2025 թվականի հուլիսը կարևոր շրջադարձ էր մեր աշխատանքի մեջ․ ամփոփել ենք Ֆինլանդիայի զարգացման համագործակցության ֆոնդերի աջակցությամբ իրականացվող «Ներուժի բացահայտում․ հզորացումը որպես դատապարտյալների վերաինտեգրման և կայուն ապագայի ուղի» ծրագրի դասընթացների փուլը, որի նպատակն էր աջակցել ազատազրկված անձանց վերաինտեգրմանը և բացել նոր հնարավորությունների դռներ նրանց առաջ։
Հուլիսին «Արմավիր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցան դասընթացների ամփոփիչ հանդիպումները և վկայականներ տրվեցին այն մասնակիցներին, ովքեր ոչ միայն մասնակցել էին ծրագրի բոլոր փուլերին, այլև աչքի էին ընկել իրենց պարտաճանաչությամբ, ակտիվ մասնակցությամբ և առաջընթացով։
Դասընթացների ժամանակ կարևոր թեմաներ են քննարկվել՝ սոցիալական հմտությունների զարգացում, ստեղծագործական և ինքնաարտահայտման հմտությունների ձևավորում, աշխատանքի ներկայացվածության նախապատրաստում։ Այդ դասընթացների նպատակն էր ոչ միայն գիտելիք փոխանցել, այլև բարձրացնել մասնակիցների ինքնագնահատականը, տալ վստահություն և օգնել բացահայտել իրենց ներքին ուժը։
Մասնակիցներն ակտիվորեն ներգրավվել են քննարկումների մեջ, պատմել իրենց փորձառությունները, փորձել վերաիմաստավորել իրենց անցյալը։ Շատերի համար առաջին անգամ էր, երբ իրենք լսված և գնահատված էին զգում։
Վկայականների հանձնման արարողությունը հուզիչ էր․ յուրաքանչյուր վկայական խորհրդանշում էր ոչ միայն ավարտված ծրագիրը, այլև սեփական վախերի և սահմանափակումների նկատմամբ հաղթանակը։ Մթնոլորտը լցված էր հպարտությամբ ու ուրախությամբ։ Մասնակիցներից շատերը նշում էին, որ ծրագրի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն իրենց համար նոր կյանքի մեկնարկ են, հնարավորություն՝ վերագտնելու ապագայի հանդեպ հավատը։
Ծրագիրը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ կրթական ծրագրերն օգնում են հաղթահարել մարդկանց ներսում եղած սահմանափակումները՝ ձևավորելով նոր մտածելակերպ, հույս և պատրաստակամություն՝ վերադառնալու հասարակություն ավելի կայացած և արժանապատվությունը վարեգտած անհատների կերպարով։


