Skip to content Skip to sidebar Skip to footer

Զբոսանքը քրեակատարողական հիմնարկներում

Ազատազրկված անձինք ունեն հանգստի, ներառյալ՝ բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության իրավունք, որի ապահովումը հիմնարար նշանակություն ունի ինչպես առողջության պահպանման, այնպես էլ հետագայում սոցիալական վերաինտեգրումը խթանելու տեսանկյունից։

Կալանավորված անձանց զբոսանքը կազմակերպվում է ցերեկային ժամերին` դրա համար նախատեսված տարածքում: Զբոսանքի տևողությունը չի կարող պակաս լինել օրական 1 ժամից: Կալանավորված կանայք և անչափահասներն օգտվում են ամենօրյա` 2 ժամից ոչ պակաս տևողությամբ զբոսանքի իրավունքից, որի ընթացքում հնարավորություն է տրվում զբաղվել մարմնամարզությամբ:

Դատապարտյալները օգտվում են առնվազն 1 ժամ, իսկ անչափահաս դատապարտյալները՝ առնվազն 2 ժամ տևողությամբ ամենօրյա զբոսանքի իրավունքից: Պատժախցում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալները ևս իրավունք ունեն օգտվելու ամենօրյա` 1 ժամ տևողությամբ զբոսանքի իրավունքից:

Քրեակատարողական հիմնարկների ներքին կանոկակարգը առանձնացնում է ազատազրկված անձանց զբոսանքի իրավունքի ապահովման որոշ ընթացակարգեր: Օրինակ, երեխա ունեցող անձանց համար պետք է հատկացված լինի զբոսանքի համար նախատեսված` կանաչապատված կամ խաղահրապարակ ունեցող բակ, իսկ անչափահաս կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար նախատեսված զբոսանքի վայրերը պետք է հարմարեցված լինեն ֆիզիկական վարժությունների, զանազան խաղերով ու սպորտով զբաղվելու համար:

ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ

Օրական կտրվածքով միջինում զբոսանքի իրավունքից օգտվող ազատազրկված անձանց թիվը՝ ըստ քրեակատարողական հիմնարկների, հետևյալն է.

  • «Աբովյան» ՔԿՀ՝ 43 անձ,
  • «Արթիկ» ՔԿՀ՝ 118 անձ,
  • «Արմավիր» ՔԿՀ՝ 670-685 անձ,
  • «Գորիս» ՔԿՀ՝ 60 անձ,
  • «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ 9 անձ (փակ տիպ),
  • «Երևան-Կենտրոն» ՔԿՀ՝ 15-18 անձ,
  • «Կոշ» ՔԿՀ՝ բոլորը (կիսաբաց),
  • «Հրազդան» ՔԿՀ՝ 130-140,
  • «Նուբարաշեն» ՔԿՀ՝ 300 անձ,
  • «Սևան» ՔԿՀ՝ բոլորը (կիսաբաց),
  • «Վանաձոր» ՔԿՀ՝ 100-110 անձ,
  • «Վարդաշեն» ՔԿՀ՝ 58-60 անձ:
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ
  • «Աբովյան» ՔԿՀ-ի զոսահրապարակների թիվը 4-ն է: Զբոսանքը տրամադրվում է ամեն օր՝ ըստ սահմանված ժամանակացույցի:
  • «Արթիկ» ՔԿՀ-ի՝ կալանավորված անձանց համար նախատեսված մասնաշենքում առկա է 4 զբոսահրապարակ, ևս 2-ը տեղակայված են մեկուսարանում: Կիսաբաց տիպում դատապարտյալները տվյալ տարածքում տեղաշարժվում են ազատ, կիսափակ և փակ ուղղիչ հիմնարկներում զբոսանքը կազմակերպվում է տվյալ մասնաշենքի բակում, օրենքով սահմանված կարգով:
  • «Արմավիր» ՔԿՀ-ում առկա է 10 զբոսահրապարակ: Ազատազրկված անձանց զբոսանքը կազմակերպվում է սահմանված գրաֆիկով:
  • «Գորիս» ՔԿՀ-ն ունի 4 զբոսահրապարակ: Զբոսանքը կազմակերպվում է ըստ մեկուսացվածության աստիճան ունեցողների՝ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներով:
  • «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն կիսաբաց ուղղիչ հիմնարկ է: Հիմնարկի բոլոր բաժանմունքները, ինչպես նաև փակ 1 և փակ 2 տիպի մասնաշենքերն ունեն իրենց զբոսահրապարակները: Ազատազրկված անձանց զբոսանքը կազմակերպվում է ըստ սահմանված կարգի:
  • «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կա 6 զբոսահրապարակ: Զբոսանքն իրականացվում է քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի դրույթների համաձայն:
  • «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առկա է 28 զբոսախուց, որտեղ կազմակերպվում է ազատազրկված անձանց զբոսանքը՝ ըստ ժամանակացույցի:
  • «Սևան» ՔԿՀ-ում առկա է 1 զբոսահրապարակ, որը նախատեսված է պատժախցում կարգապահական տույժ կրող դատապարտյալների համար, իսկ դատապարտյալների համար նախատեսված զբոսահրապարակ առկա չէ, քանի որ հիմնարկում վերջիններս պատիժ են կրում բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկի պայմաններում:
  • «Վանաձոր» ՔԿՀ-ում առկա է 1 զբոսահրապարակ՝ զբոսանքի համար նախատեսված 7 խցերով, որոնցում զբոսանքները կազմակերպվում են ըստ մեկուսացվածության աստիճանների՝ կալանավորված անձինք, փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներն առանձին-առանձին:
  • «Վարդաշեն» ՔԿՀ-ում կա 4 զբոսահրապարակ: Ազատազրկված անձանց զբոսանքը կազմակերպվում է օրենքով սահմանված՝ գրաֆիկով նախատեսված ժամերին:

ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1755-Ն որոշման համաձայն՝ ՀՀ ԱՆ «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեությունը 2022 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է:

Ազատազրկված անձանց զբոսանքի կազմակերպման վերաբերյալ «Կոշ» ՔԿՀ-ից տեղեկատվություն չեն տրամադրել: «Հրազդան» ՔԿՀ-ից տեղեկացրել էին, որ հիմնարկում առկա է 1 զբոսահրապարակ՝ 6 զբոսախցերով: Զբոսանքը տրամադրվում է ըստ մասնաշենքերի:

ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ

Զբոսահրապարակների պայմանների և նյութատեխնիկական հագեցվածության վերաբերյալ բազմաթիվ խնդիրներ են արձանագրվել տարբեր կառույցների կողմից։

Այսպես, քրեակատարողական հիմնարկների զբոսահրապարակները մեծամասամբ նեղ, փոքր մակերեսով տարածքներ են՝ սահմանափակ տեսադաշտով, որտեղից տեսանելի է միայն երկինքը: Այդ տարածքներում տեղադրված չեն համապատասխան ծածկեր՝ եղանակային տարբեր պայմաններից պատսպարվելու կամ պաշտպանվելու համար:

Զբոսանքի համար հատկացված որոշ տարածքներում նույնիսկ նկատվում է մաքրման կամ վերանորոգման աշխատանքներ կատարելու կարիք: Խնդրահարույց է նաև այն, որ «Արմավիր» և «Կոշ» ՔԿՀ-ներից բացի մնացած բոլոր հիմնարկների երկարատև կամ կարճատև տեսակցության տեղամասերը չունեն զբոսաբակեր, ինչը նշանակում է, որ ազատազրկված անձանց տեսակցության եկած անձինք, այդ թվում՝ անչափահասները, չեն կարող օգտվել զբոսանքի հնարավորությունից։

ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ

Կարող ենք եզրակացնել, որ ազատազրկված անձանցից շատերը հրաժարվում են զբոսանքից, քանի որ վերը թվարկված խնդիրների պատճառով նրանք չեն կարողանում այդ տարածքներում անցկացնել իրենց ակտիվ հանգիստը կամ զբաղվել մարմնամարզությամբ:

ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանմամբ՝ քրեակատարողական հիմնարկներում զբոսանքի դուրս եկած կալանավորված անձանց և դատապարտյալների վերաբերյալ հաշվառում չի իրականացվում: Հաշվառվում են միայն զբոսանքից հրաժարվելու դեպքերը՝ չառանձնացնելով կալանավորված անձանց և դատապարտյալներին: Ընդ որում, հաշվառում իրականացնելիս չի նշվում, թե յուրաքանչյուր կալանավորված անձ կամ դատապարտյալ քանի անգամ և ինչ պատճառով է հրաժարվել զբոսանքից։

Զբոսանքից հրաժարվելու դեպքերը բավականին շատ են, մինչդեռ դրանք նվազեցնելու ուղղությամբ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում, քանի որ մի կողմից զբոսանքի համար հատկացված տարածքներն ապահովված չեն բավարար նյութատեխնիկական պայմաններով, մյուս կողմից էլ չեն բացահայտվում զբոսանքից հրաժարվելու պատճառները:

ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ

Այս նյութը կազմել և հրապարակել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի ֆինանսավորմամբ իրականացվող «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագրի շրջանակներում:

Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի տեսակետները:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.