Skip to content Skip to sidebar Skip to footer

Իրազեկվածությունը և առողջ հաղորդակցությունը մարդու արժանապատիվ կյանքի և լիարժեք ինտեգրման կարևոր հիմքերն են

2025 թվականի հոկտեմբերի 2-ին մեկնարկել ենք ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնում հաշվառված շահառուների և նրանց ընտանիքի անդամների իրազեկվածությանը և իրավունքների պաշտպանությանն ուղղված դասընթացների շարքը։ Առաջին հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացել են հաղորդակցությանը, դրա փուլերին և մեթոդներին, հույզերին և դրանց ճանաչման ու կառավարման գործիքներին, կոնֆլիկտների տեսակներին և դրանց լուծման տարբերակներին ու խաղաղ բանակցային մարտավարություններին, անձնական աճին նպաստող նախադրյալներին և դրան խոչընդոտող գործոններին։

Երկրորդ հանդիպումը վերաբերում էր աշխատանքային ռեզյումեի կազմմանը և աշխատանքի հարցազրույցի ներկայանալուն։ Նպատակն էր աջակցել մասնակիցներին ձեռք բերել աշխատանքի որոնման, ինքնաներկայացման և մրցակցային աշխատաշուկայում հաջողությամբ ընդգրկվելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ։ Մասնակիցները նախ ծանոթացել են աշխատանքային ռեզյումեի կառուցվածքին և դրա հիմնական բաժիններին։ Քննարկվել են այն սխալներն ու բացթողումները, որոնք հաճախ թույլ են տրվում ռեզյումե կազմելիս, ինչպես նաև ներկայացվել են այն մոտեցումները, որոնք թույլ են տալիս առավել արդյունավետ ձևով ընդգծել սեփական մասնագիտական փորձն ու ուժեղ կողմերը։ Բացի այդ, մասնակիցները սովորել են, թե ինչպես պատրաստվել հարցազրույցի՝ հաշվի առնելով գործատուի ակնկալիքներն ու շուկայի պահանջները, ինչպես ճիշտ վարել զրույցը, վերահսկել հուզական վիճակը և վստահությամբ պատասխանել հարցերին։ Դասընթացի գործնական հատվածում մասնակիցները կիրառել են տեսական գիտելիքները։ Նրանցից մեկը ստանձնել է գործատուի, մյուսը՝ աշխատակցի դերը։ Այս դերային խաղը հնարավորություն է տվել ոչ միայն փորձարկել ստացված գիտելիքներն ու հմտությունները, այլև գործատուի դիտակետից հասկանալ, թե որ հատկանիշներն են կարևոր աշխատանքի ընդունման գործընթացում։ Խաղից հետո անցկացվել է համատեղ վերլուծություն, որտեղ մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները, նշել հաջողված հատվածները և առաջարկել հնարավոր բարելավումներ։

Քանի որ ծրագրի հիմնական նպատակը շահառուների սոցիալական ինտեգրումն է համայնքային կյանքում, հաջորդ հանդիպումն անցկացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումում։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյանը մասնակիցներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները, քաղաքացիների դիմելու ընթացակարգերը, ինչպես նաև Պաշտպանի միջամտության և պաշտպանության մեխանիզմները։ Քննարկվել են նաև շահառուների քրեադատավարական կարգավիճակով պայմանավորված իրավունքներն ու պարտականությունները, որոնք սահմանվում են դատարանի կողմից։ Հարցուպատասխանի ձևաչափով ծավալվել է ակտիվ քննարկում, որի ընթացքում շահառուները բարձրացրել են իրենց հուզող մի շարք հարցեր՝ կապված դատվածության իրավական հետևանքների, սահմանափակումների, դատվածության մարման կամ հանման ժամկետների հետ։ Մասնակիցները ստացել են նաև մանրամասն պարզաբանումներ իրենց իրավունքների իրացման, այդ համատեքստում համապատասխան պետական կամ այլ մարմինների դիմելու ընթացակարգերի և ժամկետների վերաբերյալ։

Վերջին հանդիպման նպատակն էր ամրապնդել մասնակիցների իրավական գիտելիքները, զարգացնել նրանց առողջ հաղորդակցման հմտությունները, ինչպես նաև նպաստել ինքնավստահության բարձրացմանը։ Հանդիպումը մեկնարկվել է ինտերակտիվ խաղով, որի ընթացքում մասնակիցները միմյանց հերթով պատմել են նախապես ընթերցված տեքստը։ Խաղի նպատակը կառուցողական հաղորդակցության կարևորությունն ընդգծելն էր։ Վարժության ավարտին մասնակիցները քննարկել են, թե տեղեկատվության ճշգրտության խախտումն ինչ հետևանքների կարող է հանգեցնել, և ինչու է առողջ հաղորդակցությունը կարևոր թե՛ անձնական հարաբերություններում, թե՛ մասնագիտական և սոցիալական միջավայրում։ Վարժությունը նպաստել է ոչ միայն վստահության մթնոլորտի ձևավորմանը, այլև միմյանց լսելու հմտությունների զարգացմանը։ Դասընթացի երկրորդ հատվածում մասնակիցները ծանոթացել են «դատվածություն» հասկացությանը, դրա իրավական իմաստին և նշանակությանը։ Քննարկվել է, թե երբ է անձը համարվում դատված, երբ է դատվածությունը համարվում մարված կամ վերացված, և ինչպես են այդ հանգամանքներն ազդում սոցիալ-տնտեսական որոշ իրավունքների իրացման վրա։ Ընդգծվել է, որ դատվածության մարումը կամ վերացումը հանգեցնում է դատվածության հետ կապված քրեաիրավական հետևանքների վերացմանը, սակայն որոշ դեպքերում այն շարունակում է մնալ որպես սահմանափակող գործոն՝ օրենքով սահմանված բացառություններով։ Մասնավորապես, ներկայացվել է այն աշխատանքների ցանկը, որոնց դեպքում դատվածություն ունենալը կարող է խոչընդոտ լինել պաշտոն զբաղեցնելու համար։ Միևնույն ժամանակ շեշտվել է, որ եթե անձը դիմում է աշխատանքի այնպիսի ոլորտում, որտեղ դատվածություն ունենալը խոչընդոտ չէ, ապա պարտադիր չէ տեղեկացնել դրա մասին գործատուին, եթե նման պահանջ բացահայտորեն ամրագրված չէ վերջինիս կողմից տրամադրվող անձնական թերթիկում։

Խումբը, ինչպես միշտ, բազմազան էր։ Դասընթացներին մասնակցել են 7 շահառու և նրանցից մեկի ընտանիքի անդամը, ովքեր տարբեր սոցիալական և տարիքային խմբերից էին, տարբեր աստիճանի կրթությամբ և աշխատանքային փորձառությամբ։ Այս բազմաշերտությունը ծրագրի կարևորագույն առավելություններից է, քանի որ հնարավորություն է տալիս, որպեսզի մասնակիցները սովորեն ոչ միայն մասնագետներից, այլև միմյանց փորձից։ Բացի այդ, դասընթացները ստեղծում են անվտանգ և ընդունող միջավայր, որտեղ բացակայում են խարանը կամ կատարած արարքի համար մեղադրանքը։ Այստեղ սոցիալական տարբեր շերտերից եկած մարդիկ շփվում են հավասարը հավասարի պես՝ վստահության, փոխըմբռնման և փոխաջակցության մթնոլորտում։ Այս ձևաչափը նպաստում է ոչ միայն մասնագիտական և հաղորդակցական հմտությունների զարգացմանը, այլև՝ անձնական աճին։ Մասնակիցները սովորում են լսել միմյանց, արտահայտել սեփական կարծիքը, բանավիճել հարգալից ձևով, կատակել և կառուցողական քննարկումներ վարել։ Արդյունքում ձևավորվում է դրական, համերաշխ և աջակցող համայնք, որտեղ քննարկվում է անցյալի դրական փորձառությունը, ձևավորվում են ապագայի ծրագրեր և ստեղծվում են սոցիալական նոր կապեր՝ նպաստելով շահառուների լիարժեք վերասոցիալացմանը և հասարակության լիիրավ անդամ դառնալու գործընթացին։ Այդպիսով այն մարդիկ, ովքեր հաճախ հասարակության մեջ բախվում են խտրականության և մերժողական վերաբերմունքի, հնարավորություն են ստանում բացահայտել իրենց ներուժը, կենտրոնանալ իրենց դրական հատկանիշների վրա և ձեռք բերել առողջ կենցաղավարում ապահովող գործնական հմտություններ։

Դասընթացների վերջում բոլոր 8 մասնակիցներին տրվել են վկայականներ, ինչը խորհրդանշական պահ էր ոչ միայն որպես դասընթացների ավարտ, այլև որպես ձեռքբերում՝ վստահության, փոխօգնության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված խմբի ձևավորման տեսանկյունից։ Մասնակիցները նշել են, որ հանդիպումների ընթացքում նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելուն զուգահեռ ծանոթացել են միմյանց փորձառությանը, ստեղծել օգտակար կապեր ու նոր հեռանկարներ թե՛ անձնական զարգացման, թե՛ հանրային ներգրավվածության տեսանկյունից։

Այսպիսով, «Իրազեկում և իրավունքների պաշտպանություն» շարքի հանդիպումները դարձել են ոչ միայն ուսուցման, այլև համայնքային կապերի ամրապնդման հարթակ՝ ընդգծելով, որ  իրազեկվածությունն ու առողջ հաղորդակցությունը մարդու արժանապատիվ կյանքի և լիարժեք ինտեգրման կարևոր հիմքերն են։

«Վերաինտեգրման ուղիներ. հզորացում սոցիալական ներառման միջոցով՝ հանուն կայուն ապագայի» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է The BEARR Trust հիմնադրամի փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։

Ծրագրի իրականացման մարզային գործընկերն է «Ալյանս» հոգեբանասոցիալական համայնքային կենտրոն ՀԿ-ն։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]