Սպասել ․․․ Ամենասին և միևնույն ժամանակ ամենանվիրական ու հաճելի զգացումը, որ երբևէ տրված է մարդուն զգալ և հասկանալ։
Դժոխք․․․ Բառ, որ ասոցացվում է բանտ բառի հետ։
Մենք երկուսով էինք՝ այնպես, որ թվում էր, թե կյանքն ու մահն անզոր էին մեր սիրո ու հավատարմության դեմ։ Մենք սիրում էինք իրար՝ ինչպես ոչ-ոք ու ոչ-ոքի։ Մինչ բանտարկվելը մենք սիրում էինք կամ, երևի, սիրում էի միայն ես։ Չէ’, թող տպավորություն չստեղծվի, թե փնովում եմ նրան։ Պարզապես ես այդպես էլ չսովորեցի մարդկանց այնքան մոտ չթողնել սրտիս, որ նրանց հեռանալուց հետո չկոտրվեմ այնքան, որ կորցնեմ ապրելուս իմաստն ու ցանկությունը։
Հա, կներեք, չներկայացա։ Ես հասարակ մի աղջիկ եմ, ում կյանքում կորուստներն ու բաժանման ցավն ավելի շատ բաժին հասան, քան թե ուրախությունը կամ ժպիտները։
Դեռ 10 տարեկան էի, երբ առանց իմ ցանկությունը հաշվի առնելու ինձ տարան թիվ 1 հատուկ կրթահամալիր, որը ոչնչով չէր տարբերվում բանտից։ Այնտեղ սովորելու պատճառով կորցրեցի մորս հետ իր վերջին օրերն անցկացնելու հնարավորությունը։ Կրթահամալիր տեղափոխվելուց հետո 2 տարի չանցած՝ կորցրեցի մորս։ Ցավ, որ ուղեկցում է ինձ իմ ամբողջ կյանքի ընթացքում, բացակայություն, որ չկարողացավ լրացնել ոչ-ոք։
Մենք, այսինքն՝ ես ու հարազատներս, իրարից հեռացանք։ Ու տարիներն ինչքան անցնում էին, այնքան ավելի էինք կորցնում իրար։ Մեծ ցավ է, քանի որ մեզանից ոչ-ոք քայլ չարեց, որպեսզի պահի մեր ընտանիքը, մեր բարեկամությունը։
Անցան տարիներ։ Ավելի կոնկրետ՝ անցավ 10 տարի, ու ես հանդիպեցի նրան, ով փոխեց կյանքս, չնայած արդեն դժվար է ասել՝ դեպի լավը՞, թե՞՝ դեպի վատը։ Մենք միասին էինք օրվա ցանկացած ժամի, ամեն րոպե, մինչև այն պահը, երբ կատարվեց մեր կյանքի ամենասխալ ընտրությունը՝ հեշտ ճանապարհով փող աշխատելը, որ կործանեց մեզ, բաժանեց մեզ իրարից, խլեց մեր կյանքից ամենաթանկը՝ ազատությունը․ 11 տարի իմ, իսկ 10 տարի տարի նրա կյանքից։
Մեր կյանքի ամենաջահել ու գեղեցիկ տարիները միասին ապրելու փոխարեն հիմա ստիպված ենք ապրել տանջվելով ու իրարից հեռու, անգամ՝ անտեղյակ մեկս մյուսից։ Ես կորցրեցի նրան, իսկ նա, հավանաբար, ինձ։ Երևի հեռավորությունն էր պատճառը մեր բաժանման կամ պարզապես ես էի սխալ հասկացել մորս խրատն ու ինձ տրված խորհուրդը՝ անձնվիրաբար ընկերություն անել։
2023 թվականի հունվարի 16-ին կործանվեց ամեն ինչ՝ սեր, ընկերություն, երբ լսվեց դատավորի չարաբաստիկ վճիռը․ «Դատարանը վճռեց մեղադրյալին դատապարտել 10 տարի, 11 ամիս, 27 օր ազատազրկման»։
Այդ վճիռն ինձ զրկեց ոչ միայն ազատությունից, այլ նաև կյանքիս գույներից, հարազատներիցս, ընկերներիցս։ Չնայած պարզվեց՝ ես երբևէ հարազատ, ընկեր չեմ էլ ունեցել։ Տպավորությունս է, որ նրանք պարզապես շունչները պահած սպասում էին իմ ընկնելուն, որպեսզի խլեին ինձանից այն փոքր հավատը, որ դեռ ունեի մարդկանց հանդեպ։
Ցավոք սրտի, այդպես էլ եղավ։ Նրանք բոլորը հեռացան այնպես, կարծես երբեք չէին էլ եղել իմ կյանքում։ Ու նրանց փոխարեն հայտնվեց մեկը, ով վերադարձրեց հավատս մարդկության և ընկերության հանդեպ։ Նա եկավ, առանց հարցնելու փաթաթվեց իմ օրերին՝ ինչպես խաղողի վազն է փաթաթվում փայտե հենակների վրա։ Եվ անտեսելով իմ կոպիտ բնավորությունն ու իր ցավը՝ ինձ ժպիտ տվեց։ Ժպիտ, որ կամաց-կամաց վերականգնում էր կյանքիս գույները։ Եվ փոխարենը ոչինչ չպահանջեց նա, ոչինչ։
Մենք անմնացորդ ընկերացանք՝ փորձելով թեթևացնել մեկս մյուսի ցավն ու կալանքը։ Նա նման չէր ոչ մեկին։ Մոռացած սեփական խնդիրը՝ նա ջանում էր ամեն օրս տոն դարձնել այս մութ ու սև իրականության մեջ։ Եվ տարօրինակ ձևով դա նրան հաջողվում էր։ Այս 4 պատերի ներսում ազատության սպասումից մարդ դառնում է անկառավարելի։ Անգամ լռությունն է ինձ հունից հանում։ Բայց նա փոխեց ամեն ինչ։ Նա ստիպեց հասկանալ, որ պետք է ապրել՝ անկախ ամեն ինչից։
Նա հասկանում էր ինձ անգամ առանց խոսքի։ Նա տարբերում էր իմ անհանգիստ հայացքները։ Առանց որևէ բառի գիտեր՝ ինձ երբ է լռություն հարկավոր, և ապահովում էր այդ լռությունն ու հանգստությունը։ Բայց, ցավոք, այդ ուրախությունն էլ երկար չտևեց։ Մեզ բաժանեցին, քանի որ սխալ հասկացան մեր ընկերությունը։
Մենք ծանր տարանք բաժանումը, բայց փորձեցինք պայքարել։ Երկուսով դիմեցինք հացադուլի, սակայն 1 շաբաթ տևած հացադուլից հետո ոչինչ չփոխվեց։ Ես անգամ ինքնավնասման դիմեցի։ Ցավոք, դա էլ որևէ մեկին չհետաքրքրեց։ Մեզ առանձնացրեցին՝ պատճառաբանելով, որ չափից շատ հոգատար ենք միմյանց հանդեպ, և դա կողքից այլ կերպ են ընկալում մարդիկ։
Ես կրկին սկսեցի չարանալ, դարձա ավելի ագրեսիվ, ինչը կանխել էր նա՝ իմ ընկերուհին։
Թվում էր, թե նրանք, ովքեր ինձ լավ են ճանաչել, հիմա էլ չեն ճանաչում, քանի որ չկար նա՝ այդ հարազատ հոգին, ով առանց խոսքի հասկանում էր ցավս ու տանջանքներս և ամեն գնով փորձում էր փոխել տրամադրությունս։
Բայց, անկախ ամեն ինչից, մենք խոստացել ենք միշտ ընկերներ մնալ։ Մենք մնացել ենք մենակ՝ ամեն մեկս մեր ցավի ու մղձավանջների հետ, բայց շարունակում ենք ընկերություն անել անգամ խցերի հեռավորությունից՝ հույսով, որ մի օր մեր ցավը կհետաքրքրի ինչ-որ մեկին և թույլ կտան մեզ կրկին նույն խցում «ապրել»։ Չնայած՝ դժվար թե։
Կալանավորը չի հետաքրքրում ոչ մեկին։ Ծնկաչոք աղոթքները կորցրել են իրենց զորությունը։ Թվում է, թե մեզ չեն տեսնում երկնայինները։ Այս պատերն անողոքաբար խլել են մեզանից լացի, նեղության մեջ՝ մարդուն կարեկցելու, ուրախության մեջ՝ երջանկանալու բոլոր ուժերն ու ունակությունները։ Կարոտի ցավն ու անտարբերության մատնված կարոտը թույն են, որոնց ներգործությունից բթանում են նյարդերդ։ Եվ վրա է հասնոմ անտարբերությունը։
Ամեն անգամ, երբ մենակ եմ մնում, նայում եմ շուրջբոլորս, վերցնում եմ հայելին և անկախ ինձնից բարձր գոռում եմ․
«Սիրելի՜ Աստված, խղճա՜ ինձ, ես խելագարվո՜ւմ եմ»։
Անդադար կրկնում եմ և նայում երկնքին։ Եվ թվում է՝ այնտեղից՝ փոթորկալից քաոսի միջից, լսում եմ մորս ձայնը․
«Չկոտրվե՜ս, սիրելի՜ս, դու սա՜ էլ կհաղթահարես։ Չէ՞ որ դու շատ ցավ ես տեսել՝ ընդհուպ մինչև իմ մահը»։
Եվ ձեռքերս ծնկներիս խփելով՝ հեկեկում եմ անզուսպ, բայց առանց արտասուքի, երբ գիտակցում եմ, որ կորցրել եմ բոլորին ու ամեն ինչ, անգամ նրանց, ովքեր երդվել էին մինչև մահ ինձ հավատարիմ մնալ։
Գիտե՞ս, սիրելի ընթերցող, եթե ես շարունակեմ գրել այստեղ կատարվող ամեն ինչի մասին, կխելագարվեմ։ Երկնքում՝ դժոխք, երկրում է՞լ՝ դժոխք։ Որտե՞ղ է այդքան սպասված դրախտը, աշխարհի ո՞ր անկյունում։
Խորհուրդս ու խնդրանքս բոլորին․․․
Փորձեք ապրել այնպես, որ կյանքի որևէ պարագայում հանկարծ չհայտնվեք «բանտ» կոչվող դժոխքում։ Այն խլում է մեզանից ամեն ինչ ու բոլորին՝ անգամ նրանց, ովքեր երդվել էին հավիտյան հավատարիմ մնալ։
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Ա․Հ․, դատապարտյալ կին
Այս պատմությունները գրվել են ազատազրկված կանանց կողմից և շեշտադրում են քրեական արդարադատության համակարգում մարդկային պատմությունների և կանանց անձնական փորձառության կարևորությունը։ Դրանք կանանց ինքնարտահայտման հնարավորություն են տվել, ինչպես նաև նպաստել են երկար ժամանակ համակարգայնորեն անտեսված խնդիրները տեսանելի դարձնելուն՝ բանտային իրականությունը ներկայացնելով հենց ներսից և կանանց հայացքով։ Այս պատմությունները հրապարակելով՝ նպատակ ունենք բարձրաձայնել կանանց ձայները, դրանք լսելի դարձնել քրեական արդարադատության մարմիններին և լայն հասարակությանը՝ նպաստելով ապրումակցման, զգայունության և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը։
«Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։


