Ամառվա գեղեցիկ ու լուսապայծառ օր էր։ Աստծո լույսը փռել էր իր թերը երկրի վրա, և բոլորն ու ամեն ինչն անցել էին իրենց բնականոն աշխատանքին։ Բնությունն իր գեղեցիկ էվոլուցիոն գործողության մեջ է ողջ եռանդով։ Ծառերն իրենց տերևներն են օրորում օդը սինթեզելու և թթվածնով լցնելու համար։ Ծիտիկներն իրենց ծլվլոցով և ճռվողյունով նպաստում են օրը և բնության նկարն էլ ավելի դյութիչ դարձնելու համար։
Ես նայում էի ճաղավանդակներից դուրս ու հմայվում բնության այդ գեղեցկությամբ ու հետևում անգամ ծառերի վրայով վազող ժրաջան մրջյուններին։ Ու մի պահ հասկացա, որ բարի նախանձով եմ նայում այդ միջատնեին, քանի որ նրանք ազատության մեջ են։
Ազատություն․․․ առաջին հայացքից մեսրոպյան հայերենով սովորական գեղեցիկ մի բառ է սա, բայց երբ բառի նշանակությունն ես հասկանում, միանգամից գիտակցում ես, որ այն աշխարհի հրաշալիքներից մեկն է, որ տրված է մարդուն, ով կենդանական աշխարհի գլուխգործոցն է։
Մեր գրողներից մեկն էր գրել իր բանաստեղծություններից մեկում․
— Ազատությո՜ւն,— գոչեցի,—
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։
Դպրոցական տարիքում այս խոսքերն անգիր ենք սովորում դժգոհելով։ Հենց այդ պահին նշանակությունը չհասկանալով՝ ուզում ենք արագ անգիր անել և վազել դուրս՝ բակում խաղալու։ Այսինքն՝ այդ նույն ազատությանն ենք ձգտում։
Սիրելի ընթերցող, եթե դու երբևէ եղել ես կալանավայրում, ուրեմն կարիք չկա քեզ բացատրել «ազատություն» բառի կախարդական իմաստը։ Իսկ եթե՝ ոչ, ուրեմն հավատացնում եմ, որ կարելի է սրբադասել և աղոթքների մեջ զետեղել այն՝ որպես բարձրագույն արժեք։
Ես արդեն 11 ամիս է, ինչ անազատության մեջ եմ։ Երբ ես հայտնվեցի այստեղ, հասկացա դրա դառնությունը բոլոր կողմերից։ Ամենասարսափելին, որ գիտակցում ես անազատության մեջ, այն է, որ ընտանիքից հեռու ես և միայն սահմանափակ ժամանակով կարող ես տեսնել երեխաներիդ, ովքեր սիրո և հոգատարության արդյունքում ծնված պտուղներ են, ու հանուն որոնց դու շնչում ես, ապրում։
21 տարի է, ինչ ամուսնացած եմ։ Ու ամուսնուս այնքան թարմ սիրով եմ սիրում, որքան դեռահասընոր սիրահարված ժամանակ։ Ու երեխաներիս շատ սիրում եմ, քանի որ նրանք իմ ամուսնու մասնիկներն են, որոնց կարծես ես ունեցել եմ, որ ամուսնուս շատ տեսնեմ, բազմացնեմ այս աշխարհի երեսին, ու երբ ինքը տանը չլինի, ես հասկանամ, որ իմ դիմաց վազվզում են նրա մասնիկները։
Ասեմ ավելին։ Երբ իմ երեխաները մեծանում են ու ես տեսնում եմ, որ նրանք, բացի իմ ամուսնուց, նմանվում են իմ սուրբ մորը, բարի հորը և աշխատասեր տատիկներիս, կյանքս այնքա՜ն սիրուն գույներով է լցվում․․․
Պատկերացնո՞ւմ եք, կա գենային կոդ, ու նրանք նմանվում են իմ ծնողներին, որոնց գրկելու և համբուրելու հնարավորությունից, ավաղ, ես զրկվել եմ։ Բայց աստծո ողորմությամբ ես ունեմ 3 հրաշք երեխաներ, որոնց մեջ տեսնում ե իմ ծնողներին։ Սիրտս դուրս է գալիս կրծքավանդակիցս։ Ողջ ուժով ցանկանում եմ բղավել՝ ուռա՜, ուռա՜, ուռա՜, քանի որ աստծո հրաշք է սա։
Ես խելագարի պես եմ սիրում իմ երեխաներին ու շատ հաճախ վախենում եմ գրկել նրանց։ Մտածում եմ՝ բա որ անհետանան․․․
Սիրելի ընթերցող, ես հիմա բաց գերեզմանատան եմ։ Ըստ իս՝ կա դժոխք, կա դրախտ, կա քավարան․․․ ու սա հենց քավարանն է, որտեղ ինքնապաշտպանական բնազդը շատ է զարգացած․․․ Չէ՞ որ անձը մեղադրվում է թե դատախազի կողմից, թե իր հետ նույն գործով անցնող անձանց կողմից, թե ենթադրյալ կամ իրական տուժողների կողմից, թե քրեակատարողական հիմնարկի աշխատակազմի կողմից, թե իր ներսում ունեցած տարաձայնությունների արդյունքում։
Կան մարդիկ, ովքեր իրենց ժամանակը փորձում են արդյունավետ օգտագործել ու ինքնազարգացմամբ զբաղվել։ Կան մարդիկ, ովքեր ավելի են չարանում ու ընդօրինակում են վատ արարքներ և դուրս գալուց շատ քիչ ժամանակ անց հնարավոր է՝ հետ վերադառնան․․․
Մի՞ֆ է, թե՞՝ իրականություն, բայց մարդկանց մեջ կարծիք կա ձևավորված, թե բանտը մի վայր է, որտեղ իրար ծեծում են, ղումար են խաղում, որտեղ հսկիչը չի հարգվում, որտեղ ստի համար կարող են պատժվել հաշվեհարդարով, որն ընտանիքներ է քանդում, որտեղ բոլորը թմրամոլներ են․․․
Չգիտեմ՝ միֆ է, թե՝ իրականություն, բայց բոլորը շտապում են 1 օր շուտ հայտնվել ազատության մեջ։
Մտածում եմ՝ միգուցե ես իսկապես հասցրե՞լ եմ պատասխան տալ իմ կատարած արարքի համար և արդեն պետք է տո՞ւն գնամ։
Այն տունը, որտեղ ապրել են իմ լուսահոգի ծնողները, որտեղ մեծացել եմ ես, որտեղ անցել է իմ և երեխաներիս մանկությունը, որը վերակառուցվել է ամուսնուս ձեռքերով։
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Հ․ Թ․, կալանավորված կին
Այս պատմությունները գրվել են ազատազրկված կանանց կողմից և շեշտադրում են քրեական արդարադատության համակարգում մարդկային պատմությունների և կանանց անձնական փորձառության կարևորությունը։ Դրանք կանանց ինքնարտահայտման հնարավորություն են տվել, ինչպես նաև նպաստել են երկար ժամանակ համակարգայնորեն անտեսված խնդիրները տեսանելի դարձնելուն՝ բանտային իրականությունը ներկայացնելով հենց ներսից և կանանց հայացքով։ Այս պատմությունները հրապարակելով՝ նպատակ ունենք բարձրաձայնել կանանց ձայները, դրանք լսելի դարձնել քրեական արդարադատության մարմիններին և լայն հասարակությանը՝ նպաստելով ապրումակցման, զգայունության և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը։
«Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։


