2025 թվականի հոկտեմբերի 16-ին կազմակերպվել է «Վերաինտեգրման ուղիներ․ հզորացում սոցիալական ներառման միջոցով՝ հանուն կայուն ապագայի» դրամաշնորհային ծրագրով նախատեսված հերթական հանդիպումը, որին մասնակցել են Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնում հաշվառված 8 շահառու։
Քանի որ ծրագրի հիմնական նպատակը շահառուների սոցիալական ինտեգրումն է համայնքային կյանքում, այս անգամ հանդիպումն անցկացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումում։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանը, ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի ծառայողներ Վահան Ներսիսյանը և Հարութ Ավանեսյանը, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Նարե Հովհաննիսյանը և «Ալյանս» հոգեբանա-սոցիալական համայնքային կենտրոնի ղեկավար Ելենա Հովհաննիսյանը։
Բացման խոսքում Նարե Հովհաննիսյանը ներկայացրել է ծրագիրը, ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունները և ձեռքբերումները։
Այնուհետև Էդգար Մարտիրոսյանը մասնակիցներին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները, քաղաքացիների դիմելու ընթացակարգերը, ինչպես նաև Պաշտպանի միջամտության և պաշտպանության մեխանիզմները։
Քննարկվել են նաև շահառուների քրեադատավարական կարգավիճակով պայմանավորված իրավունքներն ու պարտականությունները, որոնք սահմանվում են դատարանի կողմից։ Հարցուպատասխանի ձևաչափով ծավալվել է ակտիվ քննարկում, որի ընթացքում շահառուները բարձրացրել են իրենց հուզող մի շարք հարցեր՝ կապված դատվածության իրավական հետևանքների, սահմանափակումների, դատվածության մարման կամ հանման ժամկետների հետ։ Մասնակիցները ստացել են նաև մանրամասն պարզաբանումներ իրենց իրավունքների իրացման, այդ համատեքստում համապատասխան պետական կամ այլ մարմինների դիմելու ընթացակարգերի և ժամկետների վերաբերյալ։
Հանդիպումն անցել է անկաշկանդ և վստահելի միջավայրում, որտեղ շեշտը դրվել էր ոչ թե մասնակից շահառուների կողմից նախկինում կատարված արարքների, այլ նրանց վերականգնման, ինքնազարգացման և համայնքային ինտեգրման գործընթացի վրա։
Այս ձևաչափով հանդիպումն արդյունավետ էր նաև այն առումով, որ հնարավորություն տվեց հստակեցնել և փոխադարձ պարզաբանումներ ստանալ այն խնդիրների շուրջ, որոնք գործնականում առաջանում են ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոցների և պատիժների կատարման ընթացքում, քննարկել պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման, հոգեբանական աջակցության և իրավունքների պաշտպանության ոլորտներում առկա հիմնախնդիրները։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել նմանատիպ ձևաչափով այլ հանդիպումներ՝ նպաստելու ծրագրի նպատակների արդյունավետ և առարկայական իրագործմանը, ինչպես նաև շահառուների լիարժեք ինտեգրմանը հասարակական կյանքում։
«Վերաինտեգրման ուղիներ. հզորացում սոցիալական ներառման միջոցով՝ հանուն կայուն ապագայի» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է The BEARR Trust հիմնադրամի փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Ծրագրի իրականացման մարզային գործընկերն է «Ալյանս» հոգեբանասոցիալական համայնքային կենտրոն ՀԿ-ն։
Հանդիպման վերաբերյալ պաշտոնական հրապարակում է տեղադրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում, որը վերահրապարակվել է հետևյալ լրատվամիջոցների կողմից՝ shamshyan.com , armenpress.am, 1in.am, armtimes.com, 1lurer.am, 168.am։


