2025 թվականի նոյեմբերի 17-18-ը Եվրոպայի խորհուրդը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Կանանց աջակցման կենտրոնի հետ համատեղ, կազմակերպել է աշխատանքային խմբի քննարկում և սեմինար՝ նվիրված Հայաստանում ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրի ներդրմանն ու իրականացմանը։
Միջոցառումն ընդգծել է ոլորտային առաջընթացը՝ հիմնաքարային ու համապարփակ շրջանակի աշխատանքների կատարմամբ, և ներկայացրել Եվրոպայի խորհրդի կողմից մշակված «Հայաստանում ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրերի քաղաքականության և իրավական շրջանակի վերլուծությունը Ստամբուլի կոնվենցիայի լույսի ներքո» վերտառությամբ զեկույցը։
Այն անդրադարձ է կատարում ազգային և միջազգային ստանդարտներին, մասնավորապես Եվրոպայի խորհրդի «Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի 16-րդ հոդվածի լույսի ներքո, և ներկայացնում է բարելավմանը միտված առաջարկություններ։
Եվրոպայի խորհուրդը ներկայացրել է նաև նոր մշակված «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրերում աշխատող մասնագետների վերապատրաստում» վերտառությամբ ձեռնարկը։ Այն տրամադրում է կառուցվածքային շրջանակ, որը կերաշխավորի, որ միջամտությունները լինեն ապացույցահեն, գենդերային հիմնախնդիրների և բռնության ենթարկված անձանց անվտանգության առաջնահերթության ապահովմամբ։
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը նույնպես ընդգրկված է խմբում և մասնակցել է նշված քննարկմանը՝ ներկայցնելով իրավախախտում կատարած անձանց հետ խմբային ձևաչափով աշխատանքների իրականացման փորձառությունը, այդ աշխատանքի ընթացքում արձանագրված խնդիրներն ու ռիսկերը և դրանց կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։
Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ ռեաբիլիտացման ծրագրերի հաջողությունը հիմնարարորեն կախված է բոլոր շահագրգիռ կողմերի սերտ համագործակցությունից։ Պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, սոցիալական ծառայությունների, իրավապահ մարմինների, դատական համակարգի և ոլորտային մասնագետների միջև արդյունավետ համագործակցությունը կենսական նշանակություն ունի ընտանեկան բռնություն գործադրած անձանց հետ աշխատանքում մարտահրավերները հաղթահարելու համար՝ ապահովելով, որ յուրաքանչյուր միջամտություն ապահովի բռնության ենթարկված անձանց անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը:
Հաշվետվությունները և միջոցառումը իրականացվել են Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:


