22 տարեկան կյանքով լեցուն երիտասարդ էի, սովորում էի գերազանց առաջադիմությամբ՝ որպես ապագա իրավաբան: Համալսարանում մասնակցում էի ինտելեկտուալ խաղերի, զբաղեցնում մրցանակային տեղեր: Դպրոցական տարիներին էլ օլիմպիադաների եմ մասնակցել, ղեկավարել աշակերտական խորհուրդը: Դեռ մանկուց փորձել եմ համատեղել ուսումն ու աշխատանքը:
Երևի պատկերացնում եք, թե իմ ապագան ինչ լուսավոր էի պատկերացնում, բայց կան ճակատագրական պահեր, որոնք անդառնալի են, դաժան …
Փորձություններ շատ են եղել իմ կյանքում, սակայն միշտ եղել եմ հավասարակշռված, խաղաղասեր: Փորձել եմ կոնֆլիկտները լուծել դիմացինին հասկանալու ու վեճերից խուսափելու միջոցով։ Այնինչ ճակատագրից չես փախչի …
Տարիներ շարունակ ես և մայրս ընտանեկան բռնության մեջ ենք ապրել: Այդ օրը ես անկարող էի այլևս… Ո՛չ խաղաղասիրությունս, ո՛չ էլ հանդարտացնելու փորձերս չօգնեցին… Կատարվեց այն, ինչ կատարվեց… Հայրս այլևս չկա …
Ես, լինելով ապագա իրավաբան, հայտնվեցի բարիկադի հակառակ կողմում՝ բանտում, որի մասին միայն լսել էի։ Եվ արդեն շուրջ 3 տարի է, ինչ դատապարտված եմ ազատազրկման:
Դե պատկերացրեք. դաժան իրականություն, նոր կյանք, կիսատ թողած նպատակներ… Սակայն ես իմ տեսակով անկոտրուն եմ, պայքարող: Կյանքի փորձից գիտեմ՝ եթե ուղղակի ժամանակ կորցնեմ, ոչ մի արդյունքի չեմ հասնի:
Եվ որոշեցի կյանքից բողոքելու փոխարեն ինքնակատարելագործվել, շարունակել կրթությունս, նոր մասնագիտություն ձեռք բերել՝ ապացուցելու համար ինքս ինձ, ապա նաև՝ հասարակությանը, որ անկախ ամեն ինչից, ես ներքուստ մնացել եմ նույն մարդկային ու հասարակությանը պիտանի արժեքներ կրող մարդը:
Այստեղ կյանքն ուրիշ է, շատ է տարբերվում դրսի կյանքից: Բայց եթե ծանոթ ես մարդկային տարբեր հոգեբանություններին, կարող ես ինչ-որ ձևով հարմարվել, նույնիսկ ընկերներ ձեռք բերել, որոնք կիսում են քո մտքերը, փոքր-ինչ մոտ են քո աշխարհին կամ կատարել են նույն հանցանքը, ինչ դու, ու քեզ լավ են հասկանում…
Այստեղ շատերն ընկերներ ունեն: Հատկապես կիսափակ և կիսաբաց ռեժիմներում, որտեղ մարդիկ ժամանակի մեծ մասը խցերից դուրս են անցկացնում, շատ են շփվում միմյանց հետ: Հետաքրքիրն այն է, որ այստեղ ընկերանալու ձևերը մի փոքր այլ են: Օրինակ, ավելի շուտ են ընկերանում այն դեպքում, երբ նույն բնակավայրից են, նույն հանցագործությունն են կատարել, նույն հոդվածով են դատվել …
Բանտային միջավայրին ամեն մեկը յուրովի է հարմարվում: Միայն թե նկատել եմ, որ փոքր պատժաչափ ունեցողները չեն ուզում ընտելանալ բանտին, մի ոտքով դրսում են…
Արտաքին աշխարհի հետ կապերս պահում եմ: Բարեկամներից քիչ մարդու հետ եմ շփվում: Հիմնականում ընկերներիս, ընտանիքիս ու մորական կողմի բարեկամներիս հետ եմ շփվում: Ընկերներս են գալիս տեսակցության, ինձ համար հանձնուքներ են ուղարկում, տնեցիներից իմ մասին են հետաքրքրվում:
Մինչ ազատազրկվելս աշխատում էի և կարողանում էի ընտանիքիս ամեն ինչով ապահովել: Հիմա, երբ այստեղ եմ, սիրտս հանգիստ է, քանի որ մայրս ֆինանսապես ապահովված է: Եղբայրս աշխատում է, ընկերներս նույնպես օգնում են: Ես էլ եմ ժամանակ առ ժամանակ օգնում: Ստեղծագործական աշխատանքով եմ զբաղվում և իրերի վաճառքից ստացված գումարն ուղարկում ընտանիքիս։
Բանտում փորձում եմ առօրյաս բազմազբաղ անցկացնել և ազատ ժամանակս ճիշտ տնօրինել։ Գիտակցելով, որ կրթությունն է ամենամեծ զենքը, ես նույնիսկ այստեղ շարունակում եմ կրթվել։ Հիմնական մասնագիտությունս՝ իրավաբանություն, շարունակում եմ ուսանել իմ և ընտանիքիս միջոցներով, հեռավար կարգով: Նաև հիմնարկի կազմակերպած դասընթացներին եմ մասնակցում՝ վիտրաժ, ծրագրավորում, ռոբոտաշինություն:
Ի՞նչ եմ սովորել այստեղ…Վստահ եղեք, վատը չեմ դարձել…Այո՛, ձեռք եմ բերել նոր հատկանիշներ: Մարդկանց հանդեպ ավելի զգուշավոր եմ դարձել: Դարձել եմ ավելի համառ, պայքարող, չկոտրվող, չնահանջող, իրավագիտակ… Հետագա քայլերս ավելի զգուշորեն եմ պլանավորում:
Հասկացել եմ, որ շատ մեծ ցանկության և աշխատասիրության դեպքում իմ ուզածին կկարողանամ հասնել: Այդպես, քայլ առ քայլ, ավելի հաստատակամ եմ դարձել: Եվ փորձելու եմ էլի՛ ու էլի՛, մինչև կյանքից չստանամ իմ երազած ապագան։ Ինքնակատարելագործվելու եմ, չեմ կորցնելու մարդկային լավ հատկանիշներս, ընտանիք եմ ստեղծելու՝ հիմնված սիրո, հավատարմության, համերաշխության, միմյանց լսելու, հասկանալու ու նեցուկ լինելու, միմյանց հետ խորհրդակցելու հատկանիշների վրա։
Ես ապացույցն ու օրինակն եմ լինելու այն բանի, որ մարդը կարող է չկորցնել իր արժանիքները, կարող է ինքնակրթվել, զարգանալ, ապագա կերտել՝ նույնիսկ բանտի ներսից: Այնպես եմ անելու, որ ազատվելուց հետո չպիտակավորվեմ, այլ դառնամ հասարակությանը պիտանի, օրինակելի քաղաքացի, լավ մասնագետ ու լավ մարդ՝ հարգանքի արժանի…
Թե ինչպիսին է այժմ կարգավիճակս, ու ինչ պայմաններում է անցնում օրս, դա ժամանակավոր է: Պետք է առաջ նայել, փորձել էլի ու էլի պայքարել։
Հավատացե՛ք, սխալներ միշտ եղել են ու կան բոլորիս կյանքում։ Պարզապես պետք է ամեն ինչում գտնել բարին, լավը, լուսավորը…
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ
Դատապարտյալ
Օգոստոսի 23, 2021թ.