Բարև՛, ես կալանավորված եմ շուրջ տասը ամիս՝ խստորեն զրկված ցանկացած զանգի և տեսակցության հնարավորությունից: Կալանավորման ողջ ընթացքում երկու անգամ եմ տեսակցել, այն էլ՝ միայն փաստաբանի հետ:
Կյանքն այստեղ շատ դաժան է… Չեմ հասկանում քննությունն իրականացնող մարմնի անմարդկային վերաբերմունքը: Նա իրեն իրավունք է վերապահում խոչընդոտել երեքուկես տարեկան երեխայիս հետ շփմանը և փաստաբանիս զանգելուն, ով ինձ արտաքին աշխարհին կապող և խնդիրներին լուծում տվող միակ անձն է։
Չկա հաղորդակցություն, կա դաժան իրականություն։ Արդյունքում ինձ մնում են միանման ու անվերջանալի ամիսներ, հարկադրված սպասողական վիճակ, երկու ամիսը մեկ հանդիպում դատարանի դահլիճում, կալանքն անհիմն երկարացնելու միջնորդություն և այլն… Այս շարքն անվերջանալի է, իսկ հույսը, որ որևէ լուծում կտրվի այս ամենին, գնալով մարում է, որովհետև դատավորները տեղում են ծանոթանում գործին, այն էլ միայն քննիչի կողմից ներկայացվող դրույթներին։ Նրանք հարկ չեն համարում լսել և ընկալել գործի էությունը կալանավորի տեսանկյունից, այլ լսում են տեղեկատվական տեխնոլոգիաներից մեկ դար ուշացած անձանց, ովքեր ծաղրում և չեն ուզում ջանք գործադրել իրական փաստերն ու ապացույցները պարզելու ու ուսումնասիրելու համար։
Ստիպված եմ համակերպվել այն խայտառակ իրականության հետ, որ գործով վկա իրավապահ մարմինը տալիս է երկու՝ իրար հակասող ցուցմունք, իսկ փորձաքննության արդյունքներն ինն ամիս շարունակ չեն ստացվում…
Հասկանում եմ, որ ես միայն ինձ ունեմ և պետք է փորձեմ ինչ-որ բան անել։
Այս հարցերի լուծման ակնկալիքով դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին և մի քանի օտար լեզուներով էլ ցանկանում եմ դիմել միջազգային կառույցներին, սակայն քննչական մարմինը մեծ խոչընդոտ է հանդիսանում։
Այսինքն մենք ունենք անձանց մի մեծ օղակ, ովքեր պետական բյուջեն օգտագործում են իրենց հայեցողությամբ՝ հաշվի չառնելով անձի անմեղության կանխավարկածը։ Այս ամենի արդյունքում քեզ բաժին են հասնում ծանր հետևանքներ, նոր դաժան կյանք, ֆիզիկական ու հոգեբանական խնդիրներ։
Երկարատև կալանքի պատճառով կորցնում ես կապն ընտանիքիդ ու բարեկամներիդ հետ, իսկ անչափահաս երեխադ, իր համար անհասկանալի պատճառով, զրկվում է ծնողի հետ շփումից, կորցնում հույսը, իրեն զգում լքված ու անտեսված։ Արդյունքում կյանքեր են խեղաթյուրվում։
Այս ամենի շուրջ մտածմունքները, ճնշումը և քո ներքին պայքարը քեզ հանգիստ չեն տալիս և ոչ մի վայրկյան, կորցնում ես քունդ ու դադարդ։
Ասեմ, որ քրեակատարողական հիմնարկում բնակվելու և կանոններին հետևելու հետ կապված խնդիրներ չեն առաջանում, քանի որ աշխատակազմը միշտ ցուցաբերում է հարգալից ու համբերատար վերաբերմունք ցանկացած կալանավորի նկատմամբ։ Սակայն նույնը չեմ կարող ասել տարածքի պայմանների մասին։ Այս պայմաններին անհնար է հարմարվել, միայն պետք է դիմանալ…
Չեմ կարող խոսել բոլոր կալանավորների կամ դատապարտյալների անունից, քանի որ հանդիպել եմ տարբեր սոցիալական խմբերի և մասնագիտությունների տեր անձանց, ովքեր ունեն տարբեր ընկալումներ։
Սակայն իմ կողմից կփաստեմ, որ երկարաժամկետ կալանքի ընթացքում կապի միջոցի բացակայությունը ոչ թե պատժի միջոց է, որ հետագայում ուղղվես և կյանքդ վերաիմաստավորես, այլ նոր խնդիրների առաջացման աղբյուր է, որ քեզ թողնում է մոլորության մեջ՝ հնարավորություն չտալով փոքր-ինչ շտկել ազատազրկման հետևանքով առաջացած մեծ խնդիրները։
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Կալանավորված կին
Սեպտեմբերի 14, 2021թ.