Իմ ընտանիքը սոցիալական ծանր վիճակում է: Հայր չունեմ: Մայրս աղբամաններից շիշ է հավաքում, վաճառում, որ ստացված գումարով պահի ինձ, երկու եղբայրներիս ու քրոջս:
Ես այս կյանքում մի բան եմ հասկացել: Լավ տղան պիտի այնպես անի, որ ընտանիքին օգնի: Բայց եթե ընտանիքին օգնում է, դասի չի գնում: Դասի չի գնում, ուրեմն չի սովորում:
Ես մինչև 7-րդ դասարանն եմ դպրոց գնացել: Գերազանց եմ սովորել: Լավ գրքեր էլ եմ շատ կարդացել: Բայց հետո չեմ գնացել: Աշխատել եմ, որ ընտանիքիս պահեմ: Աշխատելը ո՞րն է: Գողություն եմ արել:
Գիտեի, որ մի օր գալու եմ գաղութ: Դե «գողցող» մարդու ճակատագիրն էստեղ է: Բայց չգիտեի, որ սպանություն էլ եմ անելու: Ուղղակի չէի պատկերացնում, որ կրակեմ, մարդ կսպանեմ:
Առաջին անգամ եմ կալանավայրում: Խցում մենակ եմ մնում: Չեմ ձանձրանում: Սիրում եմ մենակ մնալ, մտածել: Լավ բաների մասին եմ սիրում մտածել: Վատն աշխատում եմ մոռանալ: Բայց «էդ» դեպքը չի ջնջվում ուղեղիցս:
Գաղութում զբաղվելու բան չկա. դպրոցն է միայն: 12-րդ դասարանն արդեն ավարտել եմ: Դե էստեղ ո՞ւմ հետ շփվես: Նույնիսկ դասարանում եմ մենակ եղել: Բայց դե էլի որ դասատուների հետ շփվում էի: Ո՞նց ասեմ: Համ ժամանակս էր անցնում: Համ էլ մի բան էի սովորում: Պատմության դասերն եմ շատ սիրել:
Իմ մտածելով՝ լավ տղան նա չի, որ դաս չի անում: Լավ տղան նա է, որ գիտի, թե ճիշտը որն է, ու էս կյանքում գլուխը չի կախում:
Վատն էն էր, որ վերջին զանգին էլ էի մենակ: Ես էի, ու գաղութի դասատուները: Եսիմ: Ուղղակի վերջին զանգս սենց չէի պատկերացնում՝ մենակ, այլ ընկերներիս հետ, դրսում …
17 տարեկան եմ, շուտով կդառնամ 18: Ինձ կտեղափոխեն մեծահասակների կալանավայր: Բերդում ամեն ինչ չի, որ վատ է: Լավ տղերք էլ կան։ Երևի կալանքս հեշտ կանցնի:
Մայրս հիմա 53 տարեկան է: Երբ դուրս գամ, մայրս երևի 60 տարեկան կլինի, ես էլ՝ մոտ 28: Չեմ ուզում մամայիս շատ տանջեմ: Կուզեմ՝ անգլերեն ու ռուսերեն սովորեմ, որ ազատվելուց հետո գնամ արտերկիր, աշխատեմ, մամայիս, քույրիկիս ու եղբայրներիս պահեմ:
Ես իմ ընտանիքին շատ եմ սիրում:
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Անչափահաս կալանավորված անձ
Օգոստոսի 2, 2021թ.