2025 թվականի սեպտեմբերի 4-ը կարևոր օր էր «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համար։ Երևանում տեղի ունեցավ երկար սպասված «Հը՞, մամ, ինչպե՞ս է դրախտում» պատմությունների ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը ներառում է ազատազրկված 13 կանանց անձնական պատմություններ՝ ներկայացնելով նրանց ապրումները և փորձառություններն առաջին դեմքով։
Միջոցառումը բազմամարդ էր․ մասնակցում էին ավելի քան 60 ներկայացուցիչներ Հայաստանի պետական կառույցներից, դիվանագիտական առաքելություններից, տեղական ու միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև մշակույթի և գրականության ոլորտներից։
Ներկա էին Հայաստանում Չեխիայի Հանրապետության, Կանադայի, Նիդերլանդների դեսպանները և նշված դեսպանատների ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, Եվրոպայի խորհրդի գրասենյակից, Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի Երևանի գրասենյակից, բարձրաստիճան պաշտոնյաներ և ներկայացուցիչներ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Արդարադատության նախարարությունից, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների կենտրոնական մարմիններից, «Աբովյան» ՔԿՀ-ից, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ից, հյուրեր հասարակական կազմակերպություններից, լրատվամիջոցներից, մշակույթի և գրականության ոլորտներից։
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը շնորհանդեսի բացման խոսքում ներկայացրել է «Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակները, որի շրջանակներում ստեղծվել է գիրքը՝ շեշտելով, որ այն բացառիկ հարթակ է կանանց ձայնը լսելի դարձնելու համար։ Նա ընդգծել է, որ պատմությունները գրված են հենց կանանց կողմից և ոչ միայն ստեղծագործելու, այլև նրանց կողմից կատարված աշխատանքն արժևորելու նպատակ են ունեցել, քանի որ կանայք հոնորար են ստացել։ Նարե Հովհաննիսյանը նաև համառոտ անդրադարձ է կատարել կազմակերպության գործունեությունը՝ շեշտադրելով ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների իրավունքների պաշտպանությանը և նրանց վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջույնի խոսքում ընդգծել է, որ ժողովածուն հնարավորություն է տալիս վերանայել հասարակության ընկալումները և լսելի դարձնել ազատազրկված կանանց պատմությունները։ Նա նշել է, որ սովորաբար հասարակությունը տեսնում է միայն վիճակագրություն ու թվեր, սակայն դրանց ետևում իրական մարդիկ են՝ իրենց զգացմունքներով, ապրումներով, հույզերով ու ճակատագրերով։ Պաշտպանի համոզմամաբ՝ ազատությունից զրկված լինելը չպետք է ընկալվի որպես խարան։ Հանցանքի կատարման արդյունքում պատասխանատվության իրացումը պետք է զուգահեռվի նաև ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության պատշաճ մեխանիզմների գործարկմամբ։ Պաշտպանը վերահաստատել է իր հաստատության առաքելությունն ազատությունից զրկված անձանց հիմնախնդիրները բարձրաձայնելու և պետությանը դրանց լուծման առաջարկներ ներկայացնելու համատեքստում։ Նա հավելել է, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր լուծել ոլորտում առկա խնդիրները և փոխել հասարակության վերաբերմունքն ազատազրկված անձանց նկատմամբ։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը ողջույնի խոսքում կարևորել է պատժողական քաղաքականությունից վերականգնողական մոտեցման անցումը՝ շեշտելով, որ առաջնայինը ոչ միայն հանցանքի համար պատասխանատվության ապահովումն է, այլև դատապարտյալների վերասոցիալականացումը, կրթության ու ինքնազարգացման հնարավորությունների ընդլայնումը։ Նա ընդգծել է, որ այդ գործընթացում կարևոր դեր ունեն հասարակական կազմակերպությունները, որոնք մասնակցում են ծրագրերի մշակմանը և իրականացմանը՝ ուղղված ազատազրկված անձանց սոցիալական ինտեգրմանը։ Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը լրացնում է պետության սահմանափակ ռեսուրսները և նպաստում վերականգնողական մոտեցումների արդյունավետությանը։ Նախարարի տեղակալը վերահաստատել է Արդարադատության նախարարության պատրաստակամությունը՝ աջակցելու նման նախաձեռնությունների շարունակական իրականացմանը, որպեսզի ազատազրկված անձինք զգան իրենց արժեքը հասարակության մեջ և վերականգնվելու հնարավորություն ունենան։
Բացման խոսքով հանդես է եկել նաև «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գևորգ Սիմոնյանը։ Նա շնորհակալություն է հայտնել «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ ընդգծելով վերջինիս կարևոր դերը վերասոցիալականացման բարդ ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման հարցում։ Գևորգ Սիմոնյանը նաև հույս է հայտնել, որ կազմակերպությունն ապագայում ևս կշարունակի իր ակտիվ մասնակցությունն ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության գործում։
Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել միջազգային և ներպետական գործընկերներին արդյունավետ համագործակցության համար՝ շեշտելով, որ Քրեակատարողական ծառայությունը մշտապես պատրաստ է նոր համագործակցային ուղիների հաստատմանը։ Նա ընդգծել է, որ անազատության մեջ գտնվող կանանց պատմությունների ներկայացումը կարևոր քայլ է հասարակության շրջանում առկա կարծրատիպերը հաղթահարելու և ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը փոխելու գործում։ Բացի այդ, Վահե Նանուշյանը շնորհանդեսի մասնակիցներին ներկայացրել է ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավման ուղղությամբ վերջին քայլերը, մասնավորապես՝ դատապարտյալներին տրամադրվող առավել հարմարավետ և սեզոնին համապատասխան հանդերձանքը, ինչպես նաև հիգիենայի պարագաների նոր փաթեթները։ Նա նաև նշել է, որ Քրեակատարողական ծառայությունը շինարարական աշխատանքների միջոցով հնարավորինս բարելավում է քրեակատարողական հիմնարկների պայմանները։
ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը հպարտությամբ է արձանագրել այն փաստը, որ չեխական աջակցությունը նպաստել է կանանց ձայները լսելի և տեսանելի դարձնելուն։ Նա նշել է, որ ծրագիրը Հայաստանում ճաղերի հետևում հայտնված կանանց ստեղծագործելու, խորհելու և ինքնարտահայտվելու հնարավորություն է տվել՝ լսելի դարձնելով այն ձայները, որոնք սովորաբար մնում են չլսված։ չեխական աջակցությունը նպաստում է այս մարդկանց ձայները լսելի և տեսանելի դարձնելուն։ Ծրագրի նպատակն էլ հենց դա էր՝ ձայն տալ ճաղերի հետևում գտնվող կանանց և, առանց ավելորդ կարծրատիպերի, հոգեբանական ու ստեղծագործական թերապիայի միջոցով կանխել նրանց հանցավոր վարքի կրկնությունը։ Դեսպանը շեշտել է, որ ժողովածուն ավելին է, քան զուտ պատմությունների հավաքածուն։ Այն լսված լինելու մարդկային պահանջի լուռ վկայություն է։ Պետր Պիրունչիկը նաև նշել է, որ այս ժողովածուն թույլ է տալիս փոխել հասարակության ընկալումները և խթանել երկխոսությունը։ Նա հույս է հայտնել, որ այս նախաձեռնությունը կշարունակի խթանել կանանց իրավունքների պաշտպանությունը, ամրապնդել վերականգնողական մոտեցումները Հայաստանում և ցույց տալ, որ արժանապատվությունն ու ստեղծագործության լույսը կարող են ծաղկել անգամ փակ և անսպասելի վայրերում։
Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերն իր ողջույնի խոսքում նշել է, որ Նիդերլանդների դեսպանատունը հետևողականորեն աջակցում է Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդմանը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերի իրավունքներին։ Դեսպանը շեշտել է դեսպանատան աջակցությամբ իրականացված ծրագրի կարևորությունը, որը նպատակ ուներ բարելավել ազատազրկված անձանց, այդ թվում՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը։ Նա ընդգծել է նաև, որ շարունակական ուշադրություն պետք է դարձվի խոցելի խմբերի մյուս ազատազրկված անձանց խնդիրներին՝ ապահովելով նրանց արժանապատվության պաշտպանությունն ու սոցիալական ներառումը։
Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները իր ողջույնի խոսքում անդրադարձել է Կանադայի հանձնառությանը մարդու իրավունքների պաշտպանությանը և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը։ Նա ընդգծել է, որ Կանադան հետևողականորեն աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք միտված են խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը, հավասար հնարավորությունների ապահովմանը և հասարակության մեջ ներառականության խթանմանը։ Նրա խոսքով՝ Կանադան պատրաստ է շարունակել աջակցությունը, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանությունն ու վերականգնողական մոտեցումները Հայաստանում դառնան առավել համակարգային և կայուն։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Քաղաքական և տեղեկատվության բաժնի ղեկավարի տեղակալ Տոմաշ Օստրոպոլսկին իր ողջույնի խոսքում կարևորել է այն լայնածավալ աջակցությունը, որը Եվրոպական միությունը ցուցաբերում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղությամբ։ Նա մասնավորապես ընդգծել է նախաձեռնությունները, որոնք միտված են քրեակատարողական հիմնարկների բարելավմանը և ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությանը։ Նա նաև շեշտել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարևոր դերը այս գործընթացներում՝ ընդգծելով, որ պետության, միջազգային կառույցների և ՀԿ-ների համագործակցությունը լավագույն հիմքն է կայուն արդյունքների ապահովման համար։
Միջոցառումը եզրափակվեց մասնակիցների միջև բաց երկխոսությամբ՝ ստեղծելով հարթակ, որտեղ ազատազրկված կանանց հիմնախնդիրները դարձան միջազգային և տեղական կառույցների լայն քննարկման առարկա։ Հանդիպումը ոչ միայն գրքի շնորհանդես էր, այլև նոր համագործակցությունների ու գաղափարների իրագործման հանձնառության մեկնարկ, որոնք միտված են վերափոխել քրեակատարողական համակարգի նկատմամբ ձևավորված վերաբերմունքը և նպաստել ազատազրկված անձանց սոցիալական ներառմանը։
Հավելենք, որ միջոցառումն աչքի է ընկել լայն լուսաբանմամբ։ Շնորհանդեսի վերաբերյալ նյութեր են պատրաստել «Ազատություն» ռադիոկայանը, Factor TV-ն և «Արմաթ» լրատվականը։ Պաշտոնական հաղորդագրություններ հրապարակվել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կայքում և ֆեյսբուքյան էջում, ՀՀ Արդարադատության նախարարության կայքում ու ֆեյսբուքյան էջում, Քրեակատարողական ծառայության կայքում և ֆեյսբուքյան էջում, գործընկեր հասարակական կազմակերպությունների կողմից՝ ապահովելով միջոցառման լայն տեսանելիությունն ու հասարակական ուշադրությունը։ Հրապարակումներ են կատարվել նաև Հայաստանում Չեխիայի Հանրապետության, Նիդեռլանդների և Կանադայի դեսպանատների ֆեյսբուքյան էջերում, ինչը նպաստել է թեմայի նկատմամբ միջազգային հանրության և կառույցների ուշադրության աճին։


