կանայք սիմվոլիկ վարձատրություն են ստացել, ինչը կարևոր քայլ էր ոչ միայն որպես ֆինանսական աջակցություն, այլև որպես աշխատանքի և ներդրման արժևորման ուղի։ Վարձատրության այս ձևը թույլ է տվել, որ կանայք իրենց տեսնեն ոչ թե որպես պասիվ մասնակիցներ, այլ որպես իրական արդյունք ստեղծող անհատներ։ Այն նպաստել է պատասխանատվության զարգացմանը, սեփական ներդրման գիտակցմանը, ինքնարժևորմանը և արժանապատվության վերականգնմանը։

Բացի այդ, այն ուներ նաև սոցիալական աջակցության մեկ այլ կարևոր բաղադրիչ։ Որոշ կանայք չունեն այցելողներ կամ հանձնուքներ բերող հարազատներ, ինչի հետևանքով բախվում են նյութական ու կենցաղային դժվարությունների։ Այդ կանանց համար սիմվոլիկ վարձատրությունը նշանակալի էր՝ հնարավորություն տալով ձեռք բերել ամենօրյա անհրաժեշտ իրեր, հոգալ փոքր կենցաղային ծախսերը և թույլ տալով զգալ օրինական ճանապարհով ստացված եկամուտի բերկրանքը։ Այսպիսով, պատմությունների գրելը վերածվեց ոչ միայն հոգեբանական թերապևտիկ գործիքի, այլև սոցիալական աջակցության յուրահատուկ միջոցի, որն ամրապնդեց ծրագրի վերականգնողական բնույթը։ 

Ծրագիրը նշանավորվել է մի շարք կարևոր այցելություններով, որոնք նպաստել են ծրագրի մասնակից կանանց, որոշում կայացնող պաշտոնյաների և դեսպանատան ներկայացուցիչների միջև անմիջական երկխոսությանը՝ նախադրյալներ ստեղծելով, որպեսզի «Աբովյան» ՔԿՀ-ի մշակութային ու կրթական կյանքը դառնա ավելի բազմազան, իսկ լուծման կարիք ունեցող խնդիրներն արժանի ուշադրություն ստանան․ 

  • 2025 թվականի ապրիլի 23-ին «Աբովյան» ՔԿՀ են այցելել Հայաստանում Չեխիայի Հանրապետության փոխդեսպան Սաբինա Նովակովան և դեսպանատան ներկայացուցիչ Արարատ Սահակյանը և մասնակցել ծրագրով նախատեսված դասընթացներին։
  • 2025 թվականի հունիսի 4-ին հիմնարկ են այցելել Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկը, փոխդեսպան Սաբինա Նովակովան, հյուպատոս Տոմաշ Մալեկը և դեսպանատան ներկայացուցիչ Սիրանուշ Հակոբյանը։ Նրանց ուղեկցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը, Քրեակատարողական ծառայության ղեկավար կազմը և այլ պաշտոնյաներ։ Հյուրերը ներկա են եղել ծրագրով նախատեսված դասընթացին, հարց ու պատասխանի ձևաչափով շփվել ազատազրկված կանանց հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին, ծանոթացել ծրագրի ընթացքին, նպատակներին և արձանագրված արդյունքներին։ Այնուհետև շրջայց են կատարել «Աբովյան» ՔԿՀ-ում՝ ծանոթանալով ազատազրկված կանանց կենցաղային պայմաններին և վերասոցիալականացման հնարավորություններին:
  • 2025 թվականի սեպտեմբերի 15-ին հիմնարկ են այցելել Սաբինա Նովակովան և դեսպանատան ներկայացուցիչներ Արարատ Սահակյանը և Ադամ Պեշոուտը։ Հյուրերը մեկ անգամ ևս հանդիպել են ծրագրի մասնակից կանանց, ովքեր պատմել են իրենց տպավորությունների մասին և ներկայացրել իրենց առաջարկները։ Այցի շրջանակում դեսպանատունը գրքեր է նվիրաբերել հիմնարկի գրադարանին, այդ թվում՝ օրինակներ կանանց պատմությունները ներառող ժողովածուից։ Փոխդեսպանը շեշտել է, որ գրքերի նվիրատվության գաղափարը ծնվել է հենց կանանց պատմությունները կարդալուց հետո։ Կանանցից շատերը նշել են, որ իրենց առօրյայի կարևոր մասը ընթերցանությունն է, և իրենք մշտապես նոր գրքերի կարիք են ունենում։

Կանանց պատմություններն  ամփոփվել են «Հը՞, մամ, ինչպե՞ս է դրախտում» խորագրով ժողովածուում, որը ներկայացնում է, թե կանայք ինչ են կորցրել կամ թողել ազատության մեջ, ինչ են ձեռք բերել, ինչ դասեր են քաղել, ինչն է փոխվել կամ վերաիմաստավորվել իրենց մեջ, ինչպես են հարմարվել բանտային պայմաններին և ինչ ուղերձ ունեն հասարակությանը։ Դրանք կանանց ինքնարտահայտման հնարավորություն տալուն զուգընթաց նպաստել են երկար ժամանակ անտեսված խնդիրները տեսանելի դարձնելուն՝ շեշտադրելով քրեական արդարադատության համակարգում մարդկային պատմությունների և անձնական փորձառության կարևորությունը։

Նշենք, որ ժողովածուն ազատազրկման փորձառություն ունեցող կանանց պատմությունները նմանատիպ ձևաչափով ներկայացնելու առաջին փորձն է Հայաստանում։ Այն ներառել է նաև ներածական խոսքեր Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության կողմից՝ բարձրացնելով պատմությունների արժանահավատությունն ու կարևորությունը։

Ժողովածուի շնորհանդեսը տեղի է ունեցել 2025 թվականի սեպտեմբերի 4-ին՝ համախմբելով ավելի քան 60 ներկայացուցիչներ դիվանագիտական առաքելություններից, պետական մարմիններից, տեղական և միջազգային կազմակերպություններից, լրատվամիջոցներից և մշակութային ոլորտից։

Անդրադառնալով կանանց պատմությունների ամփոփմանը՝ նշենք, որ դրանք ոչ միայն վերահաստատում են նրանց ազատազրկման օրինաչափությունները, այլև շեշտադրում են վերականգնողական միջամտությունների հասցեականությունը վերանայելու անհրաժեշտությունը։

Շատ կանայք մինչ ազատազրկվելն ապրել են խեղված ընտանիքներում՝ զրկված լինելով ծնողական լիարժեք խնամքից և հոգատարությունից։ Նրանց կյանքի ուղին հաճախ պայմանավորված է եղել թույլ ընտանեկան և սոցիալական կապերով, որոնք չեն ապահովել անհրաժեշտ աջակցություն և կայունություն։ Ընտանիքի ներսում չլուծված հակասությունները, բռնության դեպքերը, ինչպես նաև սոցիալական մերժվածությունն ու մեկուսացումը դրդել են, որպեսզի կանայք հայտնվեն ռիսկային և ոչ անվտանգ միջավայրերում։ Այդպիսի պայմաններում մեծացել է թմրամիջոցների շրջանառության մեջ ներգրավվելու վտանգը։ Շատ կանայք կախվածության և անօրինական գործունեության մեջ ներգրավվել են ոչ թե սեփական որոշմամբ, այլ ամուսնու, զուգընկերոջ կամ շրջապատի ճնշման և դրդման հետևանքով՝ զրկված լինելով ինքնուրույն որոշում կայացնելու, դիմադրելու կամ այլընտրանքային ուղիներ գտնելու հնարավորությունից։ Կախվածության ձևավորման պահին էլ չեն ունեցել անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ դիմելու համար մասնագիտական աջակցության։ Արդյունքում խնդիրները խորացել են, իսկ ելքերի հնարավորությունները նվազել։

Ազատազրկման գործընթացը ևս ուղեկցվել է դժվարություններով։ Նրանց նկատմամբ վերաբերմունքը ոստիկանությունում և ձերբակալվածների պահման վայրերում հաճախ ներառել է խտրականության տարրեր։ Հատկապես մտահոգիչ են եղել լոգանքի և սանհանգույցի սահմանափակ պայմանները։

Նշված խնդիրներն ավելի են բարդանում ազատազրկումից հետո։ Ընտանիքից, հատկապես երեխաներից բաժանումը վերածվում է հոգեկան ծանր ցնցման՝ խորացնելով անկայունության, դեպրեսիայի, ինքնավնասման կամ նույնիսկ ինքնասպանության ռիսկերը։ Կորցնելով արժեքավոր կապերը՝ կանայք իրենց անպիտան են զգում հասարակության համար, ապրում ապատիայի մեջ, դառնում անտարբեր կամ չարացած։ Ազատազրկումն առաջացնում է նաև ապագայի հանդեպ վախ ու անորոշություն, խաթարում վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։ Շատերը սկսում են մեղադրել և խարազանել իրենց թե՛ անձնական անհաջողությունների, թե՛ ընտանիքից ու երեխաներից կտրված լինելու համար։

Չնայած վերջին տարիներին իրականացված որոշ բարելավումներին՝ «Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգում, շաբաթական 2 անգամ լոգանքի հնարավորություն, հեռախոսակապի և տեսազանգի ընդլայնում, բանտային առօրյան շարունակում է մնալ ճնշող։ Առավել խոցելի են խցերում գտնվող կանայք, ինչը կապված է զբոսանքի սուղ հնարավորությունների և սահմանափակ զբաղվածության հետ։ Առաջին շփումը հիմնարկի հետ՝ կարանտինային բաժանմունքում, նույնպես լուրջ փորձություն է․ սանհանգույցի և լոգանքի սահմանափակ պայմանները խորացնում են մեկուսացվածության զգացումը։ Ներբանտային կյանքը բարդացնում են նաև միջանձնային լարվածությունները, աշխատողների կողմից վատ վերաբերմունքը, որը հաճախ պայմանավորված է կանանց քրեական գործի բնույթով, հոգեմետ դեղերի նշանակման պրակտիկան, կախվածության հետևանքով առաջացած վարքային փոփոխությունները, ուսման և զարգացման սահմանափակ հնարավորությունները, սննդի միապաղաղությունը, տղամարդ աշխատողների ամենօրյա ներկայությունը, մանկահասակ երեխաների խնամքը փակ միջավայրում կազմակերպելը, ինչպես նաև մերկացմամբ ուղեկցվող խուզարկությունները։ Բացակայում են նաև այնպիսի ծրագրերը, որոնք կանանց կպատրաստեն ազատությանը և կօգնեն վերաինտեգրվել հասարակությանը, ինչի հետևանքով կանայք ազատ արձակվելուց հետո կրկին բախվում են մեկուսացվածության, անպաշտպանության և անորոշության։

Այս համատեքստում ժողովածուն ևս մեկ անգամ շեշտադրում է, որ անհրաժեշտ է ձևավորել վերականգնողական այնպիսի ծրագրեր, որոնք կհասցեավորեն այս խնդիրները՝ շեշտելով կանանց արդյեւնավետ ինտեգրումը հասարակության մեջ, կախվածություններից ապաքինումը, նրանց հոգեբանասոցիալական և առողջապահական պատշաճ աջակցության տրամադրումը, սոցիալական, ինչպես նաև ապահով ու ինքնուրույն կենցաղավարման հմտությունների ձևավորումը, ապագայի հանդեպ վստահության վերականգնումը։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2026 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]